կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2015-03-23 15:33
Քաղաքական

Ըստ պատգամավորի` Ուրիխանյանը «կլցնի» համալիրը

Ըստ պատգամավորի` Ուրիխանյանը «կլցնի» համալիրը

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ԲՀԿ-ական Տիգրան Ուրիխանյանը մայիսի 2-ին «Քաղաքացիական շտաբ»-ի հիմնադիր համագումարի անցկացման համար Մարզահամերգային համալիրի դահլիճը վարձակալելու հայտ է ներկայացրել: ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Լյովա Խաչատրյանի կարծիքով՝ Տիգրան Ուրիխանյանն ունի համապատասխան ռեսուրսներ և ներուժ մայիսի 2-ին Մարզահամերգային համալիրի դահլիճը «լցնելու» համար:

 

«Տիգրան Ուրիխանյանը բավականին հեղինակություն վայելող անձնավորություն է: Բավական համակրելի, կրթված երիտասարդ է, և կարծում եմ՝ նա իր քայլերը հաշվարկում է, առավել ևս, որ ԲՀԿ-ի հետ, մեծ հաշվով, այս ամենը կապ չունի: Դա հասարակական կազմակերպություն է: Ես էլ «Նիգ Ապարան» հասարարակական կազմակերպության անդամ եմ, դա որևէ ձևով չի խանգարում լինել որևէ կուսակցության անդամ, ենթարկվել կուսակցության որոշումներին»,- ասաց նա:

 

Yerkir.am-ի հարցին, թե, Տիգրան Ուրիխանյանի վերջին գործողություններից ելնելով, կարելի՞ է եզրակացնել, որ նա ևս կլքի ԲՀԿ-ի շարքերը, Լյովա Խաչատրյանը պատասխանեց. «Եզրակացություններ պետք չէ անել: Ես անում եմ եզրակացություններ անձի քայլերով, ես ոչ մի վատ բան չեմ տեսնում նրա գործողություններում, առավել ևս, որ այդ կազմակերպությունը հասարակական կազմակերպություն է: Իսկ խմբակցության քարտուղարի մասին կարող եմ ասել, որ մարդը պարզապես չցանկացավ: Դա ի՞նչ կապ ունի: Նախ` ասեմ, որ ես սկի չգիտեմ էլ` Ուրիխանյանին խմբակցության քարտուղարի պաշտոնի առաջարկ եղե՞լ է, թե՞ ոչ: Մենք քաղխորհրդի նիստում նման հարց չենք էլ քննարկվել: Միգուցե պարզապես առանձնազրույցներում տեղի են ունեցել նման առաջարկներ, բայց քաղխորհրդի նիստում նման առաջարկ չի եղել»: