կարևոր
610 դիտում, 3 ժամ առաջ - 2025-08-12 13:40
Հասարակություն

Նարեկ Սարգսյանը կապ չունի սպանության հետ, հարազատները կասկածներ ունեն, որ դատարանը ակնհայտ ապօրինություն և պատվեր է կատարում․ փաստաբան՝ Աննա Ծառուկյան

Այսօր տեղի է ունեցել Նարեկ Սարգսյանի գործով փաստաբանների մամուլի ասուլիսը։

Հիշեցնենք, որ տուժողի՝ 35-ամյա Տաթևիկ Աբրահամյանի դին հայտնաբերվել է 2022 թ. մայիսի 5-ին՝ Երևանի բնակարաններից մեկում՝ պարանոցի և դեմքի շրջանում բռնության հետքերով։ Վերջինս ոստիկանության Կոտայքի մարզային վարչության նախկին պետ, ոստիկանության գնդապետ Ավետիք Աբրահամյանի դուստրն էր, աշխատում էր ԵՊՀ-ում՝ որպես դասախոս։ Քրեական վարույթի շրջանակներում ձերբակալվել, ապա կալանավորվել է Տաթևիկի ամուսինը՝ Նարեկ Սարգսյանը։ Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի առաջին մասով՝ սպանության հատկանիշներով։ Նարեկ Սարգսյանը Մրգավետ համայնքի նախկին ղեկավարի որդին է, որն, ըստ մեղադրանքի, խեղդամահ է արել կնոջը։ Պաշտպանական կողմը շարունակում է պնդել, որ Նարեկ Սարգսյանն առնչություն չունի դեպքին։

«Մենք գործ ունենք ամուսինների հետ, մշտապես իրար գրկող, երեխային գրկից գիրկ փոխանցող մարդկանց հետ… Եթե դատարանը արդարամիտ է և պատվեր չի կատարում, այս եզրակացությունը չի կարող օգտագործվել մեղադրանքի օգտին»,- ասուլիսի ժամանակ ասաց փաստաբան Աննա Ծառուկյնաը։

Ծառուկյանի խոսքով՝ դիակի դատաբժշկական փորձաքննությունը կատարվել է առանց անհրաժեշտ ելակետային տվյալների, ինչի մասին փաստել է նաև Հերացի դատաբժշկական կենտրոնի տնօրենը․

«Տրված եզրակացությունը թերի է, մեղմ ասած թերի, և անհրաժեշտ է կրկնակի փորձաքննություն»։

Նա մատնանշեց մեղադրանքի ժամանակային հակասությունները․ ըստ քննիչի՝ սպանությունը կատարվել է 2022-ի մայիսի 4-ին՝ 9:15 -11:20 ժամանակահատվածում, սակայն տեխնիկական և վկաների տվյալները ցույց են տալիս, որ այդ ժամերին Նարեկ Սարգսյանը և տուժողը գտնվել են այլ վայրերում։ Դատաբժիշկը նշել է, որ մահը կարող էր վրա հասնել միայն մայիսի 5-ի գիշերը։

Ծառուկյանը նաև ներկայացրեց դեպքի հաջորդականությունը․ Նարեկ Սարգսյանը երեխային տարել է հայրական տուն, ապա վերադարձել և կնոջը գտել է ուշագնաց վիճակում։

«Եթե մարդ սպանություն կատարեր, ամենաքիչը կփախչեր, բայց նա վերադարձել է, շտապօգնություն է կանչել»։

Փաստաբանը լուրջ կասկածներ հայտնեց շտապօգնության բժիշկների ցուցմունքների նկատմամբ․ տեսախցիկների կադրերը ցույց են տալիս, որ նրանք շենք են մտել, սակայն բնակարան մուտք չեն գործել՝ հակասելով իրենց նախաքննական ցուցմունքներին։

«Այս հարցը կարևոր է, որովհետև հնարավոր էր տուժողին փրկել մինչև գիշերվա 2-ը, բայց դատարանը այս հանգամանքն անտեսում է»։

Ծառուկյանի խոսքով՝ գործի մեջ բազմաթիվ բացեր և հակասություններ կան, որոնք ցույց են տալիս, որ մահվան իրական ժամանակը չի համընկնում մեղադրանքի նկարագրածի հետ, և բժշկական անփութությունը հնարավոր է ապացուցել միայն հանձնաժողովային փորձաքննությամբ։

Մանրամասն՝ տեսանյութում։