Փոխարժեքներ
18 08 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.03 |
EUR | ⚊ | € 443.29 |
RUB | ⚊ | ₽ 4.795 |
GBP | ⚊ | £ 510.11 |
GEL | ⚊ | ₾ 142.29 |
Այսօր «Ժառանգություն» կուսակցությունը կազմակերպել էր քննարկում՝ «Թուրքիայի Հանրապետության կողմից հայրենի բնօրրանի՝ Հայաստանի տարածքների բռնազավթումը և հայ ժողովրդի Մեծ հայրենազրկումը դատապարտելու մասին» թեմայով:
Կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն իր ելույթում հայտարարեց, որ ինչ տեղի ունեցավ 100 տարի առաջ, ոչ միայն 1.5 մլն մարդկանց կյանքի կորուստն է, սպանդը, այլ նաև հայրենազրկում: «Կարևոր է ազգ-պետություն հարաբերակցությունը, մեր պատմական բնօրրանի՝ Հայկական բարձրավանդակի հսկայական տարածության դիմաց ունենք մի պետություն, որը մեր պատմական հայրենիքի մի փոքր անկյունի մոտ է տարածվում: 1921 թվականի պայմանագրերը չեն ստորագրվել ՀՀ ինքնիշխան պատվիրակների կողմից: Եվ հակառակորդ հարևան պետությունները երբ խոսում են բռնազավթման եզրույթներով, Արցախի, մեր հայրենիքի վերաբերյալ, արդեն արդիական է դառնում թե՛ որպես ազգային խնդիր, թե՛ որպես մարտավարական հարց Թուրքիայի կամ Ադրբեջանի կողմից բռնազավթման մասին բարձրաձայնելը»,- ասաց նա:
Րաֆֆի Հովհաննիսյանը նշեց, որ կարող են այս հարցը, որը տարիներ շարունակ չարչրկվել է, վերջապես լուծել. «Հույս կա: Այդ հույսի իրացումը կապված է նաև Հայաստանի ներքին որակի հետ»:
ՀՀ ՄԻՊ Կարեն Անդրեասյանն իր ելույթի ընթացքում խոստովանեց, որ 4 տարվա պաշտոնավարման ընթացքում սա առաջին կուսակցական քննարկումն է, որին ինքը մասնակցում է: «Այնպիսի մի հարց է սա, որը չունի կուսակցական պատկանելություն, սա վերկուսակցական խնդիր է: Կարող են լինել մարդիկ, ովքեր կասեն, թե ի՞նչ կապ ունի ՄԻՊ-ը միջազգային խնդիրների հետ, միջազգային ճանաչման հետ, բայց մենք այստեղ տեսնում ենք մարդու իրավունքների լրջագույն խախտում, խախտում՝ ՀՀ ամեն քաղաքացու: Այս հարցը նույնպես վերաբերում է իմ սահմանադրական մանդատին»,- ասաց նա: