|
Փոխարժեքներ
21 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.47 |
| EUR | ⚊ | € 446.97 |
| RUB | ⚊ | ₽ 4.7393 |
| GBP | ⚊ | £ 510.45 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Դաշնակից երկրի հակառակորդին 1 միլիարդ դոլարի ցամաքային սպառազինություն վաճառած Ռուսաստանի պաշտոնական մեկնաբանություններն առ այդ, մեղմ ասած, լուրջ չեն, եթե չհաշվենք, որ նաև որոշակի քամահրանք են պարունակում նույն ռազմավարական դաշնակցի հանդեպ: ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Ն. Պատրուշևի պատասխանը հայ լրագրողի հարցին` ինչպես բացատրել, որ Ռուսաստանն այդքան մեծածավալ զենք է մատակարարում իր ռազմավարական գործընկերոջ հակառակորդին, պարզապես դեմագոգիա է. վերջինս վկայակոչել է ինչ-ինչ միջազգային համաձայնագրեր, որոնք իրենք չեն խախտել, ապա նաև ՌԴ ինչ-որ օրենքներ, որոնք հավաստում են Ռուսաստանի իրավունքը` հանուն տնտեսական շահի առևտուր անել ցանկացած պետության հետ:
Մի կողմ թողնենք այն հանգամանքը, որ ՌԴ ԱԽ քարտուղարն այնքան էլ ճիշտ չէ իրավական առումով, և դա մատնացուցում է երկու երկրների միջև կնքված ռազմական համագործակցության պայմանագիրը, բայց որքանո՞վ է նա ճիշտ և արդարացի բարոյական առումով: Ռուսաստանը, փաստորեն, միջպետական հարաբերություններում բարոյականության ու բարեկամության վերաբերյալ իր ուրույն պատկերացումներն ունի: Եվ ամենատարօրինակն այն է, որ այդ պատկերացումները ռազմավարական դաշնակիցը հանգիստ պարտադրում է նաև մեզ` հանձին մեր ԱԱԽ քարտուղարի և պաշտպանության նախարարի, ովքեր զենքի վաճառքի իրողությունը պարզվելուց հետո ստեղծված խիստ երկիմաստ իրադրության մեջ նաև պարգևատրվում են դաշնակցի կողմից, հանրությանն ի տես գրկախառնվում հերթական մեդալը ստանալիս: Եվ հանրությանն ուղղված ծաղր ու քամահրանք է դառնում այդ ամենը, երբ պարզվում է նաև, թե ինչ մեդալներ են դրանք` ռազմատեխնիկական համագործակցության համար. ծաղրը իրական է դառնում նրանով, որ նույն մեդալներին հանգիստ կարող էին հավակնել Ադրբեջանի պաշտպանության նախարարն ու համապատասխան ծառայության ղեկավարը: Այնուհետև ջերմ գրկախառնության «պայմաններում» ՀՀ ԱԱԽ մեդալով պարգևատրվում է Ն. Պատրուշևը:
Պաշտոնական Երևանն, այդպիսով, ամեն ինչ անում է բանն այնպես ներկայացնելու, որ իր ռազմավարական գործընկերոջ վարքն իբր բացարձակ տրամաբանության սահմաններում է, և որ արտառոց ոչինչ տեղի չի ունեցել: Մինչդեռ: Պաշտոնական այցով Լեհաստանում գտնվող ՀՀ նախագահը Լեհաստանի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկու հետ համատեղ մամուլի ասուլիսում երեկ արել է մի հայտարարություն, որն անուղղակի կամ ակամա գնահատականն է մեր ռուս գործընկերոջ առևտրական «քմահաճությունների», և որը հարկ է մեր նախագահի շուրթերից հնչեր ոչ թե հեռու եվրոպաներում, այլ տանը, երբ Եվրոպա մեկնելուց առաջ ընդունում էր ՌԴ ԱԽ քարտուղարին: «Եվրոպան, ցավոք, ոմանց համար դեռևս շուկա է և ոչ թե արժեհամակարգ»,- Վարշավայում ասել է Ս. Սարգսյանը: Իմաստուն բառեր, որ հանգիստ կարելի է պրոյեկտել նաև Անդրկովկասի վրա. Անդրկովկասն էլ ոմանց, զորօրինակ` Ռուսաստանի համար «դեռևս շուկա» է, մինչդեռ ամենից առաջ, և գոնե իր ռազմավարական դաշնակից Հայաստանի պարագայում, պիտի որ արդեն «արժեհակարգ» լիներ: «Շուկա» լինելու հանգամանքը կարող է վկայել Ադրբեջանը, որն իր թշնամու ռազմավարական դաշնակցից ստացել է հսկայածավալ սպառազինություն: Իսկ «արժեհակարգ» չլինելը կարող է հավաստել Հայաստանը, որը, որքան էլ պաշտոնական Երևանը ջանա, դարձյալ չի հասկանում իր բարեկամի այսօրինակ բարեկամությունը: Նաև` բարոյականությունը, որով արժեհամակարգեր են ստեղծվում:
Լևոն ՍԱՐԳՍՅԱՆ