Փոխարժեքներ
12 08 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.03 |
EUR | ⚊ | € 443.29 |
RUB | ⚊ | ₽ 4.795 |
GBP | ⚊ | £ 510.11 |
GEL | ⚊ | ₾ 142.29 |
Վերջին օրերին կրկին ակտիվացել է Բաքվում պահվող հայ պատանդների (գերիների) թեման, և տարբեր տեղեկատվական հարթակներ և օգտատերեր տարածում են նրանց չճշտված ցուցակներ՝ հանգեցնելով պատանդների և մի խումբ անհայտ կորած անձանց հարազատների լրացուցիչ տառապանքների:
Այս մասին հայտարարություն է տարածել Արտակ Բեգլարյանը։
«Ստորև ներկայացնում եմ այն 23 հայերի անուններն ու կարգավիճակները, որոնց գերեվարության (ազատազրկման) հանգամանքը պաշտոնապես հաստատել է Ադրբեջանը: Բնականաբար, հենց այս ցուցակն էլ քննարկվում է պատանդներին ազատելուն ուղղված աշխատանքներում:
Քաղաքացիական գերիներ՝
1. Վիգէն Էօլճեքճեան, ծնվել է 1979թ․: Առևանգվել ու գերեվարվել է 2020թ․ նոյեմբերի 10-ին՝ Շուշի քաղաքի մոտակայքում՝ իր հետ ճամփորդող Մարալ Նաջարյանի հետ միասին։ 2021թ. Էուլջեքյանը դատապարտվել է 20 տարվա ազատազրկման՝ ահաբեկչության ու վարձկանության շինծու մեղադրանքներով։
2. Դավիթ Դավթյան, ծնվել է 1993թ․: Առևանգվել ու գերեվարվել է (իր համախոհ Գևորգ Սուջյանի հետ) 2020 թ․ նոյեմբերի 11-ին՝ Բերձոր-Շուշի ճանապարհով մարդասիրական օժանդակություն մատակարարելու ընթացքում։ 2021թ․ Դավթյանն ու Սուջյանը դատապարտվել են 15 տարվա ազատազրկման՝ լրտեսության շինծու մեղադրանքով։
3. Գևորգ Սուջյան, ծնվել է 1989թ․: Առևանգվել ու գերեվարվել է (իր համախոհ Դավիթ Դավթյանի հետ) 2020 թ․ նոյեմբերի 11-ին՝ Բերձոր-Շուշի ճանապարհով մարդասիրական օժանդակություն մատակարարելու ընթացքում։ 2021թ․ Սուջյանն ու Դավթյանը դատապարտվել են 15 տարվա ազատազրկման՝ լրտեսության շինծու մեղադրանքով։
4. Վագիֆ Խաչատրյան, ծնվել է 1955թ․: Առևանգվել ու գերեվարվել է 2023թ. հուլիսի 29-ին՝ Լաչինի միջանցքի ապօրինի ադրբեջանական անցակետի մոտակայքից՝ շտապ բուժօգնության նպատակով Կարմիր խաչի մեքենայով տարհանվելու ընթացքում: 2023թ. Խաչատրյանը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման՝ 1990-ականներին «ցեղասպանություն իրականացնելու» շինծու մեղադրանքով:
5. Ռաշիդ Բեգլարյան, ծնվել է 1962թ․: Գերեվարվել է 2023թ․ օգոստոսի 1-ին՝ Արցախի ադրբեջանական շրջափակման ընթացքում, երբ մոլորվել էր Աղավնո գյուղի մոտակայքում: 2024թ.-ին դատապարտվել է 1990-ականներին «ռազմական հանցագործություններ կատարելու» շինծու մեղադրանքներով:
6. Մադաթ Բաբայան, ծնվել է 1952թ.: Գերեվարվել է 2023թ. սեպտեմբերի ադրբեջանական ագրեսիայի ժամանակ՝ Մարտակերտի շրջանի Գետավան գյուղում: Այժմ շինծու դատավարության մեջ է գտնվում՝ «ցեղասպանություն իրականացնելու» կեղծ մեղադրանքով:
Ռազմագերիներ՝
7. Ալյոշա Խոսրովյան, ծնվել է մոտ 1968թ.: Գերեվարվել է 2020թ․ հոկտեմբերի 3-ին՝ ադրբեջանական ագրեսիայի ընթացքում Արցախի ինքնապաշտպանությանը մասնակցելու ժամանակ: 2021թ. դատապարտվել է 20 տարվա ազատազրկման ՝ 1990-ականներին Արցախյան առաջին պատերազմի ժամանակ «ադրբեջանցի գերիներին խոշտանգելու» շինծու մեղադրանքով:
8. Լյուդվիգ Մկրտչյան, ծնվել է մոտ 1970թ.: Գերեվարվել է 2020թ․ հոկտեմբերի 20-ին՝ ադրբեջանական ագրեսիայի ընթացքում Արցախի ինքնապաշտպանությանը մասնակցելու ժամանակ: 2021թ. դատապարտվել է 20 տարվա ազատազրկման ՝ 1990-ականներին Արցախյան առաջին պատերազմի ժամանակ «ադրբեջանցի գերիներին խոշտանգելու» շինծու մեղադրանքով:
