|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Հուլիսի 20-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում Հունաստանի Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատար Դիմիտրոս Ֆելոպուլոսին և դեսպանության ռազմական կցորդ, գնդապետ Դիմոսթենիս Սիմայակիսին:
Ինչպես հայտնում են ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում հայ-հունական երկկողմ համագործակցության ներկա վիճակն ու ձեռքբերումները, համագործակցության զարգացման հետագա ընթացքը: Հունական կողմը հաստատել է ռազմական կրթության և հունարեն լեզվի ուսուցման ծրագրերի շարունակությունը:
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը կարևորել է ռազմաքաղաքական խորհրդակցությունների անցկացումը և հույս հայտնել, որ առաջիկայում կիրականացվեն արդեն պլանավորված միջոցառումները:
Հայաստանում առաքելության ավարտի կապակցությամբ պաշտպանական գերատեսչության ղեկավարը շնորհակալություն է հայտնել ռազմական կցորդ, գնդապետ Դիմոսթենիս Սիմայակիսին պաշտոնավարման ընթացքում հայ-հունական պաշտպանական համագործակցության զարգացման գործում ներդրած զգալի ավանդի համար և պարգևատրել կցորդին «Ռազմական համագործակցության համար» մեդալով:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր: ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը և դրա շուրջ տեղի ունեցող տարածաշրջանային ապակայունացնող զարգացումները: