կարևոր
3811 դիտում, 1 տարի առաջ - 2022-12-06 18:04
Քաղաքական

Երեկ հրապարակում ինքնամոռաց տոն էր, իսկ երկու ամիս առաջ և հիմա էլ պատերազմ է՝ անթաղ դիերով, խոշտանգված սահմաններով․ Լիլիթ Գալստյան

Երեկ Հանրապետության հրապարակում ինքնամոռաց տոն էր:  Հանրապետական նշանակության եզակի ճարտարապետական  հուշարձանը  սեփական պետության պատվերով և կազմակերպմամբ խոշտանգվել էր հազարավոր խորշերով ու հուշարձանի բաց վերքերի վրա կրկեսային վաղանցուկ երջանկության դիմակ էր:  Երկնքում էլ էր ցնծություն. ականների պայթյուն ու ֆոսֆորային զենքի թափվող անձրև հիշեցնող  հրավառությունն իջնում էր Երևանի վրա, լուսավորելով Եռաբլուրը:  Այս մասին Ազգային Ժողովում հայտարարեց ՀՅԴ ԳՄ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը։

«Իսկ երկու ամիս առաջ և հիմա էլ պատերազմ է՝ անթաղ դիերով,  խոշտանգված  սահմաններով: Գուցե, հազարավորների նման, ես էլ  այսքան  դառնացած չընկալեի, եթե բանակցողը  չխոստովաներ, որ այս իրականությունից  «ցեղասպանության տպավորություն է ստացվում և Հայաստանը մենակ է ողջ աշխարհի դեմ»։  Ի դեպ, ադրբեջանցիների կողմից Արցախի օկուպացված տարածքներում  հայկական մշակութային ժառանգության  ոչնչացման առնչությամբ ամիսներ առաջ նամակ եմ հղել ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենին և ստացել մի օր մշտադիտարկում կկազմակերպենք անիմաստ մի պատասխան: Կոռուպցիոն խայտառակ սկանդալով վարկաբեկված ՅՈՒՆԵՍԿՕ-ից առանձնապես ակնկալիք չունեմ»,- ասաց նա։

 Պատգամավորը նշեց, որ ակնկալիք չունի նաև մեր լիազոր մարմնից, երբ նախարարը՝ երեսպաշտ դիլետանտի համոզումով արդարացնում է հանցագործությունը՝ բարձրաձայնելով, թե ծակերը մի օր կլցնեն:

 «Դիլետանտիզմն ամենուր է. տապալումներ բոլոր ոլորտներում, սուտ, բարոյական և իրավական հատված սահմաններ:  Եվ ոչ մի պատասխանատվություն:

Խաղաղության դարաշրջանի քպ-ական  պատկերացումն ու  բանակցային զրո կետը անդառնալիորեն ողբերգական գին ունեցան:  

Ֆրանսիայի սենատի բանաձևն եկավ  ապացուցելու, որ սուտ է նաև այս ամբիոնից հնչեցրած նշաձողն իջեցնելու միջազգային պահանջը:

Չի կարող ԵԱՀԿ վեհաժողովում ֆրանսիացին խոսել Ադրբեջանի ցեղասպանական նկրտումների, ռազմական հանցագործությունների,  Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման անհրաժեշտության մասին, իսկ քաղաքական մեծամասնությունը, որն  ուրացել է ինքնորոշման իրավունքն ու իր խոսույթից վաղուց ջնջել Արցախի Հանրապետություն բառակապակցությունը,  Արցախի հիմնախնդիրը դիտարկել սոսկ որպես հումանիտար խնդիր:

Ըստ էության, դիվանագիտական սնանկ կուրսի արդյունքում նաև հակամարտության կարգավորման միջազգայնորեն ճանաչված միակ՝ ԵԱՀԿ ձեւաչափն է փոշիացվել:

Ի վերջո, Լավրովի և մյուսների հայտարարությունները, ինչպես նաև Ալմա-Աթիի հռչակագրի խեղված  մեկնաբանությունները, Պրահայի արձագանքները գալիս են հաստատելու Արցախից հրաժարվելու մաքուր փաշինյանական վարքագիծը»,- ասաց ՀՅԴ-ական գործիչը:

Պատգամավորը կարծում է, որ քիրվայական այս խաղաղությունը մեկ նպատակ ունի՝ ամեն գնով պահել իշխանությունը: Ու սրա համար թանկ ենք վճարելու բոլորս:

«Ի դեպ, թուրքական խաղաղությունը պատմություն ունի:  Բաթումիի հաշտությունից քառասուն օր անց Էջմիածնի պատերի տակ թնդանոթներ էին որոտում, հնչում էին Սևանը հայերի դիերով լցնելու խոստումներ: 

Սիրելի հայրենակից, մեր պետականության մասին միայն քպ-ական պատկերացումներն   իրավունք չունեն պարտդրվելու ողջ ազգին»,- ասաց պատգամավորը: