|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Վարդենիսում հավերժացրին 44-օրյա պատերազմում անմահացած հերոսների հիշատակը

Վարդենիս գյուղն այսօր հավերժացրեց վերջին Արցխյան պատերազմում հերոսացած քաջ հայորդիների հիշատակը:
Գյուղի Զալիբեկ Հակոբյանի անվան միջնակարգ բակում ծնունդով վարդենիսցի, Արցախյան առաջին պատերազմի մասնակից, մոսկվայաբնակ Արմեն Վարդանյանի նախաձեռնությամբ տեղադրվեց խաչքար-հուշաքար: Բացման խոսքով հանդես եկավ Ապարան խոշորացված համայնքի Վարդենիս վարչական միավորի ղեկավար Կամո Պետրոսյանը:

Խաչքարի հանդիսավոր բացումը կատարեց նախաձեռնության հեղինակի որդին` Գուրգեն Վարդանյանը:
Այնուհետև հուշաքարը օծվեց Ապարանի թեմի հոգևոր հովիվ Տեր Մուշե քահանա Վահանյանի ձեռամբ, որից հետո փոքրիկ հուշ-ցերեկույթով հանդես եկան Զալիբեկ Հակոբյանի անվան միջնակարգ դպրոցի աշակերտները:


Օրը պատահական չէր ընտրված:Հոկտեմբերի 29-ին 20 տարեկան կդառնար 44-օրյա պատերազմում անմահացած վարդենիսցի Վահե Աղաբաբյանը: Մեկ տարի առաջ հոկտեմբերի 13-ին Վահեն նահատակվեց Ջրականում, վիրավոր վիճակում շուրթերից դուրս եկած վերջին բառերն էին․ «Լավանամ, հասնեմ տղերքին»: Վահեն նահատակվեց` չիմանալով, որ հայրը`Ներսես Աղաբայանը, որն Արցախյան առաջին պատերազմի օրերին ստացել էր Ռեմբո մարտական անունը, նույնպես օրեր առաջ անմահացել էր Ջրականի համար մղվող անհավասար մարտերում:
Արարողությանը ներկա էին հերոսների ընտանիքի անդամները` Ներսես Աղաբայանի կինը և ավագ զավակները` Թամարան և Գևորգը:
Այսօր հենց դպրոցի բակում է տեղադրվում հուշաքարը, քանզի վաղվա մեր հաղթող սերունդը դուրս է գալու հենց հայկական դպրոցից` դաստիարակված Վահեի և Ներսեսի անմահ գաղափարներով:





Մհեր Համբարձումյան