Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2016-03-03 14:54
Տարածաշրջան

Սևակը մեկն էր, դարձրին 1000. հարցազրույց՝ Թուրքիայում ապրիլի 24-ին սպանված հայ զինծառայողի ծնողների հետ

Սևակը մեկն էր, դարձրին 1000. հարցազրույց՝ Թուրքիայում ապրիլի 24-ին սպանված հայ զինծառայողի ծնողների հետ

Թուրքական բանակում 2011 թ.-ի ապրիլի 24-ին սպա Քըվանչ Աղաօղլուի կողմից սպանված հայ զինծառայող Սևակ Բալըքչըի գործով դատական վերջին նիստը տեղի է ունեցել փետրվարի 25-ին Տիգրանակերտում: Սակայն այն հետաձգվել է մինչև ապրիլի 6-ը` ինչ-ինչ փաստաթղթերի բացակայության պատճառով: «Ակօս»-ը զրուցել է դատական նիստին մասնակցած` Բալքըչըի ծնողների՝ Կարապետ և Անի Բալըքչըների հետ:

Նշելով, որ դատական նիստը շատ կարճ է տևել, Կարապետ Բալըքչըն ասել է. «Համապատասխան անձի հարկավոր փաստաթղթերը դատարանին չներկայացնելու պատճառով մեր՝ դատարան մտնելն ու դուրս գալը մեկ եղավ: Դատարանն այդ փաստաթղթերը դեռևս վեց ամիս առաջ էր պահանջել: Ուր որ է՝ կլրանա ութ ամիսը, սակայն դեռևս ոչ մի փաստաթուղթ: Չեմ հասկանում այսքան երկարաձգելու իմաստը: Իմ որդին ռասիստական փամփուշտով սպանվեց: Մենք արդարադատություն ենք ուզում, սակայն այն չկա: Դատավորը լուրջ չընդունեց մեր ասածները: Պահանջեցինք, որ փորձագետ ներկայանա դատարան, չընդունեց: Եթե ոչ դեպքի, ապա մեկ այլ վայրում պահանջեցինք քննչական փորձարարություն իրականացնել, կրկնել դեպքի ընթացքը, սակայն դարձյալ մերժեցին: Ինչո՞ւ, չգիտենք: Վերջին պահով` դատավորը դատական նիստը հետաձգեց ապրիլի 6-ին: Ահա այսպիսի գործընթացի մեջ ենք: Այս պահի դրությամբ դատը փակ արկղ է»:

Կարապետ Բալըքըն որդու սպանության կապակցությամբ իր մտահոգություններն ու հարցականները զրույցի ընթացքում այսպես է արտահայտել. «Մեզ մտահոգում է արդարության բացակայությունը: Օրինակ՝ մի շարք զինվորների ներկայացրած ցուցմունքները չընդունվեցին: Չգիտեմ՝ դատավարության այսքան երկարաձգումը մեր դե՞մ է, թե՞ օգտին: Դա ինձ ստիպում է այլ «կեղտեր» տեսնել: Ասես՝ բեմադրության մաս լինենք: Ակնկալում ենք, որ դատի վերջում դրական որոշում կկայացվի, սակայն, ըստ երևույթին, չի լինելու: Եթե այդպիսի բան տեղի ունենա, անշուշտ, դիմելու ենք ավելի բարձր ատյանների: Բաց չենք թողնելու այս դատի «պոչը»:

Սևակի հայրը նաև ուշադրության է արժանացրել այն փաստը, որ որդուն սպանողը դատապարտվել է 4 տարի և 5 ամսվա ազատազրկման, նրա արարքը որակվել է որպես «պատահար»: Ընդ որում` այն ոստիկանները, ովքեր վկայություն են տվել սպանության մասին, փոխել են իրենց ցուցմունքը:

«Մենք ամեն կերպ փորձում ենք ապացուցել, որ դա պատահար չի եղել: Այստեղ խոսքը մի զինվորի և նրա ընտանիքին սպառնալու մասին է: Սպառնալիքներ ստացած զինվորը դատապարտվել է 2 տարի և 1 ամսվա ազատազրկման: Իսկ սպառնացողներին թև տվողները՝ 2 տարի և 7 ամսվա ազատազրկման, սակայն նրանց դեռևս ծանուցում չի ուղարկվել, սպասում ենք: Իրական փաստերը ահա սրանք են: Բոլոր զինվորները փոխել են իրենց առաջին վկայությունները: Բոլորը նույն բանն են ասել, ասես` անգիր արած լինեն: Ինչպե՞ս է լինում, որ բոլորը թութակի պես կրկնում են նույն բանը»,- նշել է Սևակի հայրը:

Պատմելով նաև Սևակի բացակայության ընթացքում իրենց կյանքի մասին` նա ասել է. «Մինչ օրս, երբ մեր գլուխը դնում ենք բարձին, հիշում ենք Սևակին: Միշտ, ամեն տեղ՝ Սևակ: Երբ այցելում եմ նրա գերեզմանին, խոսում եմ նրա հետ. հոգեկան խնդիրներ էլ ունեցա: Առանց Սևակի օր չի անցնում: Որդուս ինձնից ռասիստ փամփուշտն է խլել, ու այս ամենին «պատահար» են անվանում: Սա պատահար չէ, թող ապացուցեն դա: Որոշ բաներ կընդունեմ, բայց ոչ երբեք՝ պատահարը: Փորձագետ պահանջեցի, պահանջեցի, որ ապացուցեն, ոչինչ չեն ապացուցում: Արդեն հենց դա ի ցույց է դնում ամեն ինչ»:

Բալըքչըների ընտանիքի ամենամեծ նեղությունը, անկասկած, մենության զգացումն է: Կարապետ Բալըքչըն դատական գործընթացում իր զգացողություններն այսպես է ներկայացրել. «Մի շարք մարդիկ ասում են` մենք քո մեջքին ենք, բայց երբ շրջվում եմ, ոչ ոք չկա այնտեղ, միայնակ եմ: Ես ուզում եմ, որ մեր մեջքին կանգնած մարդիկ մի քիչ էլ մեր կողքին կանգնեն: Մեզ մենակ թողեցին: Սակայն, միևնույն ժամանակ, ունենք ընկերներ, ովքեր եկան մինչև Տիգրանակերտ՝ մեզ աջակցելու: Ամենաշատը «Նոր Զարթօնք» կազմակերպությանն ենք պարտական: Շնորհակալություն եմ հայտնում Կարո Փայլանին, Ժակլին Չելիքին և բոլոր նրանց, որոնց անունն այս պահին չեմ կարողանում հիշել»:

Սևակի մայրը՝ Անի Բալըքչըն, «Ակօս»-ի հետ զրույցում հերքել է տեղեկությունները, թե Բալըքչը ընտանիքը հաստատվել է Հայաստանում: «Ոչ, մենք այստեղ ենք, ոչ մի տեղ չենք գնացել: Մեր որդին այստեղ է: Այո, այցելում ենք Երևան և ոչ միայն... Չեմ կարծում, որ սահմանափակումներ կան արտերկիր մեկնելու հարցում»,- նշել է նա:

Սևակի հոր խոսքով՝ իրենք մտադրություն չունեն լքելու Պոլիսը: «Իմ որդին պառկած է Շիշլիի գերեզմանոցում, ես ցանկանում եմ նրա կողքին պառկել: Ինձ ոչ ոք այս հողերից չի կարող բաժանել, քանի որ այս հողերը մերն են, բոլորինս են: Այն միայն իմը չէ, Թուրքիայի Հանրապետությունում ապրող յուրաքանչյուրինն է»,- հավելել է Կարապետ Բալըքչըն:

Սևակի ծնողների խոսքով՝ նա քաղաքական դիրքորոշում չի ունեցել: «Մենք երբեք քաղաքական դիրքորոշում չենք ունեցել, եղել ենք ապաքաղաքական ընտանիք: Սևակն էլ այս մասին ոչինչ չգիտեր: Գիտե՞ք՝ ամենաշատը ինչից եմ նեղվում: 37 տարի ուսուցիչ աշխատելով` ամեն ապրիլի 23-ին՝ Թուրքիայում երեխաների օրվա առիթով երեխաներին բարձրաձայն բանաստեղծություններ էի ասել տալիս, իսկ ապրիլի 24-ը մեզ՝ ուսուցիչներիս համար ազատ օր էր: Հիմա դրա համար եմ ափսոսում... Նույն օրն իմ որդուն սպանեցին»,- նշել է Անի Բալըքչըն:

Սևակի մայրը թերթի հետ զրույցում նշել է, որ իրենք երբևէ խտրականություն չեն դրել: «Սևակը չգիտեր՝ ինչ է Ցեղասպանությունը, ինչ է տեղի ունեցել իր մեծ հոր հետ...Այդ մասին անգամ ես չգիտեի, դրա համար էլ Սևակին չէի պատմել: Իմ չիմացած բանի մասին ինչպե՞ս պատմեի: Դրա համար էլ բացառվում է այն հանգամանքը, որ ասեմ՝ ապրիլի 24-ն էր, Սևակն էլ ծառայակցին ջղայնացնող ինչ-որ բան ասաց, նա էլ կրակեց որդուս վրա: Սևակն ընդամենը ուզում էր վայրկյան առաջ զորացրվել, ամուսնանալ ընկերուհու հետ և հոր հետ իր գործը շարունակել: Մենք մեր որդուն բանակ ուղարկեցինք, որ մարդ դառնա: Ողջ-առողջ բանակ ճանապարհեցի որդուս, տախտակե տուփով ինձ հետ ուղարկեցին: Սրա պատասխանը պետք է տրվի պատիժով: Մենք ջանքեր ենք գործադրում, որպեսզի այսուհետ նման դեպքեր տեղի չունենան: Հայ երեխաները վախենում ենք բանակ գնալ: Առավել ևս, եթե այն զուգադիպի ապրիլի 24-ի հետ: Ինչո՞ւ Սևակին ապրիլի 22-ին, 25-ին կամ 28-ին չսպանեցին, այլ՝ հենց 24-ին: Այսքա՞նն էլ է պատահականություն: Համարենք՝ այո, իսկ վկաները...»,- ասել է Անի Բալըքչըն:

Նա պատմել է նաև որդու հուղարկավորության մասին, երբ երկրի ԶՈՒ գլխավոր շտաբից հարցրել են՝ կարո՞ղ ենք նրան դրոշով փաթաթել: «Ասացի՝ ծառայության ընթացքում է զոհվել, իհարկե, կարող եք փաթաթել, սակայն եթե դատարանը մեր ակնկալած արդյունքը չտա, այդ դրոշը վերադարձնելու եմ»,- Սևակի մայրը հիշում է Թուրքիայի ԶՈՒ աշխատակցի հետ իր զրույցը:

Որդու մահից հետո իր արմատների ուսումնասիրությամբ զբաղված Անի Բալըքչըն 55 տարեկանում միայն իմանալ է իր ընտանիքի տանջալի պատմության մասին: «Մեծ հորս կյանքը եղել է արհավիրք, մեծ մորս կյանքը՝ կրկնակի արհավիրք... Մորս կողմը Անկարայից է եղել, նրանց կյանքը նույնպես արհավիրք է եղել: Դուք ինձ մղեցիք նրան, որ ես որդուս մահից հետո սկսեցի իմ անցյալի ուսումնասիրմամբ զբաղվել: Բոլորն այլևս ինձ ճանաչում են: Ամեն տարի ապրիլի 24-ին Սևակի նկարներով երթեր են տեղի ունենում: Սևակը մեկն էր, դարձրին 1000: Սա՞ է հայրենասիրությունը: Եթե` այո, բոլոր հայերին թող սպանեն: Սևակին ճանաչում են նաև Երևանում, Ֆրանսիայում, Իտալիայում: Իրականում Սևակը ոչ ոք էր: Սովորական՝ արվեստով զբաղվող երիտասարդ էր: Ի՞նչ ուզեցիք նրանից: Այս օրը՝ Ապրիլի 24-ին, մեզ ահաբեկելու համար մեկին պիտի սպանեին, Սևակը եղավ»,- եզրափակել է Անի Բալըքչըն:

Թարգմանությունը՝ Արազ Գայմագամյանի