կարևոր
4090 դիտում, 1 տարի առաջ - 2023-03-10 19:22
Քաղաքական

Նորանշանակ պետնախարարը խմբակցություների պահանջով ներկայացել է ԱՀ Ազգային ժողով

Նորանշանակ պետնախարարը խմբակցություների պահանջով ներկայացել է ԱՀ Ազգային ժողով

Այսօր՝ մարտի 10-ին, ԱՀ պետնախարար Գուրգեն Ներսիսյանը, ընդառաջելով ԱՀ ԱԺ բոլոր խմբակցությունների պահանջին, ներկայացել է Ազգային ժողով՝ մարտի 7-ին news.am-ին տված հարցազրույցում արտահայտած որոշ մտքերի կապակցությամբ բացատրություններ տալու համար։

Հիշեցնենք որ,  հարցազրույցի ժամանակ պետնախարարն ասել էր․ «Ես որևէ կերպ չեմ պատկերացնում, թե երևանյան և ստեփանակերտյան դիրքորոշումների միջև կարող են տարբերություններ լինել, հակառակը՝ Երևանը, երբ հարցը վերաբերում է արցախյան խնդրին, առավելապես հենվում է  արցախյան իշխանությունների դիրքորոշման և կարծիքի վրա, որն ամբողջությամբ արտացոլում է Արցախի ժողովրդի նպատակները»։

Ի պատասխան ԱՀ ԱԺ խմբակցությունների ղեկավարների հարցադրմանը՝ նորանշանակ պետնախարարը նշել է, որ իր աշխատակազմի միջոցով արդեն պարզաբանումներ է տվել և որպես հիմք պետք է ընդունել դրանք: Նա համոզմունք է հայտնել, որ ԱՀ ԱԺ ապրիլի 14-ի հայտարարությունը շարունակում է մնալ որպես Արցախի պաշտոնական դիրքորոշում։

ԱՀ ԱԺ 2022թ․ ապրիլի 14-ի հայտարարության մեջ ՀՀ իշխանությունների վարած քաղաքականության վերաբերյալ հատկապես ասվում է․ «Պահանջում ենք, որ Հայաստանի Հանրապետության իշխանությունները հրաժարվեն իրենց ներկայիս աղետալի դիրքորոշումից և առաջնորդվեն բացառապես այս արժեքներով: Ոչ մի իշխանություն իրավունք չունի  «խաղաղության» պատրվակով  Արցախի համար անընդունելի կարգավիճակի, ինչպես նաև՝ միջազգայնորեն ճանաչված ինքնորոշման իրավունքի բանակցային նշաձողն իջեցնելու»։

Հանդիպման ավարտին քննարկվել են հանրապետությունում շրջափակման հետևանքով ստեղծված խնդիրները և դրանց մեղմման ուղղությամբ իրականացվող աշխատանքները: