կարևոր
2983 դիտում, 1 տարի առաջ - 2022-11-15 11:32
Քաղաքական

Սպառնալիքները գոյաբանական են ու մոտալուտ,բայց արագ լուծումներ չկան ու չեն լինելու. Կարեն Վրթանեսյան

Սպառնալիքները գոյաբանական են ու մոտալուտ,բայց արագ լուծումներ չկան ու չեն լինելու. Կարեն Վրթանեսյան

Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը գրում է․

«ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ՔՆՆԱԴԱՏԻ ԴԻԼԵՄԱՆ

Ընդդիմությանն անշահախնդիր քննադատողներից շատ-շատերի մոտ նկատելի են նույն այն խնդիրները, որոնց համար իրենք քննադատում են ընդդիմությանը։

Առաջին խնդիրը. ինչպես և ընդդիմությունը, ընդդիմության քննադատներից շատերն էլ հայ ժողովրդին ընկալում են զուտ որպես քաղաքական գործընթացների դեկորացիա, այլ ոչ թե իրական ուժի աղբյուր։

Իրենց քննադատության ուղերձներից մեկը կարելի է փոխանցել այսպես. «Դուք ժողովրդին բեմի վրա սխալ եք դասավորում, այ եթե մեր ասած ձևով շարեք, ապա օտար հանդիսատեսին կթվա, թե դուք իսկապես ունեք ժողովրդի աջակցությունը»։
[Այս խնդրին շատ դիպուկ անդրադարձել է Vahagn Minasyanը «No Shortcuts! Երկար ճանապարհը, որ ամենակարճն է» հոդվածում, որի մասին ավելի վաղ էլի եմ գրել։ հղումը՝ մեկնաբանությամբ։]

Երկրորդ խնդիրը. քննադատները շարունակում են իրավիճակը տեսնել մինչնիկոլական շրջանի իրականության պրիզմայով և լուծումներն էլ առաջարկում են վաղուց արդեն անցած-գնացած իրականության «նորմալության» շրջանակներում։
Երրորդ խնդիրը. քննադատներից շատերը շարունակում են համարել Նիկոլին ապիկար, անխելք, տգետ, խեղճ և այլն, ըստ այդմ շարունակում են պահանջել արագ լուծումներ, անընդհատ շեշտելով, թե Նիկոլին հեռացնելը դժվար բան չէ։
Չորրորդ խնդիրը. ընդդիմությանը [հաճախ արդարացիորեն] մեղադրելով Նիկոլի օրակարգերը կամա թե ակամա սպասարկելու մեջ, նույն քննադատներն իրենք էլ են սպասարկում Նիկոլի օրակարգը ընդդիմությանն առավելագույնս «փչացնելու», վարկաբեկելու ու բարոյալքելու հարցով։

Կրկնեմ. ընդդիմության այս բոլոր խնդիրները ԿԱՆ։ Բայց ընդդիմությանը քննադատողներից շատերն իրենք էլ են նույն խնդիրներով «հիվանդ» և ըստ այդմ էլ այդ քննադատությունը կարծես թե ավելի շատ վնաս կարող է տալ, քան օգուտ։ Մյուս կողմից, չքննադատելն ու լռելն էլ է սխալ, որովհետև խնդիրները կոծկելով դրանք չեն լուծվելու։

ՉՏՈ ՁԵԼԱԾ? ©

Տրամաբանական հարց է առաջանում. «Լավ, բա որ հա՛մ ընդդիմությունն է սխալ անում, հա՛մ ընդդիմությանը քննադատներն են սխալ ասում, բա ճիշտը ո՞րն ա, էդ խնդիրները ինչպե՞ս պիտի լուծվեն»։
Ես չունեմ կատեգորիկ պատասխաններ ու չեմ հավակնում վերին ատյանի ճշմարտության ազդարարի պաշտոնին, գուցե ես էլ եմ սխալ, որ «քննադատում եմ քննադատողներին, որոնք քննադատում են ընդդիմությանը», բայց համարձակվեմ որպես առաջին քայլեր գոնե մի քանի կետ առաջարկել...

1. Նախ՝ ի վերջո ընդունել, որ Նիկոլը ապիկար չէ, ապուշ չէ, տգետ չէ։

2. Ընդունելով, որ Նիկոլը դեբիլ չէ, ի վերջո սկսել լուրջ և մշտական հիմքերով ուսումնասիրել, թե ինչ է իրականում արել և անում տարբեր ոլորտներում. անվտանգությունից և դիվանագիտությունից սկսած, կրթության և բանկային ոլորտով վերջացրած։ Սա ոչ մեկ, ոչ էլ երկու ՀԿ-ի գործ է, այստեղ առնվազն տասնյակից ավելի մասնագիտացված վերլուծական խմբերի գործ է և լուրջ կազմակերպչական աշխատանք է պահանջում։ Առանց այս աշխատանքի ընդդիմության ընդունած բոլոր որոշումների ճիշտ լինելու հավանականությունը լավագույն դեպքում 50/50 է լինելու։ Ինչպես մի չինացի էր ասում. «Եթե չես ճանաչում ոչ թշնամուդ, ոչ ինքդ քեզ, ապա կպարտվես բոլոր ճակատամարտերում» ©

3. Ի վերջո հասկանալ, որ թեպետ սպառնալիքները գոյաբանական են ու մոտալուտ, բայց արագ լուծումներ չկան ու չեն լինելու, իսկ արագ լուծումների հետևից ընկնելը մսխում է ընդդիմադիր ռեսուրսը, այդ թվում և հանրային վստահության ռեսուրսը։

4. Մի քանի հիմնական գրքեր ու ձեռնարկներ կարդալ բռնապետությունների, դրանց դեմ պայքարի, քաղաքական հաղորդակցման ռազմավարություն մշակելու և այն իրագործելու, քաղաքական կուսակցություններ ստեղծելու և զարգացնելու մասին։ Հանրային ակտիվ քննարկումներ ծավալել այս թեմաներով։
[Ինձնից մի հարցրեք դրանց անունները, քանզի եթե ի վիճակի չեք նման գրականություն ինքնուրույն գտնելու, ուրեմն մի վատնեք ձեր ժամանակը քաղաքականության վրա]։

5. [ շարունակելի ... ]»