9. Դավիթ Ալավերդյան, ծնվել է մոտ 1988թ.: Գերեվարվել է 2023թ. սեպտեմբերի 19-20-ին ադրբեջանական ագրեսիայի ընթացքում Արցախի ինքնապաշտպանությանը մասնակցելու ժամանակ: Այժմ գտնվում է շինծու դատավարության մեջ՝ «ահաբեկչության» ու հարակից կեղծ մեղադրանքներով:
10. Լևոն Բալայան, ծնվել է մոտ 1978թ.: Գերեվարվել է 2023թ. սեպտեմբերի 19-20-ին ադրբեջանական ագրեսիայի ընթացքում Արցախի ինքնապաշտպանությանը մասնակցելու ժամանակ: Այժմ գտնվում է շինծու դատավարության մեջ՝ «ահաբեկչության» ու հարակից կեղծ մեղադրանքներով:
11. Վասիլի Բեգլարյան, ծնվել է մոտ 1993թ.: Գերեվարվել է 2023թ. սեպտեմբերի 19-20-ին ադրբեջանական ագրեսիայի ընթացքում Արցախի ինքնապաշտպանությանը մասնակցելու ժամանակ: Այժմ գտնվում է շինծու դատավարության մեջ՝ «ահաբեկչության» ու հարակից կեղծ մեղադրանքներով:
12. Էրիկ Ղազարյան, ծնվել է մոտ 1983թ.: Գերեվարվել է 2023թ. սեպտեմբերի 19-20-ին ադրբեջանական ագրեսիայի ընթացքում Արցախի ինքնապաշտպանությանը մասնակցելու ժամանակ: Այժմ գտնվում է շինծու դատավարության մեջ՝ «ահաբեկչության» ու հարակից կեղծ մեղադրանքներով:
13. Գարիկ Մարտիրոսյան, ծնվել է մոտ 1972թ.: Գերեվարվել է 2023թ. սեպտեմբերի 19-20-ին ադրբեջանական ագրեսիայի ընթացքում Արցախի ինքնապաշտպանությանը մասնակցելու ժամանակ: Այժմ գտնվում է շինծու դատավարության մեջ՝ «ահաբեկչության» ու հարակից կեղծ մեղադրանքներով:
14. Մելիքսեթ Փաշայան, ծնվել է մոտ 1971թ.: Գերեվարվել է 2023թ. սեպտեմբերի 19-20-ին ադրբեջանական ագրեսիայի ընթացքում Արցախի ինքնապաշտպանությանը մասնակցելու ժամանակ: Այժմ գտնվում է շինծու դատավարության մեջ՝ «ահաբեկչության» ու հարակից կեղծ մեղադրանքներով:
15. Գուրգեն Ստեփանյան, ծնվել է մոտ 1987թ.: Գերեվարվել է 2023թ. սեպտեմբերի 19-20-ին ադրբեջանական ագրեսիայի ընթացքում Արցախի ինքնապաշտպանությանը մասնակցելու ժամանակ: Այժմ գտնվում է շինծու դատավարության մեջ՝ «ահաբեկչության» ու հարակից կեղծ մեղադրանքներով:
Նշում. Ոմանց պարագայում ծննդյան տարեթիվը մոտ է նշված, քանի որ նրանց տարիքն էր հայտնի, որից ենթադրվել է ծննդյան տարեթիվը:
Քաղաքական բանտարկյալներ՝
16. Ռուբեն Վարդանյան, ծնվել է 1968թ․: ԱՀ նախկին պետական նախարար (2022թ. նոյեմբերից մինչև 2023թ. փետրվար), ձեռներեց, բարերար, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր։ Վարդանյանը առևանգվել է 2023թ․ սեպտեմբերի 27-ին՝ Լաչինի միջանցքում տեղադրված ադրբեջանական ապօրինի անցակետի մոտ՝ Արցախի քաղաքացիական այլ բնակիչների հետ Հայաստան տեղահանվելիս։ Նա այժմ գտնվում է շինծու դատավարության մեջ՝ անհիմն ու կեղծ մեղադրանքներով:
17. Դավիթ Մանուկյան, ծնվել է 1965թ․: Պաշտոնաթող գեներալ և ԱՀ Պաշտպանության բանակի նախկին փոխհրամանատար։ Առևանգվել է 2023թ․ սեպտեմբերի 27-ին՝ Լաչինի միջանցքում տեղադրված ադրբեջանական ապօրինի անցակետի մոտ՝ Ռուբեն Վարդանյանի հետ միասին։ Նա այժմ գտնվում է շինծու դատավարության մեջ՝ անհիմն ու կեղծ մեղադրանքներով:
18. Դավիթ Բաբայան, ծնվել է 1973թ․: ԱՀ արտաքին գործերի նախկին նախարար (2021-2023թթ.։ Իմանալով, որ Ադրբեջանի կողմից հետախուզման մեջ է և հստակ սպառնալիքների ազդեցությամբ՝ Բաբայանը 2023թ. սեպտեմբերի 28-ին ինքնակամ հանձնվել է։ Նա այժմ գտնվում է շինծու դատավարության մեջ՝ անհիմն ու կեղծ մեղադրանքներով:
