Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2015-03-03 13:44
Քաղաքական

«Շրջանառության հարկի մասին» օրենքի փոփոխությունը չի կարող ուժի մեջ մտնել 2016թ. հունվարի 1-ից շուտ. Արծվիկ Մինասյան

«Շրջանառության հարկի մասին» օրենքի փոփոխությունը չի կարող ուժի մեջ մտնել 2016թ. հունվարի 1-ից շուտ. Արծվիկ Մինասյան

 Այսօր ԱԺ արտահերթ նիստում քննարկվում էր «Շրջանառության հարկի մասին» օրենքում լրացումներ ու փոփոխություններ անելու մասին հարցը:

 

ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը նշեց, որ կառավարությունն իր խոստումը՝ հասարակության խնդիրներին ականջալուր լինելու վերաբերյալ, մասամբ կատարեց` քննարկման առարկա դարձնելով հասարակության ու քաղաքական ուժերի ներկայացրած առաջարկները:

 

Պատգամավորի խոսքով` ՀՅԴ-ն առաջարկել էր ոչ թե «կամ, կամ»-ի սկզբունքը՝ փաստաթղթավորում կամ առանց փաստաթղթավորման տուգանքներ, այլ թույլ տալ, որ ինքը` տնտեսվարողը, շահագրգռված լինի ապահովել այդ փաստաթղթավորումը և նվազ հարկվել: Այսինքն` պայմանականորեն ընտրվեց «և, և» տարբերակը, որը և իրացվեց: ՀՅԴ-ն առաջարկել էր նաեւ 150 միլիոն դրամ դարձնել շեմը, այլ ոչ թե 113 միլիոն դրամ, ինչպես որոշել է կառավարությունը:

 

Պատգամավորը խոսեց ևս մի խնդրի մասին՝ հաշվետվություն ներկայացնելու ձևի մասին, նշելով, որ ունի կոնկրետ առաջարկություն: «Մասնավորապես` նշված չէ, թե ինչ փաստաթղթեր և ինչ ժամկետներում պետք է ներկայացնեն: Սա պետք է հստակ երևա նախագծում»,- ասաց Արծվիկ Մինասյանը:

 

Մյուս խնդրը, պատգամավորի խոսքով, վերաբերում է տոկոսադրույքներին, որովհետև հայտնի չէ, թե ինչ հաշվարկների հիման վրա են սահմանվել այդ տոկոսադրույքները: Նա նշեց, որ կան ռիսկեր, մասնավորապես, որ տարբերությունը հսկայական է և մեծ կորուստներ կարող է պատճառել սուբյեկտներին, ահա, թե ինչու նախընտրելի է պահպանել 3,5 տոկոսը` սկզբնական փուլում, 3-ն էլ թույլ տալ նվազեցում, և միջին բեռնվածությունը կլիներ 1 տոկոս: Ուստի օրենքը չի կարող ուժի մեջ մտնել 2016թ. հունվարի 1-ից շուտ:

 

«Ընդհանրապես, հարկային օրենսդրության փոփոխությունները չի կարելի արագ իրականացնել: Հարկային դրույքաչափի այս մեծացումը չի կարող ուժի մեջ մտնել հրապարակման հաջորդ օրվանից»,- ասաց Արծվիկ Մինասյանը:

 

Նա առաջարկեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանին` օրենքը համալրել ևս մեկ նոր նախագծով, որովհետև առկա են իրավական հասակսություններ օրենքի փոփոխությունների միջև, մասնավորապես` ժամկետների հետ կապված:

 

Վերջում Արծվիկ Մինասյանը նշեց, որ ՀՅԴ-ն ձեռնպահ է քվեարկելու: