կարևոր
2881 դիտում, 11 ամիս առաջ - 2023-04-25 11:07
Քաղաքական

Հայոց ցեղասպանության թուրքական քաղաքականության Ծրագիրը, փուլերը, մեխանիզմներն ու հետևանքները

Հայոց ցեղասպանության թուրքական քաղաքականության Ծրագիրը, փուլերը, մեխանիզմներն ու հետևանքները

Օսմանյան կայսրությունում հայերին բնաջնջելու ծրագիրն առաջին անգամ քննարկվել է 1911 թ. սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 9-ը տեղի ունեցած «Միություն և առաջադիմություն» կուսակցության 4-րդ համագումարի նիստերի ընթացքում: Համագումարի փակ նիստում հավանության է արժանացել Օսմանյան կայսրության ոչ թուրք ժողովուրդների, առաջին հերթին հայերի և հույների բռնի թուրքացման ծրագիրը, որով ի թիվս այլ միջոցների՝ նախատեսվում էր նաև այդ բնակչության տեղահանությունը և ոչնչացումը ճանապարհին կամ վերաբնակեցման վայրերում:

Առաջին աշխարհամարտը սկսվելուց հետո, 1915 թ. հունվարի կեսերին Թալեաթի նախագահությամբ և երիտթուրք պարագլուխներ Նազըմի, Բեհաեդդին Շաքիրի, Էնվերի, Ջավիդի, Հասան Ֆեհմիի և մյուսների մասնակցությամբ հրավիրվում է գաղտնի խորհրդակցություն, որի ընթացքում վերահաստատվում է հայերին բնաջնջելու՝ իշխող կուսակցության Սալոնիկի ժողովում ընդունված որոշումը, և նախատեսվում են կոնկրետ գործողություններ: Ընդունվում են, այսպես կոչված, «10 պատվիրանները», որոնցով հայերի դեմ նախատեսվում էին հետևյալ գործողությունները՝ բոլոր պետական պաշտոններից նրանց հեռացում, հայկական բոլոր միությունների փակում, բանակում գտնվող բոլոր հայերի ոչնչացում, հայերի մոտ եղած զենքերի բռնագրավում, մինչև 50 տարեկան բոլոր տղամարդկանց, ինչպես նաև հոգևորականների և ուսուցիչների ոչնչացում, աղջիկների և երեխաների կրոնափոխում, հայերին կոտորելու գործում մահմեդական բնակչության ներգրավում, հայերի ընտանիքների փրկված անդամների տեղահանում: Սույն հրահանգները պետք է պահվեին հույժ գաղտնի, իսկ նշված գործողություններն ամենուրեք պետք է սկսվեին միաժամանակ՝ հայերին որևէ կերպ պաշտպանվելու կամ դիմադրելու հնարավորություն չընձեռելով:

Իրեն հասանելի դարձած թուրքական արխիվային վավերագրերից թուրք պատմաբան Աքչամը փորձել է առանձնացնել ոչ մահմեդական բնակչության, առաջին հերթին հայերի զանգվածային տեղահանության հետևյալ պատճառները՝ սպառնալիքի զգացում, ռազմական պատճառներ, քաղաքական մտահոգություններ, մահմեդական գաղթականների վերաբնակեցում և այլն: Դժվար չէ նկատել, որ թվարկված «պատճառներն» իրականում թուրքական իշխանությունների հանցավոր գործողությունները «հիմնավորող» արդարացումներ են: Կայսրության տեղաբնիկ ժողովուրդներին, առաջին հերթին հայերին իրենց բնակավայրերից բռնի տեղահանելով ու հետագայում բնաջնջելով՝ թուրքական իշխանություններն նախևառաջ առաջնորդվում էին Արևմտյան Հայաստանը հայաթափելու և այդ կերպ տեղաբնիկ ժողովրդի հայրենիքին վերջնականապես տիրանալու շարժառիթով: Աքչամի կողմից մատնանշած «պատճառներն» ընդամենը մասնավոր դեպքեր են, որոնք որևէ կերպ չեն կարող համեմատվել կամ նույն հարթության վրա դրվել թուրքական իշխանությունների կողմից Հայոց ցեղասպանության գլխավոր ու հիմնական պատճառների հետ, որպիսիք են պանթուրքիզմի գաղափարախոսության կենսագործումն ու Արևմտյան Հայաստանը հայաթափելու միջոցով հայերի հայրենիքին վերջնականապես տիրանալու մղումը: Այս առումով պատահական չէ, որ հայերի զանգվածային բնաջնջմանը զուգահեռ թուրքական իշխանությունները նախաձեռնել էին Արևմտյան Հայաստանի տեղանունների թուրքացման գործընթաց, ինչը լրացուցիչ կերպով փաստում է այն իրողությունը, որ ցեղասպանության գլխավոր նպատակը և շարժառիթը հայերի հայրենիքին՝ Արևմտյան Հայաստանին, վերջնականապես տիրանալն էր: Այսպես՝ 1916 թ. հունվարի 5-ին կառավարության նոր կանոնագրքի 1-ին հոդվածում նշվում է, որ որոշվել է օսմանյան տիրապետության տակ գտնվող ոչ իսլամական՝ հայկական, հունական և բուլղարական անուններ ունեցող բոլոր նահանգների, գավառների, գյուղերի, լեռների, գետերի և այլ վայրերի անունները փոխել թուրքականի:

Առաջին աշխարհամարտի սկսվելուն պես թուրքական իշխանություններն անցան հայերի ցեղասպանության նախապես ծրագրված հանցավոր քաղաքականության իրականացմանը: Առաջին հերթին իշխանությունները գործուն քայլեր ձեռնարկեցին հայերին արտաքին աշխարհից կտրելու ուղղությամբ:

Արդեն 1914 թ. օգոստոսի 28-ին Սամսունի գավառապետին ուղղված գաղտնի հեռագրով կարգադրվում է պատրաստ լինել Սև ծովի առափնյա շրջաններից կանանց և երեխաներին երկրի խորքերը տեղահանելուն և հանձնարարվում է նախապատրաստական աշխատանքներ կատարել, որպեսզի դա հուզումների հնարավորություններ չստեղծի: Բնականաբար, խոսքը ոչ թե մահմեդական, այլ քրիստոնյա հույն և հայ կանանց ու երեխաների տեղահանման մասին էր, ինչը, թուրքական իշխանությունների կարծիքով, կարող էր հուզումներ առաջացնել:

1914 թ. հոկտեմբերից հայկական պատրիարքարանի, ինչպես նաև հայ հասարակական-քաղաքական գործիչների ու մտավորականների նկատմամբ արդեն իսկ խիստ հսկողություն էր սահմանվել: Ներքին գործերի նախարարությունը հետևում էր նաև հայերի և հույների նախապատերազմական շրջանի տեղաշարժերին: Իշխանությունները հրահանգել էին փակել կայսրության արևելյան նահանգներում մեծաթիվ այն բոլոր օտար հաստատությունները, որոնք շփումների մեջ էին հայերի հետ կամ զբաղվում էին հայերի կրթությամբ: Առաջնահերթ փակման ենթակա էին օտարերկրյա միսիոներական և բարեգործական կազմակերպությունները: Ներքին գործերի նախարարության 1914 թ. նոյեմբերի 17-ի գաղտնի հեռագրով անգամ կարգադրվել էր Վանի հայկական դպրոցից առգրավել ռադիոհաղորդիչ հեռագրական սարքը, որպեսզի հայերը զրկված լինեն միմյանց, ինչպես նաև արտասահմանի հետ հաղորդակցվելու հնարավորությունից:

1914 թ. դեկտեմբերի 27-ին Թալեաթը Էրզրումի, Վանի և Բիթլիսի նահանգապետերին կարգադրում է աշխատանքից ազատել այնտեղ պետական պաշտոններում աշխատող բոլոր հայ գործիչներին՝ ստիպելով նրանց հրաժարական տալ, առգրավել նրանց բոլոր փաստաթղթերը և ուղարկել հեռավոր վայրեր: Այս որոշման իմաստն այն էր, որ տեղի հայ պաշտոնյաները հնարավորություն չունենային իրենց ազգակիցներին տեղեկացնելու սպասվող արհավիրքի մասին և որևէ կերպ չխոչընդոտէին հայության բնաջնջման ծրագրի իրականացմանը:

Բերված փաստերը վկայում են, որ երիտթուրք պարագլուխները վաղուց կողմնորոշված էին հայերի նկատմամբ իրենց քաղաքականության հարցում և պատերազմի մեջ մտնելու նախօրյակին նախապատրաստական վերջին աշխատանքներն էին կատարել՝ պատերազմի ընթացքում հայերին բնաջնջելու բուն ծրագրի կենսագործմանն անցնելու համար: Այս լույսի ներքո տարակուսելի է Հայոց ցեղասպանությունը ճանաչող ու դատապարտող Աքչամի այն մեկնաբանությունը, թե տվյալ փուլում «․․․երիտթուրք ղեկավարներն արդեն գտնվում էին օսմանյան հայերի նկատմամբ ներկա և ապագա քաղաքականությունը որոշելու գործընթացում»: Աքչամը գրում է, որ ինչպես Հոլոքոստի, այնպես էլ Հայոց ցեղասպանության պարագայում այդ հանցավոր քաղաքականությունը սկսելու համար եղել է ոչ թե մեկ «վերջնական որոշում», այլ այն հետզհետե ավելի արմատական դարձրած մի շարք որոշումներ, այսինքն՝ դրանց ընդունելու գործընթացի հետևանք է եղել: Հայոց ցեղասպանության շարժառիթի շարունակական կամ դիպվածային լինելու մասին արհեստական քննարկում առաջ բերելով՝ Աքչամն, ի վերջո, հակվում է շարունակականության գաղափարին՝ կրկնելով անվանի հայ մասնագետ Վ. Դադրյանի այն մոտեցումը, որ սկզբում կայացվել է 1910 թ., իսկ այնուհետև՝ 1913 թ. «Միություն և առաջադիմություն» կուսակցության համագումարների որոշումը:

Հայերի զանգվածային բնաջնջումը դյուրացնելու նպատակով օսմանյան բանակ զորակոչվելու պատրվակով մեկուսացվեց, ապա ոչնչացվեց հայ տղամարդկանց մեծ մասը: Սկզբնական շրջանում օսմանյան բանակ զորակոչվեցին 18-45 տարեկան ավելի քան 60 հազար հայեր: Պատերազմի առաջին ամիսներին նրանք տարբեր ռազմաճակատներում մասնակցեցին մարտական գործողություններին և անգամ արժանացան թուրքական հրամանատարության դրվատանքին։ Նույնիսկ շնորհակալական հեռագիր է հղվում Վանի նահանգապետ Ջևդեթ բեյին նահանգից զորակոչված հայերի սխրագործությունների համար: Չնայած այդ ամենին՝ թուրքական գլխավոր հրամանատարության 1915 թ. փետրվարի 25-ի հրամանով արգելվում է հայ զինծառայողներին նշանակել հրամանատարական պաշտոններում, ինչը հիմք է դառնում նաև օսմանյան բանակում ծառայող հայ զինվորների զինաթափման համար: ԱՄՆ-ի դեսպան Հենրի Մորգենթաուն նույնպես հաստատում է, որ հայ զինվորների զինաթափումը սկսվել է 1915 թ. սկզբներին: Զինաթափված հայ զինվորներից կազմում են բանվորական գումարտակներ՝ ստիպելով ծանր, անմարդկային պայմաններում բեռներ տեղափոխել, ճանապարհներ և կամուրջներ կառուցել, խրամատներ փորել և այլն: Բոլոր գավառներից լուրեր էին ստացվում այն մասին, որ բանվորական գումարտակներում հարկադիր աշխատանք կատարող հայ տղամարդիկ սպանվում էին մահմեդական զինակիցների կողմից: Սպաների հրամանով զինվորները և զինվորական ժանդարմները հայ տղամարդկանց 80-100 մարդուց բաղկացած խմբերով հեռացնում էին խուլ վայրեր և գնդակահարում:

Մեծ եղեռնի առաջին փուլում հայ տղամարդկանց օսմանյան բանակ զորակոչելով ու ոչնչացնելով՝ երիտթուրքական իշխանություններն այդպիսով փորձում էին հայերին զրկել ինքնապաշտպանվելու ուժից ու հնարավորությունից, որպեսզի ավելի հեշտությամբ իրականացնեն հայկական բնակավայրերում անպաշտպան մնացած բնակչության տեղահանությունն ու բնաջնջումը: Սակայն պետք է նշել, որ հայերին, այդուհանդերձ, հաջողվեց դիմել ինքնապաշտպանության այն բնակավայրերում, որոնց բնակչությունը, կանխազգալով հայ տղամարդկանց օսմանյան բանակ տանելու` իշխանությունների իրական նպատակների մասին, հրաժարվեց զորակոչվել:

Հաջորդ փուլում երիտթուրքական իշխանությունները սկսում են հայ հասարակական, քաղաքական և կրոնական գործիչների ձերբակալությունները: Դեռ 1914 թ. նոյեմբերի 4-ին ներքին գործերի նախարարությունն ու բանտերի գլխավոր վարչությունը բոլոր նահանգներ ընդհանուր կարգադրություն էր ուղարկել՝ հրահանգելով համաներում հայտարարել և բանտերից ու կալանավայրերից ազատել դատապարտյալներին: Այդ օրենքի հիման վրա բանակ ուղարկելու պատրվակով, օրինակ, բանտից ազատվեցին Ռուբեն Սևակի և նրա ուղեկիցների սպանությունը կազմակերպելու և իրականացնելու համար ազատազրկված քուրդ ցեղապետ Ալոն և երիտթուրքական կուսակցության պատասխանատու քարտուղար Ջեմալ Օղուզը*:

Ժամանակավոր օրենքի ընդունման իմաստն այն էր, որ նախ նախկին հանցագործներն իրենց ազատվելու դիմաց հայերին բնաջնջելու գործում պետք է ծառայություն մատուցեին իշխանություններին, բացի այդ՝ բանտերն ու կալանավայրերը ազատվում էին՝ դրանք ազդեցիկ հայ գործիչներով լցնելու նպատակով: Ժամանակավոր օրենքի կիրառությունը զգացվեց ամիսներ անց, երբ 1915 թ. ապրիլի 23-24-ին Կ. Պոլսում երևելի հայերին ձերբակալելուց և Այաշ ու Չանքիրի աքսորելուց հետո հրահանգվեց ոչնչացնել նրանց աքսորի ճանապարհին: Ապրիլի 24-ին և հաջորդ մի քանի օրերին Կ. Պոլսում և հայաբնակ այլ բնակավայրերում վաղօրոք կազմված ցուցակների համաձայն՝ ոստիկանությունը ձերբակալեց 800-ից ավելի, իսկ թուրքական աղբյուրի համաձայն` 2.345 երևելի հայերի: Նրանց թվում էին օսմանյան խորհրդարանի պատգամավորներ Գրիգոր Զոհրապը, Վարդգես Սերենկյուլյանը, Արշակ Վռամյանը, բանաստեղծներ Սիամանթոն (Ատոմ Յարճանյան), Դանիել Վարուժանը, Ռուբեն Սևակը (Չիլինկիրյան), Արտաշես Հարությունյանը, գրողներ, հրապարակախոսներ և լրագրողներ Երուխանը (Երվանդ Սրմաքեշխանլյան), Ռուբեն Զարդարյանը, Սմբատ Բյուրատը,
Թլկատինցին (Հովհաննես Հարությունյան), Գեղամ Բարսեղյանը, երգահան Կոմիտասը (Սողոմոն Սողոմոնյան), դերասան Ենովք Շահենը, նկարիչ Հրանտ Աստվածատրյանը, բժիշկ Նազարեթ Տաղավարյանը, գիտնականներ Տիրան Քելեքյանը, Գագիկ Օզանյանը և շատ ու շատ ուրիշներ: Մայրաքաղաքից աքսորված հայ մտավորականների մեծամասնությունը դաժանորեն սպանվում է տարագրության ճանապարհին: Աքսորվածներից քչերին հաջողվեց փրկվել, նրանցից էին նկարիչ Արամ Անտոնյանը, հրատարակիչ Թեոդիկը, երգիծաբան Երվանդ Օտյանը և ուրիշներ: Նշանավոր երգահան Կոմիտասը բռնագաղթի ժամանակ ականատես լինելով հայության դժոխային տառապանքներին՝ կորցրեց բանականությունը:

Մեծ եղեռնի երկրորդ փուլում հայ մտավորականներին ձերբակալելու ու ոչնչացնելու միջոցով երիտթուրքական իշխանությունները հայերին զրկեցին ազգային ընտրանուց՝ վախենալով, որ վերջինս կարող է ձախողել հայերին բնաջնջելու կառավարության հանցավոր ծրագիրը:

Հայ բնակչության առաջին տեղահանությունները սկսվեցին 1915 թ. փետրվարին Դյորթյոլից, ինչից հետո մարտի 26-ից փուլ առ փուլ սկսվում է Զեյթունի և համանուն գավառակի հայության բռնագաղթը, ինչի հետևանքով ավելի քան 30 հազար հայ տարագրվեց:

Ամբողջ կայսրությունով արդեն իսկ ընթացող հայերի զանգվածային տեղահանություններին ու կոտորածներին «օրինական» տեսք տալու նպատակով ներքին գործերի նախարար Թալեաթ փաշայի նախաձեռնությամբ երիտթուրքերի կառավարությունը 1915 թ. մայիսի 30-ին ընդունեց «Տեղահանության մասին» ժամանակավոր օրենքը:

Հալեպի և Ուրֆայի հայերի տեղահանությունը դեռ չէր էլ սկսվել, բայց 1915 թ. հունիսի 22-ին մայրաքաղաքից Դամասկոս հեռագիր է ուղարկվում՝ իրազեկելով, որ նահանգում գտնվող մահմեդական գաղթականները պետք է վերաբնակեցվեն Հալեպի, Ադանայի և Ուրֆայի շրջակա բնակավայրերում, որպեսզի անհրաժեշտություն չլինի պետության միջոցներով նրանց համար տներ կառուցելու: Ինքնին հասկանալի է, որ գաղթական մահմեդականները վերաբնակեցվելու էին ոչ թե տեղի մահմեդականների, այլ քրիստոնյաների, առաջին հերթին՝ հայերի տներում, ինչը նշանակում էր, որ նրանց ճակատագիրն արդեն իսկ կանխորոշված էր:

Ասվածը հաստատվում է մայրաքաղաքից ավելի ուշ Ադանա ուղարկված մեկ այլ հեռագրով, որով պահանջվում էր տեղեկություններ տրամադրել հայերից ազատված բնակավայրերի, ինչպես նաև մինչև տեղահանությունն այնտեղ ապրած հայերի թվաքանակի վերաբերյալ՝ նույն քանակի մահմեդական գաղթականներ նույն տեղն ուղարկելու նպատակով:
Տվյալների ճշտմանն ի հետևանք՝ ներքին գործերի նախարարությունը 1915 թ. հունիսի 30-ի ծածկագիր հեռագրով Կոնիայի նահանգապետին հրահանգում է 64 ալբանացի և 181 բոսնիացի ընտանիքներ վերաբնակեցնել Դիարբեքիրի և Սեբաստիայի հայերի լքված գյուղերում, 78 թուրք ընտանիք էլ ուղարկել Ադանայի նահանգ: Այսպիսով՝ մահմեդական գաղթականների նյութական կարիքները թուրքական իշխանությունները փորձում էին հոգալ հայերի բռնի տեղահանությունից հետո լքված գույքի, պարենամթերքի, հագուստեղենի և այլ ունեցվածքի հաշվին: 1915 թ. մինչև 1916 թ. փետրվար ռուսական բանակի առաջխաղացման ընթացքում կայսրության տարբեր տարածքներից փախել էր 702.900 մահմեդական, որոնց թուրքական իշխանությունները վերաբնակեցնում էին բռնի տեղահանության հետևանքով դատարկված Արևմտյան Հայաստանի կամ կայսրության հայաբնակ տարածքներում:

Հարազատ բնակավայրից մի քանի կիլոմետր հեռանալուց հետո հայերի մոտ եղած թանկարժեք իրերն ու դրամն անմիջապես կողոպտվում էր քարավանն ուղեկցող ժանդարմների կողմից: Հայերի տների, խանութների, արհեստանոցների շարժական գույքն էլ նրանց հեռանալուց հետո թալանվում էր տեղի մահմեդական բնակչության կողմից, իսկ անշարժ գույքը, ինչն իբրև ի պահ էր հանձնվում իշխանություններին, գործնականում բռնազավթվում էր թուրքական պետության կողմից:
Իրենց հայրենի բնակավայրերից տեղահանվող հայերի քարավանների տեղափոխման կազմակերպումը դրված էր ժանդարմերիայի տեղի ստորաբաժանումների վրա, որոնք տվյալ նահանգի սահմանին փոխանցում էին մյուս նահանգի պահակախմբին: Հայ աքսորականների քարավանների տեղահանության երթուղիներն ընտրված էին այնպես, որ նրանք անցնեին թշնամաբար տրամադրված մահմեդականներով բնակեցված բնակավայրերով: Հենց այդ բնակավայրերի մոտ էլ գիշերային կանգառներ էին արվում, ինչից հետո մահմեդականներին հարձակման ազդանշան էր տրվում, որոնք հարձակվում էին հայերի վրա՝ նրանց ենթարկելով սպանդի, բռնությունների ու թալանի: Հայերի քարավաններն ուղեկցող և նրանց անվտանգությունն իբր թե ապահովող ժանդարմները լավագույն դեպքում հանգիստ հետևում էին, իսկ երբեմն էլ միանում էին հարձակվողներին, քանզի նրանց առջև իրականում խնդիր էր դրված ոչ թե պաշտպանել, այլ ոչնչացնել տեղահանվողներին:

Տեղահանության գործընթացն ամբողջությամբ վերահսկվում էր ներքին գործերի նախարարության կողմից, որը տեղական իշխանության մարմիններից պարբերաբար տեղեկություններ էր պահանջում և ստանում հայերի քարավանների տեղաշարժերի, նրանց քանակի և բնակավայրերում դեռևս մնացած հայերի թվաքանակի մասին: 1915 թ. հուլիսի 20-ի հեռագրով Թալեաթը նահանգապետերին և գավառապետերին կարգադրում է մեկ ամսվա ընթացքում ամբողջական և մանրամասն քարտեզ պատրաստել, որում պետք է զետեղված լինեին կայսրության տարբեր վարչական միավորներում բնակվող ազգությունների տվյալները՝ նախկին և ներկա թվաքանակի համամասնությամբ: Այս կերպ Թալեաթը, թերևս, ցանկանում էր ստացված տվյալների համադրության միջոցով հասկանալ կայսրության տարբեր նահանգներում ոչ մահմեդականների և առաջին հերթին հայերի տեղահանության և բնաջնջման քաղաքականության ընթացքը: Դեռևս չտեղահանված հայերին դասակարգում էին ըստ հետևյալ խմբերի՝
ա) կաթոլիկ կամ բողոքական հայեր,
բ) զինվորի ընտանիքի անդամ,
գ) իսլամ ընդունած հայեր,
դ) հատուկ կարգադրություններով չտեղահանվածներ:

Նախարարությունը նահանգապետերից պահանջում էր հստակ թվային հաշվետվություն ներկայացնել, թե նշված խմբերից յուրաքանչյուրում որքան է դեռևս չտեղահանված հայերի թիվը:

1916 թ. ապրիլին նախարարությունը ճշգրիտ տեղեկություններ էր պահանջում ոչ միայն դեռևս չտեղահանված, այլև տեղահանության հետևանքով այլ նահանգներից ժամանակավոր եկած հայերի թվաքանակի վերաբերյալ: Ստացված տվյալների հիման վրա հայերի զանգվածային տեղահանության պետական քաղաքականությունը որոշակի փոփոխությունների էր ենթարկվում: Հայերի քարավանների ճանապարհին բոլոր կանգառները* իշխանությունների ուշադրության կենտրոնում էին, որպեսզի նրանցից ոչ ոք միջանկյալ կանգառներում մնալու հնարավորություն չունենար և տեղահանվողները հասցվեին մինչև վերջին կայանը՝ Սիրիայի և Միջագետքի անապատները:

Թուրքական իշխանությունների համար խիստ անցանկալի էր հայերի «մահվան քարավանների» միմյանց հանդիպելու հնարավորությունը, ինչը կարող էր անկառավարելի դարձնել տեղահանության հետագա ընթացքը, այդ իսկ պատճառով նրանց տեղահանության երթուղիները երբեմն փոխվում էին: Կանգառներում և բաշխման ժամանակավոր կանգառներում կացարանների և սննդի բացակայությունը, բնակլիմայական դաժան պայմանները, ինչպես նաև համաճարակները հանգեցնում էին բռնի տեղահանվածների զանգվածային մահացությունների:

Օսմանյան արխիվային փաստաթղթերով հաստատվում է Թալեաթի կողմից նահանգապետերին տրված այն հրամանի իսկությունը, որով կարգադրվում էր անհապաղ ճանապարհներից հեռացնել տեղահանության ընթացքում մահացած և սպանված հայերի դիակները և զգուշացվում էր, որ չկատարողները խստագույնս կպատժվեն: Այս կերպ թուրքական իշխանությունները փորձում էին թաքցնել կատարված զանգվածային հանցագործությունների հետքերը:

Հատկանշական է, որ Սիրիայի և Միջագետքի անապատներում վերաբնակեցված հայերին բնաջնջելու երկրորդ ալիքն իրականացնելու Թալեաթի որոշումը նույնիսկ վերաճեց տեղական իշխանությունների և 6-րդ բանակի հրամանատարության դիմակայության: Բանն այն է, որ թուրքական 6-րդ բանակը պատրաստվում էր կասեցնել անգլիացիների առաջխաղացումը Միջագետքում և այդ նպատակով ինժեներական աշխատանքներում փորձում էր ներգրավել Դեր Զորում գտնվող մոտ 600 հայ տղամարդկանց, սակայն պարզվեց, որ նրանցից շատերը նահանգապետ Սալիհ Զեքիի հրամանով արդեն ձերբակալվել, տեղահանվել, և ոմանք նույնիսկ սպանվել էին, ինչն արժանացավ ռազմական հրամանատարության լուրջ դժգոհությանը: Քաղաքացիական և զինվորական իշխանությունների միջև այս դիմակայությունը հարթվեց միայն Թալեաթի անձնական միջամտությամբ և որոշվեց, որ Դեր Զորի հայերից բանակի համար արհեստավորներ ընտրելը պետք է համաձայնեցվի տեղական իշխանությունների հետ: Այս փաստը լրացուցիչ ապացույց է այն իրողության, որ հայերի բռնի տեղահանությունները պայմանավորված չեն եղել պատերազմով կամ ռազմական սպառնալիքներով, ինչպես դա փորձում է ներկայացնել թուրքական քարոզչամեքենան:

Որպես հայերի բռնի տեղահանության ու բնաջնջման երկրորդ ալիքն սկսելու գլխավոր շարժառիթ՝ Թ. Աքչամը նշում է ռուսական զորքերի կողմից 1916 թ. փետրվարին Էրզրումի գրավումը: Թուրք պատմաբանի կողմից առաջ է քաշվում այն տեսակետը, որ եթե Օսմանյան կայսրության կողմից պատերազմը տանուլ տրվեր, ապա իրենց բնակավայրեր վերադարձող դեռևս ողջ մնացած հայերը կարող էին Արևմտյան Հայաստանում հայկական ապագա վարչակազմի հիմքը դառնալ, ինչը թուրքական իշխանությունները պարզապես չէին կարող թույլ տալ: Այս պնդումով Աքչամը փաստորեն հերքում է իր կողմից նախապես առաջ քաշված այն վարկածը, թե տեղահանության քաղաքականության միջոցով թուրքական իշխանություններն իբր նպատակ են հետապնդել հայերին տարրալուծել մահմեդական բնակչության մեջ՝ կայսրության տարբեր բնակավայրերում նրանց վերաբնակեցնելով «5-10 %-ի սկզբունքի» համաձայն, ինչն արդեն որևէ վտանգ չէր կարող ներկայացնել: Նման հակասական մոտեցումներով Աքչամը ոչ միայն չի կարողանում հիմնավորել հայերին մահմեդականների շրջանում «5-10 %-ի սկզբունքով» վերաբնակեցնելու թուրքական իշխանությունների «մարդասիրական» մղումները, այլև անուղղակիորեն փաստում է այդ ամենի քարոզչական հնարք լինելու հանգամանքը, որն ընդամենը հայերի զանգվածային բնաջնջման իրական նպատակները քողարկելու միտում ուներ։

Տեղահանության վայրերում հայերի բնաջնջման երկրորդ ալիքից հետո որոշվեց արգելել Սիրիայի և Միջագետքի շրջաններ կառավարության վստահությունը չվայելող օտարերկրացիների և ոչ մահմեդական վաճառականների մուտքը: Այս որոշումն արդեն իսկ վկայում էր այնտեղ տեղակայված հայերին վերջնականապես ոչնչացնելու թուրքական իշխանությունների հանցավոր մտադրության մասին: 1916 թ. հուլիսի 20-ի հեռագրերից մեկում ներքին գործերի նախարարությանը տեղեկացվում է, որ կայսրության արևելյան նահանգներից, այսինքն՝ Արևմտյան Հայաստանից, հայերի տեղահանությունները հիմնականում ավարտված են:

Ներքին գործերի նախարարության շրջանառվող փաստաթղթերից պարզ է դառնում, որ հայերը պետք է վերաբնակեցվեին կամ եղած գյուղերում ու բնակավայրերում, կամ իրենց «վերաբնակեցման» համար նախատեսված ամայի տարածքներում: Կարևոր է նշել, որ թուրքական իշխանությունները հայերի վերաբնակեցման բնակավայրերի միջև նվազագույն հեռավորություն էին սահամանել: Այսպես՝ Բաղդադի երկաթուղու տարածքում հայերով բնակեցվող գյուղերի և նոր հիմնվելիք նրանց բնակավայրերի միջև պետք է պահպանվեր առնվազն 25 կմ հեռավորություն: Նման սահմանափակումների նպատակն այդ տարածքում առանձին հայկական փոքր «կղզյակներ» ստեղծելն էր՝ բացառելով այնտեղ հայկական հոծ բնակչության առաջացման հնարավորությունը:

Զանգվածային տեղահանություններին ու կոտորածներին զուգահեռ ընթանում էր նաև հայերի մահմեդականացման գործընթացը: Հատկանշական է, որ երիտթուրքերը թույլ են տվել հայերին կրոնափոխվել հիմնականում այն վայրերում, որտեղ վերջիններիս տարրալուծումը մահմեդական մեծամասնության մեջ հնարավոր են համարել, իսկ մյուս դեպքերում հրաժարվել են կրոնափոխությունից և դիմել ֆիզիկական ոչնչացման: Աքչամի նման դատողություններից այն թյուր տպավորությունն է ստեղծվում, թե կրոնափոխությունը բնաջնջվելուն այլընտրանք էր, որն իբր հայերին ողջ մնալու հնարավորություն էր ընձեռում: Ակնհայտ է, սակայն, որ իսլամացումն անխուսափելիորեն հանգեցնում էր հայերի ձուլմանը և ազգային ինքնագիտակցության կորստին, ուստի այն ոչ թե բնաջնջման այլընտրանք, այլ դրան զուգահեռ Արևմտյան Հայաստանը հայաթափելու լրացուցիչ միջոց էր: Այս լույսի ներքո տպավորություն ստեղծելը, թե երիտթուրքերն իբր «մարդասիրաբար» հայերին կրոնափոխվելու կամ բնաջնջվելու ընտրության հնարավորություն են տվել, լոկ պատրանք է, քանզի իսլամացված հայերի ֆիզիկապես ողջ մնալու հանգամանքից անկախ, հայ ժողովրդի համար դրա վերջնարդյունքը նույնն էր․ Արևմտյան Հայաստանում հայկական տարրի վերացումը:

Կրոնափոխված հայերին, եթե անգամ չէին տեղահանում, ապա թույլ չէին տալիս մնալ իրենց բնակավայրերում: Սամսունի գավառապետը զեկուցում էր, որ 1915 թ. հունիսի 22-ին հատուկ հրամանի համաձայն՝ կրոնափոխված նախկին քրիստոնյաները վերաբաշխվում էին իրենց բնակավայրի հարևան շրջաններում սահմանափակ թվով, իսկ նրանց տները բնակեցվում էին մահմեդական գաղթականներով: Մահմեդական բնակավայրերում վերաբաշխված հայ բնակչությունը զրկված էր դպրոցներ բացելու հնարավորությունից, որպեսզի երեխաները հարկադրված հաճախեին թուրքական պետական դպրոցներ:

Այս փաստը վկայում է, որ կրոնափոխված հայերի նկատմամբ հստակ վարվում էր ձուլման քաղաքականություն:

1915 թ. հուլիսի 1-ի հեռագրով Թալեաթն հրամայում է կասեցնել հայերի կրոնափոխության գործընթացը, քանի որ իսլամ ընդունելու նրանց ցանկությունը կեղծ էր համարում: Հետևաբար, հավատափոխությունը որպես հայերի բնաջնջման այլընտրանք ներկայացնելու Աքչամի ջանքերը չեզոքացվում են հենց իր իսկ կողմից մեջբերվող ներքին գործերի նախարարության գաղտնի հեռագրերով:

Կրոնափոխության միջոցով հայերի տեղահանության հետաձգումը տեղական թուրք պաշտոնյաների շրջանում դարձել էր կաշառակերությամբ զբաղվելու միջոց, երբ ունևոր հայերից կաշառք ստանալով՝ մահմեդական էին դարձնում վերջիններիս և ընդամենը որոշ ժամանակով հետաձգում նրանց տեղահանությունը: Ակնհայտ է, սակայն, որ կաշառք տալու միջոցները սպառվելուց կամ ներքին գործերի նախարարության ավելի խիստ պահանջից հետո անգամ ունևոր հայերն, ի վերջո, ենթարկվելու էին տեղահանության:

Չորս ամիս անց, կրոնափոխությունը կրկին արտոնելուց հետո թույլտվություններն արդեն անձամբ Թալեաթն էր տալիս՝ տեղահանությունից ազատելով միայն իսլամ ընդունած հայ աղջիկներին, որոնց կարգադրվում էր անմիջապես ամուսնացնել մահմեդականների հետ: Արգելվում էր այն հայ կանանց հավատափոխության ճանաչումը, որոնց ամուսինները դեռևս ողջ էին և ծառայում էին բանակում: Կրոնափոխության մերժման այս հիմնավորումից ենթադրելի է, որ թույլտվությունը կարող էր տրվել միայն նրանց ամուսինների մահվան դեպքում, որպեսզի հնարավորություն ստեղծվեր այդ այրիներին նույնպես ամուսնացնելու մահմեդականների հետ:

Մանկահասակ հայ աղջիկներն ու տղաները մահմեդականացվում էին, այնուհետև տեղավորվում մահմեդական որբանոցներում կամ բաշխվում մահմեդական ընտանիքների վրա, ինչն ամենևին չէր նշանակում, որ մանկահասակ հայ երեխաներն ընդհանրապես չէին ոչնչացվում:

Հայ կանայք և մանկահասակ աղջիկները ենթարկվում էին սեռական բռնությունների, տարածված էր բարձրաստիճան պաշտոնյաներին հայ աղջիկներին որպես «նվեր» մատուցելը։ Նույնիսկ ստեղծվել էին հասարակաց տներ, որտեղ պաշտոնյաներին և զինվորականներին մատուցում էին գեղեցիկ հայ աղջիկներ, ինչի մասին օսմանյան խորհրդարանի 1918 թ. նոյեմբերի 18-ի նիստի ընթացքում բարձրաձայնել է Հալեպից ընտրված հայ պատգամավոր Արթին Պոշկեզենյանը։ Այս փաստերը հնչեցվել են նաև թուրքական ռազմական տրիբունալներում և դրանց հիման վրա որոշ նախկին կուսակցական գործիչների մեղադրանք է ներակայացվել, օրինակ՝ Տրապիզոնի դատավարության ընթացքում նման մեղադրանք ներակայացվեց նահանգապետ Ջեմալ Ազմիին։

Տեղահանվող հայերի քարավանների կայանատեղիները ժանդարմների թողտվությամբ վերածվում էին երեխաներին և հասուն աղջիկներին ստրկության վաճառելու շուկաների՝ միայն մահմեդականներին թույլատրելով գնել նրանց: Հայ որբ երեխաների համար որբանոցներ բացելու գործով զբաղվում էր կրթության նախարարությունը, ինչը վկայում է այն մասին, որ հայերի բնաջնջման ու ձուլման ծրագրված քաղաքականությանն իրենց գործառույթների շրջանակներում մասնակցել են պետական բոլոր կառույցները։

Հատկանշական է, որ ներքին գործերի նախարարության հեռագրերից մեկում ասվում էր, քանի որ հայերի տեղահանությունից հետո նրանց երեխաներն առանց խնամակալի են մնացել, ուստի խնդիր էր դրվում նրանց վերաբաշխել մահմեդական ընտանիքների միջև։ Նման հիմնավորումներն առավել քան խոսուն ձևով վկայում են, որ տեղահանվող հայերի ֆիզիկական ոչնչացումն արդեն իսկ կանխորոշված էր, ուստի հարկավոր էր զբաղվել նրանց որբացած երեխաների հարցերով։

Հայ որբերի ձուլման գործընթացը կազմակերպվել է՝ հաշվի առնելով երեխաների տարիքային խմբերը։ Մահմեդական ընտանիքներում բաշխվել են տարիքով փոքր երեխաները, իսկ մյուսները տեղավորվել են թուրքական պետական որբանոցներում: Նման բաժանումը պայմանավորված էր նրանով, որ մեծահասակ երեխաների մոտ արդեն իսկ ձևավորված էր հայկական ինքնությունը, և մահմեդական ընտանիքները հազիվ թե կարողանային հաղթահարել նրանց ձուլման գործընթացը:

Արգելվում էր մահմեդականների հետ ամուսնացած հայ կանանց կամ որդեգրված հայ երեխաներին քաղաքներ և հատկապես՝ մայրաքաղաք տեղափոխելը՝ մտավախություն ունենալով, որ այնտեղից նրանք կարող էին փախչել, ինչը կարող էր ձախողել ձուլման քաղաքականությունը։

Երրորդ բանակի հրամանատարը հատուկ զգուշացնում էր մահմեդականներին, որ եթե իրենց ընտանիքներում հայտնաբերվեն թաքնված հայեր, չորդեգրված հայ երեխաներ, պաշտոնապես չամուսնացած հայ աղջիկներ կամ կանայք, ապա նրանց թաքցնողները մահապատժի կենթարկվեն։

Այս առումով հարկ է նշել, որ Աքչամն իր դատողություններով հասնում է նրան, որ «բարեգութ» վերաբերմունք է համարում որբացած հայ երեխաներին մահմեդականների կողմից որդեգրելը՝ դա արդարացնելով նաև տնտեսական առումով, քանի որ մահմեդական ընտանիքների կողմից իսլամացված հայ տղաները՝ որպես էժան աշխատուժ, շահագործվում էին գյուղատնտեսական աշխատանքներում: Թուրք պատմաբանը նաև ընդգծում է, որ հայ երեխաներին մահմեդականներին «նվիրելով»՝ իշխանություններն այդ կերպ գնում էին վերջիններիս հավատարմությունը:

ԱՄՆ-ի սենատին գեներալ Ջ. Հարբորդի ներկայացրած զեկույցում հայ որբերի թիվը նշվում է մոտ 50 հազար, ինչը հաստատվում է նաև Ք․ Կարաբեքիրի կողմից, իսկ մահմեդականների գերության մեջ գտնվող որբերի և երիտասարդ հայ կանանց ու աղջիկների թիվը՝ 63․000 մարդ։ Ընդհուպ մինչև 1918 թ. թուրքական իշխանությունները վերահսկում էին կրոնափոխված հայերի զբաղմունքը և տեղաշարժերը: Թեև դաշնակից հաղթանակած տերությունների ճնշման տակ թուրքական նոր կառավարությունը նրանց ազատ արձակելու որոշում կայացրեց, սակայն գործնականում գերեվարված հայ կանանց ու որբերի հայկական միջավայր վերադառնալու հարցում բազում արհեստական խոչընդոտներ էին ստեղծվում:

Հայերի ցեղասպանության քաղաքականության կարևոր բաղադրիչներից էր նրանց անշարժ գույքի և ողջ ունեցվածքի բռնազավթումը, որն իրականացվում էր զանգվածային տեղահանություններին ու կոտորածներին զուգահեռ: «Տեղահանության մասին» ժամանակավոր օրենքից հետո, 1915 թ. հունիսի 10-ին թուրքական իշխանություններն ընդունեցին նաև «Լքյալ գույքի մասին» ժամանակավոր օրենքը, որով տեղահանված հայերի ամբողջ ունեցվածքը համարվում էր «լքյալ» և կալանք էր դրվում դրա վրա: Հայերի ունեցվածքը «լքյալ» որակելը բացարձակ անօրինականություն էր, քանզի նույն «Տեղահանության մասին» օրենքից ելնելով՝ ակնհայտ էր, որ հայերը ոչ թե ինքնակամ, այլ հարկադրաբար էին լքել իրենց բնակավայրերն ու ունեցվածքը: Այսինքն՝ նրանք չէին հրաժարվել դրա նկատմամբ իրենց իրավունքներից, ուստի այդ գույքերի նկատմամբ ցանկացած գործողություն չէր կարող օրինական համարվել, անգամ եթե դա կատարվում էր պետական մարմինների կողմից: Ժամանակավոր օրենքի համաձայն՝ տեղահանված հայերի անշարժ ու շարժական գույքն իբրև թե ի պահ էր հանձնվում իշխանություններին և պետք է վերադարձվեր, երբ նրանք վերադառնային իրենց բնակավայրերը, սակայն քանի որ նրանց ճակատագիրը վճռված էր, ապա ակնհայտ է, որ այս օրենքով ընդամենը «օրինականացվում» էր հայերի ունեցվածքի զանգվածային բռնազավթման տեղի ունեցող գործընթացը:

Ստեղծվել էին «Լքյալ գույքի» հանձնաժողովներ, որոնք, կեղծ աճուրդներ կազմակերպելով, հայերի անշարժ ու շարժական գույքը նվիրաբերում կամ չնչին գումարներով փոխանցում էին մահմեդականներին:

Նահանգներ ուղարկվող հույժ գաղտնի հեռագրերում կարգադրվում էր նախապես պատրաստված հարցաշարերով խիստ գաղտնի կերպով տեղեկություններ հավաքել քրիստոնյաների ձեռնարկությունների, շարժական ու անշարժ գույքի, կրթության, հասարակական կարգավիճակի և իրենց համայնքների նշանավոր կամ ազդեցիկ անդամների մասին և ուղարկել նախարարություն: Այսպիսով՝ հայերի մասին հավաքված մանրամասն տեղեկատվությունը հետագայում օգտագործվեց տեղահանության ու զանգվածային կոտորածների համար բավարար ուժեր կենտրոնացնելու, ինչպես նաև «Լքյալ գույքի հանձնաժողովների» միջոցով հայերի ունեցվածքի զանգվածային թալանը կազմակերպելու համար: «Լքյալ գույքի» հանձնաժողովները, որոնք իբր ստեղծվել էին տեղահանված հայերի թողած գույքը պահպանելու և պաշտպանելու նպատակով, գործնականում հայերի շարժական գույքի վաճառքի և անշարժ գույքի օտարման միջոցով զբաղվում էին մահմեդական վերաբնակիչների կարիքները հոգալու գործով:

Մահմեդականների շրջանում հայ աղջիկներին կնության առնելու և հայ որբերին իրենց ընտանիքներ վերցնելու գործընթացը խրախուսելու համար «Լքյալ գույքի» հանձնաժողովների նախագահների միջոցով լուրեր էին տարածում, թե քանի որ կտակարարները մահացել են, ապա այրիացած հայ կանանց, որբացած աղջիկների և որբերի ժառանգությունը կփոխանցվի նրանց նոր ամուսիններին և որդեգրողներին։ Սա չափազանց ազդեցիկ միջոց էր, ինչը մահմեդականների շրջանում մեծ իրարանցում առաջացրեց հայ ընտանիքների որբացած երեխաների և այրիացած կանանց ժառանգությանը տիրանալու հարցում։

Հայերի գույքի և ունեցվածքի բռնագրավումն ու տիրապետումը հստակ ցույց է տալիս, որ երիտթուրքերի կառավարության քաղաքականության նպատակը եղել է հայերին իրենց գոյությունը շարունակելու բոլոր հնարավորություններից զրկելը: Թուրքական իշխանությունները «Լքյալ գույքի մասին» օրենքների ընդունումը որպես ապացույց են փորձում ներկայացնել, թե իբր հայերին բնաջնջելու մտադրություն չեն ունեցել, այլ ձգտել են պահպանել նրանց գույքը, սակայն իշխանություններն ի վիճակի չեն եղել կանխել չարաշահումների ու թալանի բոլոր դեպքերը, որոնք կազմակերպված բնույթ չեն ունեցել: Իրականում այդ օրենքներն ընդունվեցին այն պատճառով, որ թուրքական իշխանությունները քաջ գիտակցում էին հայերին բնաջնջելու իրենց հետապնդած նպատակը, ուստի պետությունը փորձում էր իր վերահսկողության տակ վերցնել տեղահանված և բնաջնջման ենթակա հայերի ունեցվածքի տնօրինման և կառավարման գործընթացը՝ դրանով իսկ նվազագույնի հասցնելով տեղի իշխանությունների ու մահմեդական բնակչության համար բացվող թալանի հնարավորությունները: Պատահական չէ, որ 1917 թ. հուլիսի 29-ի հեռագրում Թալեաթը վերապրած հայերի թվաքանակից բացի՝ նահանգապետերից տվյալներ է պահանջում նաև նրանց պատկանած ապրանքների, դրանց արժեքի և արդեն մահմեդականներին բաշխված քանակի մասին:

Հատկանշական է, որ թուրքական իշխանություններն ընդունեցին 15 հոդվածներից բաղկացած «Պատերազմի թելադրանքով և քաղաքական արտակարգ անհրաժեշտությունից ելնելով՝ այլ վայրեր տեղափոխված հայերի տեղավորման ու մատակարարման կանոնակարգը», որի 4-րդ հոդվածում նշվում է, որ տեղահանված հայերը պետք է բնակեցվեին տեղական իշխանությունների կողմից որոշված վայրերում՝ իրենց համար տներ կառուցելով եղած գյուղերում ու քաղաքներում կամ էլ նոր բնակավայրեր հիմնելով ամայի տարածքներում: Կանոնադրության հոդվածներից պարզ է դառնում, որ «Լքյալ գույքի մասին» ժամանակավոր օրենքների դրույթների հիման վրա «Լքյալ գույքի հանձնաժողովների» միջոցով տեղահանված հայերի անշարժ գույքն ու ողջ ունեցվածքը բռնազավթած թուրքական իշխանությունները հրաժարվում էին տեղահանված հայերի կենցաղային պայմանների ապահովման պարտավորությունից՝ դա թողնելով վերջիններիս վրա: Անհասկանալի էր, սակայն, թե իրենց ունեցվածքից զրկված և տեղահանված հայերն ինչպե՞ս պետք է իրենց համար տներ կառուցեին, առավել ևս՝ ի՞նչ միջոցներով պետք է ամայի տարածքներում նոր բնակավայրեր հիմնեին:

Երիտթուրքական կառավարության հրամանի համաձայն՝ հայ տարագիրների «մահվան քարավանները» քշվում էին դեպի Միջագետքի և Սիրիայի Ռաս-ուլ-Այնի, Դեյր էլ-Զորի, Մեսքենեի, Ինթիլիի, Ռաքքայի և այլ համակենտրոնացման ճամբարներ: Երիտթուրքերի հայաջինջ քաղաքականությունն այս ճամբարներում պետք է ավարտեր բնությունը: Այս անապատները թուրքական իշխանությունների կողմից պատահական չէին ընտրված: Ականատեսների վկայությամբ՝ հրաշքով ողջ մնացած հայերն այստեղ դանդաղ և տանջալից մահանում էին շիկացած ավազուտներում` առանց սննդի և ջրի, համաճարակային հիվանդությունների պայմաններում: 1915 թ. աշնանից մինչև 1916 թ. ձմեռ 850․000 տեղահանված հայերից ավելի քան 300․000-ը մահացավ Սիրիայի և Միջագետքի ճանապարհներին կամ համակենտրոնացման ճամբարներում: Դեր Զորի ճամբարից հետո հայ նահատակների քանակով երկրորդը Ռաս-ուլ-Այնի ճամբարն էր, որտեղ ոչնչացվեց մոտ 70.000 մարդ, երրորդը` Մեսքենեն էր, որտեղ նահատակվեց շուրջ 55.000 հայ, հաջորդը Ինթիլին էր, որտեղ սպանվեց 40-50․000 մարդ:

Համակենտրոնացման ճամբարներում հայերի ոչնչացման «բնական» տեմպերը չէին գոհացնում երիտթուրքերին. նրանց հարկավոր էր մինչև պատերազմի վերջը ավարտին հասցնել իրենց հանցավոր քաղաքականությունը և անապատներում թաքցնել դրա հետքերը: Օսմանյան կառավարության հրամանով տեղի մահմեդական բնակչությունից կազմավորվեցին հրոսակախմբեր, որոնց վստահվեց նշված ճամբարներում դեռևս ողջ մնացած հայերի ոչնչացման գործը:

Թուրքական իշխանություններին, սակայն, ոչ բոլոր բնակավայրերում հաջողվեց անխափան իրագործել հայերին բնաջնջելու իրենց հրեշավոր ծրագիրը: Արևմտյան Հայաստանում և Փոքր Ասիայի հայաբնակ մի շարք վայրերում հայ բնակչությունը հերոսական դիմադրություն ցույց տվեց թուրք և քուրդ ջարդարարներին: Առաջին կազմակերպված ինքնապաշտպանական կռիվները տեղի ունեցան Վանի նահանգի հայկական բնակավայրերում: 1915 թ. ապրիլի 7-ից շուրջ մեկ ամիս Վանում կենտրոնացած հայ քաղաքական-կուսակցական գործիչներին՝ Արամ Մանուկյանի գլխավորությամբ, հաջողվեց կազմակերպած դիմադրություն ցույց տալ գերակշռող ուժեր ունեցող հակառակորդին մինչև մայիսի 6-ը, երբ թուրքերը նահանջեցին՝ տեղեկանալով, որ ռուսական զորքն ու հայ կամավորականները մոտենում են քաղաքին: Վանի 1915 թ. հերոսական ինքնապաշտպանությունը պսակվեց փառահեղ հաղթանակով՝ կոտորածից փրկելով բազմահազար վանեցիների:

1915 թ. օգոստոսի 7-ին սկսված Մուսա լեռան անհավասար հերոսամարտը տևեց մինչև սեպտեմբերի 10-ը, երբ ֆրանսիական ռազմանավերով սկսվեց կանանց, երեխաների և ծերերի տեղափոխումը, մինչդեռ տղամարդիկ շարունակում էին մնալ դիրքերում՝ ապահովելով նրանց անվտանգ տարհանումը: Ընդհանուր առմամբ՝ փրկվեցին 4058 սուետիահայեր, որոնք տեղափոխվեցին Եգիպտոսի Պորտ Սաիդ քաղաքը:

Վանում, Մուսա լեռում, ինչպես նաև Շապին Գարահիսարում, Ուրֆայում և այլ բնակավայրերում հայերի իրարից անջատ կազմակերպված ինքնապաշտպանական մարտերի շնորհիվ որոշակիորեն հաջողվեց ձախողել Արևմտյան Հայաստանում ու Օսմանյան կայսրության հայաբնակ այլ տարածքներում բնակվող հայությանն իսպառ բնաջնջելու՝ թուրքական իշխանությունների ծրագրերը:

Առաջին աշխարհամարտի ավարտի և Օսմանյան կայսրության պարտության հետևանքով վերջինիս տրոհման գործընթացից հետո թվում էր, թե Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչները պատասխանատվության կենթարկվեն հայ ժողովրդի նկատմամբ կատարած ոճրագործության համար: Երիտթուրք պարագլուխների՝ երկրից հեռանալուց հետո թուրքական նոր իշխանությունները ստեղծեցին ռազմական դատարաններ, որոնք իբր պետք է պատասխանատվության ենթարկեին պատերազմի ընթացքում հանցագործություններ կատարած պաշտոնյաներին: Երկրից հեռացած Հայոց ցեղասպանության գլխավոր պատասխանատուները մահվան դատապարտվեցին հեռական կարգով, իսկ ներկա գտնվող մեղադրյալների նկատմամբ հիմնականում կիրառվեցին բավական մեղմ վճիռներ: Թուրքական ռազմական տրիբունալում երիտթուրքերի դատավարության ժամանակ Բողազլյանի կառավարիչ Քեմալն այն եզակի մեղադրյալներից էր, որի նկատմամբ Թալեաթի հեռագրի հիման վրա մահապատիժ կիրառվեց* և նրան կախեցին Ստամբուլի Բայազետ հրապարակում: Ռազմական տրիբունալի որոշմամբ՝ մահապատժի ենթարկվածների թվում էր նաև օսմանյան խորհրդարանի հայ պատգամավորներ Գրիգոր Զոհրապի և Վարդգես Սերենկյուլյանի սպանությունների կազմակերպման գործում ակտիվ դերակատարում ունեցած Չերքեզ Ահմեդը: Արդարադատությունից խուսափած գլխավոր հանցագործներին պատասխանատվության ենթարկելու գործն իրականացվեց «Նեմեսիս» գործողության շրջանակներում, որի ընթացքում հայ վրիժառուները հայտնաբերեցին Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչներին և ի կատար ածեցին օրինական ուժի մեջ մտած մահվան վճիռները:

Ցեղասպանության իրագործմամբ հայ ժողովրդին հասցված վնասներն ու կորուստները կարելի է բաժանել հետևյալ պայմանական խմբերի՝ ա) հայրենազրկում, բ) մարդկային կորուստներ, գ) մշակութային ժառանգության կորուստ, դ) նյութական կորուստներ, ե) հոգեբանական բարդույթներ: Ցեղասպանության իրագործմամբ հայ ժողովրդի կրած կորուստները հաճախ նույնականացվում են այդ հանցագործության հետևանքների հետ, մինչդեռ ի տարբերություն կորուստների, դրանց հետևանքները անցյալում չեն մնացել: Հայ ժողովուրդն արդեն մեկ դար Հայաստանում և Սփյուռքում շարունակում է իր ուսերի վրա կրել Հայոց ցեղասպանությամբ հասցրած կորուստների հետևանքների ծանր բեռը: Պատահական չէ, որ որոշ հետազոտողներ հակված են այն կարծիքին, որ քանի դեռ Թուրքիան չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը և չեն հաղթահարվել այդ հանցագործության հետևանքները, գործ ենք ունենալու շարունակվող ցեղասպանության հետ:

Ամփոփելով՝ նշենք, որ չնայած Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման ուղղությամբ կատարված հսկայական աշխատանքին՝ դեռևս շատ անելիքներ կան: Հայոց ցեղասպանության հետևանքների հաղթահարմանն ուղղված աշխատանքները պետք է կատարվեն միասնաբար ու հետևողականորեն՝ ճիշտ օգտագործելով եղած ռեսուրսներն ու հաշվենկատորեն օգտվելով ընձեռված միջազգային իրավական ու քաղաքական հնարավորություններից: Անշուշտ, ճանապարհը դյուրին չի լինելու, կան լուրջ խոչընդոտներ ու դժվարություններ, սակայն դրանք հաղթահարելի կլինեն, եթե մեր արդար դատը մինչև վերջ տանելու կամք և վճռականություն ունենանք:

Արմեն Ց. Մարուքյան

«Դրօշակ» թիվ 4 , 2023