19. Լևոն Մնացականյան, ծնվել է 1955թ.: Պաշտոնաթող գեներալ և ԱՀ Պաշտպանության նախկին նախարար – բանակի հրամանատար 2015-2018թթ․։
Մնացականյանը առևանգվել է 2023թ․ սեպտեմբերի 29-ին՝ Լաչինի միջանցքում տեղադրված ադրբեջանական ապօրինի անցակետի մոտ՝ Արցախի քաղաքացիական այլ բնակիչների հետ Հայաստան տեղահանվելիս։ Նա այժմ գտնվում է շինծու դատավարության մեջ՝ անհիմն ու կեղծ մեղադրանքներով:
20. Արկադի Ղուկասյան, ծնվել է 1957թ․: Ղուկասյանը եղել է Արցախի Հանրապետության երկրորդ նախագահը (1997-2007թթ․) Առևանգվել է 2023թ․ հոկտեմբերի 3-ին, Ստեփանակերտում։ Նա այժմ գտնվում է շինծու դատավարության մեջ՝ անհիմն ու կեղծ մեղադրանքներով:
21. Բակո Սահակյան, ծնվել է 1960թ․: Սահակյանը եղել է Արցախի Հանրապետության երրորդ նախագահը (2007-2020թթ.): Առևանգվել է 2023թ․ հոկտեմբերի 3-ին, Ստեփանակերտում։ Նա այժմ գտնվում է շինծու դատավարության մեջ՝ անհիմն ու կեղծ մեղադրանքներով:
22. Արայիկ Հարությունյան, ծնվել է 1973թ․: Հարությունյանը եղել է Արցախի Հանրապետության չորրորդ նախագահը (2020-2023թթ․): Առևանգվել է 2023թ․ հոկտեմբերի 3-ին, Ստեփանակերտում։ Նա այժմ գտնվում է շինծու դատավարության մեջ՝ անհիմն ու կեղծ մեղադրանքներով:
23. Դավիթ Իշխանյան, ծնվել է 1968թ․: Իշխանյանը եղել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ (2023թ. օգոստոսից մինչև 2025թ. մայիս): Առևանգվել է 2023թ․ հոկտեմբերի 3-ին, Ստեփանակերտում։ Նա այժմ գտնվում է շինծու դատավարության մեջ՝ անհիմն ու կեղծ մեղադրանքներով:
Ամփոփում
• Թվերը. Մենք ունենք 23 հաստատված հայ պատանդ Ադրբեջանում, որոնցից 6-ը քաղաքացիական գերիներ են, 9-ը՝ ռազմագերիներ և 8-ը՝ քաղաքական բանտարկյալներ: 23-ից 7-ն արդեն շինծու կերպով դատապարտված են և կրում են իրենց անհիմն «պատիժը», իսկ 16-ն այժմ շինծու դատավարության փուլում են՝ բազմազան անհիմն մեղադրանքներով:
• Եզրութաբանությունը. Իրականում բոլորի վերաբերյալ կարելի է կիրառել թե՛ «պատանդ» և թե՛ «գերի» եզրույթները. Պատանդ, քանի որ ալիևյան ռեժիմն իրենց ազատելու համար պահանջում է տարաբնույթ զիջումներ Հայաստանից և հնարավոր միջնորդներից, իսկ գերի, քանի որ բոլորն էլ ազատազրկվել են հակամարտության պատճառով ու պայմաններում՝ հակամարտության մյուս կողմից լինելու հիմքով: Սակայն, ինչպես վերևում գրեցի, իրենք բաժանվում են երեք կարգավիճակային ենթախմբի՝ քաղաքացիական գերիներ, ռազմագերիներ և քաղաքական բանտարկյալներ:
• Այլ կարգավիճակները. 2020-2023թթ. ադրբեջանական ագրեսիաների հետևանքով մենք ունենք շուրջ 80 բռնի անհետացած անձինք, որոնց գերեվարման հանգամանքը ապացուցվում է անառարկելի փաստերով, բայց Ադրբեջանը չի հաստատում նրանց գերեվարումը: Ունենք նաև ավելի քան 200 անհայտ կորած անձինք, որոնց թիվը ես ճշգրիտ չգիտեմ, քանի որ պետական մարմինները, Կարմիր խաչը և իրավապաշտպան համայնքը տարբեր թվեր են ներկայացնում: Այս թվերը չեն ներառում 1990-ականներին անհայտ կորած ու բռնի անհետացած անձանց:
Ուստի, հորդորում եմ բոլորին (հատկապես՝ լրագրողներին ու տեղեկատվական դաշտում ակտիվ անձանց) իրենց հրապարակումներում հաշվի առնել վերոնշյալ ցուցակը և եզրութաբանական առանձնահատկությունները»,-նշվում է հայտարարության մեջ: