Փոխարժեքներ
13 08 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.03 |
EUR | ⚊ | € 443.29 |
RUB | ⚊ | ₽ 4.795 |
GBP | ⚊ | £ 510.11 |
GEL | ⚊ | ₾ 142.29 |
«Ասպարեզ» ակումբ» ՀԿ-ի նախագահ, Գյումրու ավագանու անդամ Լևոն Բարսեղյանը չի կարծում, որ այսօր, երբ լրանում է Գյումրիի սպանդի զոհերի մահվան 7-րդ օրը, կրկին ժողովրդական հուզումներ կլինեն Գյումրիում:
«Եթե նման բան լիներ, ես կիմանայի: Կան նման տրամադրություններ, բայց, որքան գիտեմ, բողոքի ակցիա չի լինելու»,- Yerkir.am-ի հետ զրույցում ասաց նա:
Բարսեղյանը նշեց, որ ժամը 16:20-ին լինելու է Գյումրու ավագանում արտահերթ նիստ, քննարկվելու է զոհերի ընտանիքին ֆինանսական օգնություն տրամադրելու հարցը, նաև ինքը իշխանություններին առաջարկ է ներկայացնելու: «Ես կարծում եմ, որ Գյումրու ավագանին պարտավոր է պաշտպանել հանրության պահանջը և իրավունք ունի դիմելու իշխանություններին, որպեսզի Պերմյակովի գործը վերցնեն սեփական տիրույթ»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է երեկ` կիրակի օրով, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի անսպասելի ուղերձներին, Լևոն Բարսեղյանը նշեց. «Երեկ Պուտինի երեսլվան էր: Ես կասկածներ ունեմ, որ անցած մի քանի օրերի ընթացքում, երբ մի քանի տասնյակ ռուսաստանյան լրատվամիջոցներ շփվեցին հայաստանյան հանրության հետ, բոլորը թուքումուր են տվել Ռուսաստանի ու Հայաստանի իշխանություններին, և դա ազդել է: Իսկապես ընդվզման ցույցերը Պուտինի մոտ ընկալվել են որպես ռիսկ, և նա որոշել է ինչ-որ բան խոսել: Նրա ասածի մեջ կեղծ բան կար, թե` կրկին ցավակցում եմ: Նախ` ոչ ոք չի հիշում առաջին ցավակցությունը, և հետո` տրամաբանությանն է հակասում, եթե մեկ անգամ ցավակցել ես` երկրորդ ցավակցությունը էլ ո՞րն է: Ես համարում եմ, որ եթե ռուսական ԶՈՒ-ի գլխավոր հրամանատարը Պուտինն է, ի վերջո, փաստ է, որ ռուսական ռազմաբազայից զինվոր է փախել, ուրեմն ինքն էր պարտավոր ներողություն խնդրել ու ցավակցություն հայտնել: Դա ահագին կհանդարտեցներ կրքերը: Նաև եթե Սերժ Սարգսյանը սուգ հայտարարեր, էլի ահագին բան կհանդարտվեր, և չէր լինի այն, ինչ եղավ Գյումրիում»:
Մեր հարցին` արդյո՞ք Հայաստանի ու Ռուսաստանի նախագահների միջև զրույցը Գյումրու սպանդի մասին, Պուտինի աջակցության պատրաստակամությունը կարող են թուլացնել լարվածությունը, Լևոն Բարսեղյանը պատասխանեց. «Չեմ կարծում, արդեն անցած է, արդեն իմաստ չունեցող բան է, ոնց որ հին պահածոյի տուփ բացես»: