կարևոր
3532 դիտում, 20 ժամ առաջ - 2025-07-30 16:06
Հասարակություն

400-ժամյա արժեքավոր տեսագրություն. հայերը պատմում են իրենց արմատներին վերադառնալու ճամփորդության մասին

400-ժամյա արժեքավոր տեսագրություն. հայերը պատմում են իրենց արմատներին վերադառնալու ճամփորդության մասին

Թալին Չամիչյան

Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի Հայկական հետազոտությունների ինստիտուտի կայքում հրապարակվել է 400-ժամյա տեսագրությունը, որը ներկայացնում է այնթափցի ամերիկահայ Արմեն Արոյանի «դեպի արմատներ ճանապարհորդությունը», որ նա կատարել է Թուրքիայի տարբեր շրջաններում, շուրջ 1500 սփյուռքահայերի հետ։

1987 թ․ էր, երբ ամերիկահայ Արմեն Արոյանն առաջին անգամ ժամանեց Թուրքիայի Գազիանթեփ (Այնթափ-Ակունքի խմբ) քաղաք՝ նախնիների հետքերը գտնելու։ Հնարավոր է՝ նա այդ առաջին ուղևորության ժամանակ չգիտեր, որ դա կլինի ավելի քան 100 ուղևորություններից առաջինը, որոնք կատարելու է Թուրքիայի տարբեր շրջաններ, որոնք կշարունակվեն մինչև 2017 թ․՝ ավելի քան 1480 այլ ամերիկացիների և սփյուռքահայերի հետ՝ իրենց արմատները վերագտնելու համար։

Չնայած նա այսօր տարիքի պատճառով չի կարողանում կատարել նման ուղևորություններ, սակայն Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի Հայագիտական ուսումնասիրությունների ինստիտուտի կայքում նրա 30 տարվա ընթացքում նկարահանած ավելի քան 400 ժամանոց տեսանյութը հրապարակվել է որպես վկայություն, և տեսանյութերի հավաքածուն այժմ հասանելի է բոլորի համար։ Արոյանը 2018 թ․ տեսագրությունները նվիրաբերել է ինստիտուտին։ 400 ժամ տևողությամբ Արոյանի տեսանյութը ամբողջությամբ բաղկացած է Արոյանի առաջնորդությամբ իրենց նախնիների հայրենիքը վերագտնելու նպատակով այնտեղ այցելած այն հայերի ժառանգների բանավոր պատմություններից, որոնք բռնի տեղահանվել և սպանվել էիրն։ Անգլերեն, հայերեն, թուրքերեն և երբեմն քրդերեն լեզուներով տեսանյութերում հնարավոր է տեսնել Վիլյամ Սարոյանի զարմիկին, որը պատմում է իր ընտանիքի պատմությունը Բիթլիսում (Բաղեշ-Ակունքի խմբ․), կամ մեկ այլ թոռան, ով գտել է իր պապի նկարագրած եկեղեցին Ադանայում՝ թեև ավերակների մեջ։ Քաղաքների, ավանների կամ գյուղերի բնակիչներին անընդհատ հարցեր տալով՝ նրանք նաև բացահայտում են այն հողը, որտեղ քայլել, ապրել կամ թաղվել են իրենց նախնիները։ Ճանապարհորդությունները, որտեղ տարիները հետ են հոսում, նաև բացահայտում են արցունքներ, հետաքրքրասիրություն, անցյալի ժառանգության կարոտ և երախտագիտության զգացում կոտորածի (Հայոց ցեղասպանության-Ակունքի խմբ․) ժամանակ անհետացած նախնիների նկատմամբ։

Այնթափից մինչև Կալիֆոռնիա

Արմեն Արոյանը, ում մայրական կողմի տատիկն ու պապիկը Այնթափից էին, իսկ հայրական կողմի պապը՝ Խալֆաթիի Ջիբին գյուղից, ծնվել է Կահիրեում։ Արմենի պապը՝ Արմենակ Արոյանը, ավարտել է Այնթափի Կենտրոնական թուրքական քոլեջը։ Ջիբինում և Հաճնում որոշ ժամանակ դասավանդելուց հետո նա աշխատանք է գտել Կահիրեում գտնվող բրիտանական ընկերությունում և բնակություն հաստատել այնտեղ։ Նրա տատը՝ Գյուլենյա Գյուզելիմյանը, սովորել էր Այնթափի օրիորդաց քոլեջում և 1895 թ․ ընտանիքի հետ գաղթել էր Կահիրե։ Գյուլենյան և Արմենակ Արոյանը ամուսնացել են, և Արմենի հայրը՝ Ալբերտ Արոյանը, ծնվել է այնտեղ։ Ալբերտ Արոյանն ապրել է Կահիրեում մինչև որդու՝ Արմենի ծնունդը, ապա նրան տարել է Ամերիկա։

Արմեն Արոյանը սովորել է էլեկտրոնային ճարտարագիտություն Հարավային Կալիֆոռնիայի համալսարանում։ Երբ 1990-ականներին նրան ազատեցին աշխատանքից, նա ճգնաժամը վերածեց հնարավորության։ Նա ուրախություն գտավ ոչ թե իր աշխատանքում, այլ ճանապարհորդելու, ուսումնասիրելու և նոր մարդկանց հետ հանդիպելու մեջ։ Նախկինում նա միայնակ ճանապարհորդել էր Այնթափ և Թուրքիա, որտեղ որոշել էր ճանապարհորդել հայկական սփյուռքի այլ ներկայացուցիչների հետ և բացահայտել նրանց ընտանիքների միջև հատվող պատմությունն ու ճշմարտությունը։

Նրա առաջին «ժառանգության ճանապարհորդությունը» կատարվել էր իրենց արմատները փնտրող 20 հոգու հետ։ Հաջորդեցին ավելի մեծ թվով մարդիկ։ Գյուղերը, գյուղաքաղաքներ, ճանապարհներ և քաղաքներ հաջորդում էին միմյանց։ Արոյանը «ուխտավորներ» անվանեց նրանց, ովքեր ճանապարհ ընկան իրենց արմատները գտնելու համար։

30 տարվա ընթացքում շատ բան է փոխվել

Արմեն Արոյանը Armenian Weekly-ին ասել է, որ Թուրքիայի ներքաղաքական իրավիճակի փոփոխությանը զուգընթաց փոխվել է նաև իր շփումների բնույթը պաշտոնյաների, վարորդների և տեղացիների հետ. «Մի փոքր թուրքերեն գիտեի։ Եվ ամեն տարի ավելի էի սովորում։ Մենք կարող էինք հասկանալ, թե երբ են մարդիկ տատանվում մեզ հետ խոսել և երբ են իրենց հարմարավետ զգում ընդունելու այն պատմությունը, որը գիտեին, որը ճշմարիտ էր։ Շատ օգտակար էր դա տեսնելը։ Նրանք մեր դրդապատճառների մասին մտածելուց անցան լսած պատմությունները բացահայտ պատմելուն։ Այս երեսուն տարիների ընթացքում շատ բան է փոխվել»։

Այս ճանապարհորդությունների ընթացքում «ուղեցույց» ծառայելուց բացի, Արոյանը նաև աշխատել է որպես բանավոր պատմաբան։ Նա մանրամասն տեսագրել է յուրաքանչյուր ճանապարհորդություն՝ օգտագործելով իր ժամանակի տեխնոլոգիաները։ Իհարկե, տեսանյութերի որակը և մատչելիությունը փոխվել են տարիների ընթացքում, և Արոյանի ձայնագրությունները ենթարկվել են ձևաչափի փոփոխությունների։ Սակայն բովանդակությունը մնացել է նույնը՝ այն պահերը, երբ շրջագայության մասնակիցները պատմում էին, երգում, լաց լինում, պատմում պատմություններ, կիսվում հայոց պատմության բեկորներով և զրուցում տեղացիների հետ։ Եվ թե ինչպես էին պատմությունները տարբերվում երկու կողմերում… «Ուխտավորներից» մեկն ասել է. «Դու նման ես հայ փականագործի։ Անխոնջ օգտագործել ես քո խաղաղարար հմտությունները՝ փակ դռներ բացելու համար։ Այս դռների հետևում, որոնք մեզ համար փակ են, ընկած է մեր անձնական պատմությունը, նույնիսկ մեր ինքնությունը։ Քեզ հետ լայն բացվեցին այս արգելված դռները։ Այսպիսով, անցանք շեմը, նոր սկիզբ դրեցինք և խորը շունչ քաշեցինք»։

https://www.agos.com.tr/tr/yazi/35300/400-saatlik-goruntulu-hazine-ermeniler-koklere-yolculugu-anlatti

Թարգմանեց Տիգրան Չանդոյանը

www.akunq.net