կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-09-10 15:03
Քաղաքական

Պատգամավորի ամեն «հնարավո՞ր է» հարցն Աշոտյանին նախկին վարչապետին է հիշեցնում

Պատգամավորի ամեն «հնարավո՞ր է» հարցն Աշոտյանին նախկին վարչապետին է հիշեցնում

Այսօր ԱԺ նիստում ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը ներկայացրեց այն երկու վարկային ծրագրերը, որոնց շրջանակում ֆինանսական աջակցություն է տրվել: Ծրագիրը միտված է նպաստել կրթական բարեփոխումների շարունակականությանը, կազմում է 30 մլն դոլար, որի կեսը տրվել է որպես արտոնյալ վարկ Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի կողմից: Վարկի ուղղությունները երեքն են` հանրակրթական ոլորտի բարեփոխումներ, աջակցություն բարձրագույն կրթության ոլորտի բարեփոխումներ և մշտադիտարկում` ծրագրի կառավարում և գնահատում:

 

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը հարց ուղղեց նախարարին, մասնավորապես` վարկային ծրագրի երրորդ բաղադրիչի հետ կապված:

 

«Որքա՞ն է կազմում մշտադիտարկման համար տրամադրվող գումարը, և հնարավոր՞ է, արդյոք, մշտադիտարկման փոխարեն բարենորոգել ծայրահեղ վիճակում գտնվող դպրոցները: Հնարավո՞ր է, թե՞ ոչ»,- հարցրեց Տիգրան Ուրիխանյանը:

 

«Ամառային հանգստի ընթացքում կարծում էի` ավելի կրեատիվ հարցադրման սխեմաներ կարող էիք առաջ քաշել, քան նախորդ վարչապետից սկսած մինչ օրս տրվող ձեր հարցադրումները»,- հակադարձեց նախարարը:

 

Պատգամավորը արձագանքեց. «Ամեն իմ հարցին  անցյալից ինչ-որ բան եք հիշեցնում: Ես կրեատիվներ չեմ փնտրում, կոնկրետ հարց եմ տալիս` հնարավո՞ր է փոխել հոդվածը և ավելի արդյունավետ ծախսել այդ գումարը»:

 

Նախարարը պատասխանեց. «Իհարկե, հնարավոր է, այն դեպքում, երբ ինձ հուշեք` ինչպես ծրագիր իրականացնել առանց ծրագիր իրականացնողների, առանց աշխատակից, գրասենյակ պահելու և այլն»: