կարևոր
3256 դիտում, 11 ամիս առաջ - 2023-04-02 12:56
Քաղաքական

Միայն իմ օրոք 1500 ինքնաթիռ ռազմական տեխնիկա ենք տեղափոխել Հայաստան. Սեյրան Օհանյանը հակադարձում է Փաշինյանին

«Մեր նորօրյա պատմությունը, այս 30 տարիների պատմությունը հենց առանձնահատուկ է նրանով, որ անկախության ճանապարհն ու Արցախի ինքնորոշման ճանապարը հենց այնպես հարթ չի անցել։ Պայքարի ընթացքում ենք մենք ունեցել հաջողություններ և այսօր էլ պետք է այդ պայքարը շարունակել, բայց այլ իրավիճակ է հիմա ստեղծված 44-օրյա պատերազմից հետո և հակառակորդը անընդհատ սաստկացւնում է ճնշումները Հայաստանի և Արցախի նկատմամբ և դրանից ելնելով էլ սահմանային իրավիճակը լարված է»,-անդրադառնալով սստեղծված սահմանային իրավիճակին Եռաբլուրում ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար, Պաշտպանության նախկին նախարար  Սեյրան Օհանյանը:

«Ռազմաքաղաքական իրավիճակը այսօր այնպիսին է, որ տարածաշրջանային զարգացումների վրա կարող են ազդել նաեւ ածխարհաքաղաքական բոլոր իրադարձությունները և դրանից կարող են օգտվել և՛ հարևանները, և՛ հակառակորդները, և օգտվում են, քանի որ նրանց ճնշումը ուղղված է և՛ Հայաստանի, և՛ Արցախի վրա: Մեր համար ճանապարհը մեկն է՝ պետք է լուրջ աշխատանք կատարվի անվտանգության համակարգը ձևավորելու ուղղությամբ, իսկ դրա համար պետք է ձևավորել ազգային և միջազգային երաշխիքներ։ Ազգային երաշխիքը մեր բանակն է, մեր տնտեսությունն է, մեր համախմբվածությունն է, մեր անվտանգային ողջ համակարգն է՝ ուժային կառույցներով, իսկ միջազգային երաշխիքները՝ լայն ընդգրկվածություն ունեցող արտաքին  քաղաքականությունն է՝ լուրջ բանակցային գործընթացներով, լուրջ բանակցային մարտավարական և ռազմավարական քայլերով»,- ասացՍեյրան Օհանյանը

Սեյրան Օհանյանը չցանկացավ մեկնաբանել վարչապետի տիկնոջ՝ նախօրեին արված հայտարարությունը 11 հազար դասալիքների մասին, սակայն անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը 5-րդ շարասյան մասին ասաց, որ իշխանությունը պատերազմի ժամանակ եւ դրանից հետո ոչինչ  չեն արել դա բացահայտելու և կանխելու համար:

«Սա նշանակում է, որ եթե կա 5-րդ շարասյուն, կա նաև 6-րդ շարասյուն, դա Նիկոլ Փաշինյանն է, ով խրախուսել է այդ ամբողջ ճանապարհը»,- ասաց նա:

Անդրադառնալով ռազմամթերքի ձեռքբերմանը՝ Օհանյանը նշեց, որ միայն իր ղեկավարման տարիներին 1500 չվերթ ռազմական տեխնիկա է ներկրվել ՌԴ-ից եւ այլ երկրներից:

«Պատերազմից հետո իրենք պետք է լուրջ վերլուծություն անեին, ոչինչ չեն արել և սլաքներն ուզում են ուղղել բանակի ուղղությամբ, իսկ դա ճիշտ ուղղություն չէ, պետք է գնահատական տրվի իշխանության բոլոր թևերի ուղղությամբ՝ ինչ է կատարել օրենսդիր մարմինը, ինչ է կատարել գործադիր մարմինը պետական և ռազմական կառավարման ուղղությամբ, և ինչ է կատարել իրավական համակարգը՝ օրինականությունը պահպանելու մարտի դաշտում և երկրի խորքում»։