Փոխարժեքներ
30 07 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 383.94 |
EUR | ⚊ | € 450.25 |
RUB | ⚊ | ₽ 4.8453 |
GBP | ⚊ | £ 516.63 |
GEL | ⚊ | ₾ 141.78 |
Ամեն անցնող օրվա հետ, երբ Հայաստանի քաղաքական և ռազմական իրավիճակը շարունակում է սրվել, վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքում ակտիվորեն փորձում է վերահսկողություն հաստատել Հայ Առաքելական եկեղեցու նկատմամբ։ Նա կարծես չի գիտակցում, որ Եկեղեցու գործերին իր մշտական միջամտությամբ խախտում է Սահմանադրությամբ հաստատված Եկեղեցու և պետության տարանջատման սկզբունքը։
Ավելին, վերջին յոթ տարիների ընթացքում Փաշինյանը խախտել է հարյուրավոր օրենքներ։ Նա 2020 թվականին Հայաստանը տարավ աղետալի պարտության Արցախյան պատերազմում, 2023 թվականին լքեց Արցախը, իսկ 2021 և 2022 թվականներին թույլ տվեց ադրբեջանական զորքերին գրավել Հայաստանի Հանրապետության որոշ տարածքներ, չնայած երկրի սահմանները պաշտպանելու իր սահմանադրական պարտավորությանը։ Իրավիճակն ավելի վատացնելով, ի պատասխան այն հարցին, թե ինչ է պատրաստվում անել ադրբեջանական զորքերը հայկական տարածքներից դուրս բերելու համար, նա անամոթաբար պատասխանում է՝ «Ոչինչ»։
Կեղծ ժողովրդավարության քողի տակ Փաշինյանը փաստացի դարձել է բռնակալ. նա մենաշնորհել է իշխանությունը՝ վերահսկելով կառավարության բոլոր ճյուղերը, պահպանելով մեծամասնությունը խորհրդարանում, նշանակելով հնազանդ նախագահի և հրամայելով դատավորներին ու անվտանգության ուժերին կատարել իր անօրինական պահանջները։
Իր քաղաքական և ռազմական անհաջողություններից հասարակության ուշադրությունը շեղելու նպատակով՝ Փաշինյանը մայիսի 29-ին կառավարության նիստի ժամանակ հարձակվեց Հայ Առաքելական Եկեղեցու վրա: Հաջորդ շաբաթների ընթացքում նա Ֆեյսբուքում տասնյակ զրպարտիչ գրառումներ կատարեց Եկեղեցու և հոգևորականների դեմ, հաճախ օգտագործելով լկտի բառապաշար՝ առանց փաստերի ներկայացման, ինչը զրպարտության վերաբերյալ Հայաստանի օրենքների խախտում է: Նա բազմիցս պահանջել է Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հրաժարականը կամ հեռացումը: Միևնույն ժամանակ, Փաշինյանի կենակիցը՝ Աննա Հակոբյանը, հետևել է նրա օրինակին իր սեփական գռեհիկ գրառումներով՝ զրպարտելով բարձրաստիճան հոգևորականներին՝ նրանց անվանելով «երկրի գլխավոր մակապիղծներ» և «սև սքեմ հագնող այլասերված մոլագարներ»:
Վերջերս կայացած հանրային միջոցառման ընթացքում Փաշինյանը փորձեց բացատրել, թե ինչու ինքն ու Աննան երբեք չեն ամուսնացել։ Նա հայտարարեց, որ վախենալով նախկին ղեկավարների կողմից ձերբակալման հնարավորությունից և մտահոգվելով, որ կառավարությունը կարող է առգրավել իր տունը, այն գրանցել է Աննայի անունով։ Սա ակնհայտորեն մանիպուլյացիա էր քննադատությունից խուսափելու նպատակով, քանի որ նա զգում էր, որ հասարակության մոտ կասկածներ են առաջացել իր ենթադրյալ բարեպաշտության մասին։ Խախտելով ամուսնության սրբությունը՝ նա իրավամբ այն մարդը չէ, որ քարոզի անարատություն։ Ինչպես նշվում է Աստվածաշնչում (Եբրայեցոց 13:4). «Ամուսնությունն ամբողջովին պատվական է, իսկ ամուսնական անկողինը՝ սուրբ, իսկ շնացողներին ու պոռնիկներին Աստված պիտի դատի»։ Բացի այդ, Հայաստանի ո՛չ ներկա, ո՛չ նախկին կառավարությունները երբևէ չեն առգրավել ձերբակալված անձանց սեփականությունը, ներառյալ Փաշինյանի դեպքում։
Վերջերս Փաշինյանը հայտարարեց խորհրդի ստեղծման մասին՝ Նորին Սրբությանը հեռացնելու նպատակով: Նա նույնիսկ կոչ արեց ժողովրդին հավաքվել Էջմիածնում՝ ստիպելու Կաթողիկոսին հրաժարվել: Փաշինյանը հայտնեց, որ նախատեսվող հեռացումից հետո պատրաստվում է նշանակել տեղապահ (եկեղեցու ժամանակավոր ղեկավար) ամուսնացյալ քահանայի, ինչը բացահայտորեն հակասում է եկեղեցական կանոններին, որ պիտի փոխարինվի նոր Կաթողիկոսով, որը կընտրվի իր վերափոխած Եկեղեցու Կանոնագրքով։ Սա ոչ միայն բացահայտ խախտում է եկեղեցու և պետության տարանջատման սկզբունքը, այլ նաև Սահմանադրության լիակատար բզկտումն է։ Մարդ, որը աղետալի կերպով ձախողվել է վարչապետի պաշտոնում, այժմ ցանկանում է հեռացնել ընտրված Կաթողիկոսին, վերաշարադրել Եկեղեցու Կանոնագիրքը, ամուսնացյալ քահանայի նշանակել որպես տեղապահ և հաստատել նոր Կաթողիկոսին։
Տարօրինակ կերպով, Փաշինյանը հայտարարում է, որ ստուգելու է ապագա Կաթողիկոսի թեկնածուների բարոյական անաղարտությունը՝ առանց պարզաբանելու, թե ինչպես է մտադիր իրականացնել այս անհնարին առաքելությունը։
Ահա ավելի լավ առաջարկ Փաշինյանի համար. ինչու ինքն իրեն չնշանակի որպես նոր Կաթողիկոս, որպեսզի կարողանա միաժամանակ վերահսկել թե՛ պետությունը, թե՛ Եկեղեցին։ Կամ էլ իր կենակից Աննա Հակոբյանին նշանակի Կաթողիկոս՝ Եկեղեցին «արդիականացնելու» համար։ Նա կարող է նույնիսկ սրբադասել նրան՝ ազատելով բարոյական ցանկացած ստուգումից։ Միակ կազմակերպչական խնդիրն այն է, որ «Սրբուհի» Աննան պետք է չեղարկի Պեկինում առաջիկա երկու տարիների ընթացքում չինական փիլիսոփայություն ուսանելու իր ծրագիրը։
Փաշինյանը մեծ ամբարտավանությամբ հայտարարեց, որ ինքը լիովին համապատասխանում է իր իսկ խորհուրդը ղեկավարելու պահանջներին, որը պետք է զբաղվի Կաթողիկոսի հեռացման գործընթացով։ Խորհրդի անդամները պետք է.
- լինեն Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու մկրտված անդամ (չնայած պարզ չէ՝ արդյոք Փաշինյանը մկրտված է, թե ոչ)․
- հավատան Հիսուս Քրիստոսին․
- գոնե մեկ անգամ սկզբից մինչեւ վերջ կարդացած լինեն Աստվածաշունչը․
- վերջին հինգ տարում գոնե մեկ անգամ պահած լինեն Մեծ Պահքը․
- ամեն օր աղոթող լինեն։
Նա նաև սահմանել է, որ խորհրդում ընդգրկված ցանկացած կուսակրոն հոգևորական պետք է պահպանած լինի իր կուսակրոնության ուխտը: Սակայն Փաշինյանը որևէ բացատրություն չի տալիս, թե ինչպես է ստուգելու այդ չափանիշներին համապատասխանությունը:
Չնայած անցյալ շաբաթ լուրեր էին շրջանառվում, որ Փաշինյանի կողմից հրահրված ամբոխը պատրաստվում է հավաքվել Էջմիածնում՝ «ազատելու» Կաթողիկոսարանը Գարեգին Երկրորդից, սակայն դա տեղի չունեցավ: Կամ այդ լուրերն էին կեղծ, կամ էլ Փաշինյանը հետաձգեց գործողությունը՝ տեսնելով, որ իր ընդդիմադիները հավաքվել են պաշտպանելու Կաթողիկոսին: Քանի որ Եկեղեցու կողմնակիցները զգալիորեն գերազանցում են Փաշինյանի հետևորդներին, երկու խմբերի միջև ցանկացած բախում կարող է վերածվել արյունահեղության Էջմիածնի սուրբ հողում:
ԱՄՆ Միջազգային հանրապետական ինստիտուտի կողմից իրականացված վերջին հարցման համաձայն՝ Հայաստանի բնակչության 58 տոկոսն աջակցում է Եկեղեցուն, ինչը 2024 թվականի ցուցանիշի համեմատ 10 տոկոսով ավելի է։ Միևնույն ժամանակ, հարցվածների 59 տոկոսը դժգոհ է վարչապետի աշխատանքից, ինչը 9 տոկոսով ավելի է նախորդ տարվա ցուցանիշի համեմատ։
Փաշինյանի անօրինական և կործանարար ծրագիրը հաջողության չնչին հնարավորություն ունի։ Կաթողիկոսը, ամենայն հավանականությամբ, հրաժարական չի տա։ Փաշինյանի հնարավոր միակ տարբերակը կլինի՝ իր զինված անվտանգության ծառայողներին ուղարկել՝ կեղծ մեղադրանքներով Կաթողիկոսին ձերբակալելու համար։ Եթե Կաթողիկոսը ձերբակալվի, ապա նոր Կաթողիկոս չպետք է ընտրվի, որպեսզի Գարեգին Երկրորդը շարունակի ղեկավարել Եկեղեցին իր բանտախցից։ Ինչպիսի՜ խայտառակություն աշխարհի առաջին քրիստոնյա ազգի համար...
Հուսանք, որ այս սարսափելի սցենարներից ոչ մեկը իրականություն չի դառնա։ Փաշինյանը ինքն է, որ պետք է հրաժարական տա։ Եթե նա մերժի, ապա անհրաժեշտ է անմիջապես հեռացնել նրան։ Հայերը չեն կարող սպասել մինչև 2026 թվականի հունիսին կայանալիք հաջորդ խորհրդարանական ընտրությունները։ Մինչ այդ, Հայաստանը կարող է այլևս գոյություն չունենալ, քանի որ Փաշինյանն այն քանդում է մաս առ մաս, օր առ օր։
Հարութ Սասունյան
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի