|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Սաուդյան Արաբիայի իշխանությունները հայտարարել են, որ Իրանը «մեծ վնաս» կկրի, եթե շարունակի հարձակվել արաբական պետությունների վրա։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է «Ինտերֆաքս» գործակալությունից:
«Իրանը շարունակում է իր ագրեսիան՝ հիմնվելով որևէ փաստական հիմքից զուրկ անհեթեթ պատրվակների վրա», - հայտարարել է թագավորության ԱԳ նախարարությունը։
Էր Ռիադում նշել են, որ իրանական կողմը չի իրականացրել նախագահ Մասուդ Փեզեշքիանի հայտարարությունն այն մասին, որ Թեհրանը դադարեցրել է հարձակումները Պարսից ծոցի արաբական պետությունների վրա։
Հայտարարության մեջ նշվում է նաև, որ իրանական գրոհները նշանակում են «հետագա սրացում, որը լուրջ ազդեցություն կունենա հարաբերությունների վրա ինչպես ներկայում, այնպես էլ ապագայում»։
Ավելի վաղ Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ մարտի 9-ի առավոտյան երկրի զինված ուժերը ոչնչացրել են Շայբա խոշոր նավթահանքը թիրախավորող երկու անօդաչու թռչող սարք։
Արաբական Միացյալ Էմիրությունների պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Իրանից հրթիռային և դրոնային հարձակման պատճառով աշխատել են ՀՕՊ համակարգերը, լսվել են պայթյուններ։
Կատարի պաշտպանության նախարարությունը նույնպես հաղորդել է մարտի 9-ի վաղ առավոտյան հրթիռային գրոհի մասին։
Միևնույն ժամանակ The Associated Press-ը, հղում անելով անվտանգության ծառայության իրազեկ աղբյուրի, հաղորդել է, որ Իրաքի հակաօդային պաշտպանության ուժերը մարտի 9-ի վաղ առավոտյան անօդաչու թռչող սարք են խոցել, երբ այն մոտենում էր Բաղդադի միջազգային օդանավակայանի տարածքում գտնվող «Վիկտորիա» ավիաբազային։
Իր հերթին, Բահրեյնը հայտարարել է իրանական անօդաչուի գրոհի հետևանքով 32 վիրավորի մասին։
Ավելի վաղ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը ներողության էր խնդրել Պարսից ծոցի երկրներին ուղղված հարվածների համար և հայտարարել, որ արաբական երկրները կթիրախավորվեն միայն այն դեպքում, եթե նրանց տարածքն օգտագործվի ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի դեմ հարվածների համար։