կարևոր
5668 դիտում, 11 ամիս առաջ - 2023-03-25 12:11
Տնտեսական

Ռուբլու արժեզրկումը Հայաստանում կհանգեցնի տնտեսական աճի դանդաղեցման

Ռուբլու արժեզրկումը Հայաստանում կհանգեցնի տնտեսական աճի դանդաղեցման

Համաշխարհային շուկայում վերջին ամիսներին նկատվում է էներգակիրների գների նվազում: Սա, ըստ տնտեսագետ Սուրեն Պարսյանի, իր ազդեցությունը կթողնի նաև Հայաստանի տնտեսության վրա:

168.am-ի հետ զրույցում տնտեսագետը մանրամասնեց. «Մասնավորապես, նավթի, գազի գներն անցյալ տարվա համեմատ՝ զգալի նվազել են, ինչը պայմանավորված է մի շարք գործոններով:

Նախ՝ ավարտվում է Եվրոպայի ձմեռային ժամանակաշրջանը, և ավելի քիչ քանակությամբ նավթ ու գազ է հարկավոր, երկրորդը՝ համաշխարհային տնտեսական ճգնաժամը, սանկցիաներն էապես սահմանափակում են տնտեսական զարգացումը, ինչն էլ հանգեցնում է համաշխարհային շուկայում նավթի, գազի նկատմամբ պահանջարկի նվազմանը (տնտեսությունների մեջ նվազում է էներգակիրների սպառումը, քանի որ, ընդհանուր առմամբ, նվազել է տնտեսական ակտիվությունը):

Եվ դրան գումարած՝ ՌԴ-ի կողմից իրականացվող զեղչման քաղաքականությունը. օրինակ, դարձյալ տնտեսական պատժամիջոցներով պայմանավորված՝ ՌԴ-ն Հնդկաստանին և Չինաստանին նավթը վաճառում է 30 դոլար զեղչով, ինչը, անշուշտ, նաև գին է գցում շուկայում, քանի որ ՌԴ-ն հանդիսանում է երկրորդ խոշոր նավթարդյունահանող երկիրը: Իսկ այս ամենը հանգեցնում է դեպի ՌԴ արտարժութային հոսքերի նվազմանը:

Սա իր ազդեցությունն է թողնում ՌԴ ռուբլու փոխարժեքի վրա. վերջին ամիսներին այն արժեզրկվում է. հիշեցնեմ, որ ամռանը 1 դոլարը 58 ռուբլի էր, այժմ՝ 75-76 ռուբլի, քանի որ դոլար քիչ է հոսում: Վերջինս էլ իր հերթին՝ հանգեցնում է դեպի ՌԴ արտահանման ծավալների մրցունակության նվազմանը, այսինքն՝ դեպի ՌԴ արտահանումը դառնում է քիչ գրավիչ»:

Նա նաև հիշեցրեց, որ անցյալ տարվա ընթացքում ՀՀ-ն կրկնապատկել է դեպի ՌԴ արտահանման ծավալները: Ըստ նրա, հաշվի առնելով նաև այս հանգամանքը, պետք է արձանագրել, որ առկա իրավիճակում տեղական արտադրանքը կարող է տուժել:

«Հայկական տեղական ապրանքների արտահանումը դառնում է ավելի քիչ մրցունակ, և տեղական արտադրությունը երկարաժամկետում կարող է կորցնել ռուսական շուկան, քանի որ դրան հակառակ՝ դրամն արժևորվում է:

Հավելենք, որ այս իրավիճակում նաև նվազել է ՀՀ տեղափոխված ՌԴ քաղաքացիների բերած ռուբլու գնողունակությունը: Այսինքն՝ մեր ներքին շուկայում պահանջարկը նվազում է, ինչը հատկապես կարող է ազդել հյուրանոցային տնտեսությունների, հանրային սննդի ոլորտի, բանկային համակարգի վրա: Եթե ռուբլու արժեզրկումը շարունակվի, ապա մենք զուգահեռ ունենալու ենք նաև տնտեսական աճի դանդաղում:

Իսկ 2022 թ. 12.6 տոկոս աճի 4-5 տոկոսը, տարբեր հաշվարկներով, կազմել է ռուսական գործոնը. ասել է թե՝ մենք կարող ենք կորցնել այս գործոնի ազդեցությունը, ինչի հետևանքով կնվազի նաև մուլտիպլիկատիվ էֆեկտը,- պարզաբանեց Սուրեն Պարսյանը, ապա անդրադառնալով կառավարության և Կենտրոնական բանկի՝ իրավիճակին համարժեք քայլերի, անելիքների մասին մեր հարցադրումներին՝ արձանագրեց,- Եթե Կառավարությունն ուզում է պահել արտահանման շուկան, տնտեսությունը, պետք է դրամը ևս զուգահեռ արժեզրկի: Այսինքն՝ կառավարությունը, Կենտրոնական բանկը ոչ թե պետք է վարեն արժևորված դրամի քաղաքականություն, այլ՝ հակառակը»:

Այս համատեքստում տնտեսագետը կարևորեց ԿԲ կողմից վերաֆինանսավորման տոկոսադրույքի նվազեցման, շուկային միջամտելու անհրաժեշտությունը, ինչպես նաև՝ կառավարության կողմից հարկաբյուջետային ծրագրերի իրականացումը:

«Սա կարող է որոշակի գնաճային ռիսկեր ստեղծել, բայց մեր տեղական արտադրությունը կարող ենք փրկել, որովհետև երկարաժամկետում մեր տեղական արտադրությունները կարող են փակվել, չեն դիմանա նաև ներկրվող ապրանքների մրցունակությանը: Քանի որ արժեզրկված ռուբլու հետևանքով կարող է մեծանալ ՌԴ-ից դեպի ՀՀ ներկրումները՝ օրինակ, ռուսական կաթնամթերքը, օրինակ, ավելի էժան կդառնան մեր ներքին շուկայում՝ դուրս թողնելով տեղական արտադրողներին:

Այսինքն՝ բավականին լուրջ խնդիրներ ունենք այս առումով, և կառավարությունը պետք է երկարաժամկետ նայի, ոչ թե կարճաժամկետ՝ ժողովրդահաճո ձևով, մի քանի տոկոս գնաճը զսպելու համար ողջ տեղական արտադրությունը սնանկացնի»,- ամփոփեց Սուրեն Պարսյանը: