Փոխարժեքներ
12 08 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.03 |
EUR | ⚊ | € 443.29 |
RUB | ⚊ | ₽ 4.795 |
GBP | ⚊ | £ 510.11 |
GEL | ⚊ | ₾ 142.29 |
Քաղաքական գիտությունների դոկտոր, պատմաբան Արմեն Այվազյանի ֆեյսբուքյան գրառումը․
ՎԵՐՋԱՊԵ՛Ս մեծ գոհունակությամբ ու ամենայն պատասխանատվությամբ ընթերցողին եմ ներկայացնում տարիների աշխատանքիս արգասիքը՝ 1722–1735 թթ. հայոց ազատամարտերի մասին հերթական պատմագիտական հատորս՝ ՀԱՅՈՑ ԶՈՐՔՆ ԱՐՑԱԽՈՒՄ 1722-1735 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ. ԿԱԶՄԱՎՈՐՈՒՄԸ, ԶԻՆՈՒՄԸ ԵՎ ՃԱԿԱՏԱՄԱՐՏԵՐԸ / Ա. Այվազյան. – Եր.։
Սևծովյան-Կասպյան տարածաշրջանի քաղաքական և սոցիալալան հետազոտությունների հանրային ինստիտուտ, 2025.
352 էջ + 2 ներդիր
Կարճ ասած՝ այս հետազոտությունն այն մասին է, թե ինչպես 1720-ական թվականներին հաջողվեց Արցախում զրոյից ստեղծել մեծաքանակ հայկական զորք՝ մի իսկական ազգ-բանակ, որը լիակատար շրջափակման պայմաններում շուրջ մեկ տասնամյակ մղեց բազմաթիվ մեծ ու փոքր ճակատամարտեր օսմանցի զավթիչների դեմ՝ պատճառելով նրանց տասնյակ հազարավոր կուրուստներ։
ԲԱՑԱՏՐԱԳԻՐ
«Աշխատության մեջ առաջին անգամ համալիր ուսումնասիրության են ենթարկվում 1720-ական թթ. Արցախում (Ղարաբաղ) հայկական զորքերի կազմավորումը, զինումը, թվաքանակը, հրամանատարական կազմը և մարտական պատմությունը՝ գլխավոր ճակատամարտերի ժամանակագրության, վայրերի և արդյունքների ճշտմամբ։ Սկզբնաղբյուրների մանրազնին քննության հիման վրա բացահայտվում են հայոց սպառազինման գործընթացը և հիմնական միջոցները՝ տեղական արտադրությունը և թշնամուց զենքի առգրավումը։ Հստակեցվում են զենքերի տեսակները, դրանց արդիականությունը և քանակը։ Վերլուծվում են այդ տարիներին Արցախում առաջացած երկու անկախ հայկական ռազմաֆեոդալական միավորումների հարաբերությունները և կառուցվածքը, համատեղ պայքարը օսմանյան զավթիչների դեմ, ինչպես նաև ներքին հակասություններն ու բախումները։ Պարզվում և մեկնաբանվում են Արցախում և Սյունիքում ձեռքի հրազենի՝ հրացանների և ատրճանակների, զանգվածային տարածման սոցիալ-քաղաքական նշանակալի հետևանքները, ներառյալ յուրօրինակ պետական-հասարակական համակարգում տեղ գտած ազգային ժողովրդավարության տարրերը»։
ԳՐՔԻ ՎԱՃԱՌՔԻ ՎԱՅՐ
Գիրքը կարելի է ձեռք բերել Երևանի «Բուկինիստ» գրախանութում (Մաշտոցի պող., 20 շենք) և նրա մասնաճյուղերում։
Գրքիս ծնունդը համընկավ Նավասարդի ուրախալի տոն օրվա հետ․ պատահականությո՞ւն էր դա, թե՞ գուցե վերին հայեցողություն՝ չգիտեմ։
Ամեն դեպքում՝ շնորհավոր բոլորիս Նավասարդը՝ հայկական ավանդական Նոր տարին։