կարևոր
0 դիտում, 12 տարի առաջ - 2013-04-15 19:10
Առանց Կատեգորիա

''Ճակատ'' փշրելո՞ւ, թե՞ փշրվելու համար

''Ճակատ'' փշրելո՞ւ, թե՞ փշրվելու համար

«Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը, ըստ «Ազատություն» ռադիոկայանի, որոշել է վերսկսել մարզային այցելությունները: Առայժմ պարզ չէ` ի՞նչ ասելիքով է նախագահի նախկին թեկնածուն այս անգամ մեկնելու մարզեր: Մինչդեռ ապրիլի 12-ին կայացած հանրահավաքում Հովհաննիսյանը առաջարկ էր հնչեցրել ընդդիմադիր մյուս ուժերին` ստեղծել պայքարի միասնական ճակատ, եւ պատրաստակամություն էր հայտնել օր առաջ սկսել կոնսուլտացիաներն այդ գաղափարի կենսագործման ուղղությամբ:

 

Պարզ է, որ, մարզային այցելություններն սկսելով, Հովհաննիսյանը փորձում է բորբոքված պահել հանրային տրամադրությունները` «Բարևի» շարժման հմատեքստում, կամ առնվազն դրանով հնարավորինս դանդաղեցնել շարժման մարելու պրոցեսը: Սակայն այլևս ակնհայտ է, որ հանրության մոտիվացման առանցքը նախագահական ընտրությունները չեն կարող լինել. գնացքն արդեն մեկնել է, և դրա հետ կապված քաղաքական օրակարգ փաստացի այլևս գոյություն չունի` անկախ նրանից` համակերպվո՞ւմ են այդ փաստի հետ ընտրությունների արդյունքներից դժգոհ քաղաքական շրջանակներն ու հասարակությունը, թե՞ ոչ:

 

Ապրիլի 9-ից հետո քաղաքական օրակարգում փաստացի միայն մեկ կոնկրետ խնդիր կա` Երևանի ավագանու ընտրությունները, որոնց մասնակցում է նաև «Բարևի» շարժման ազդեցությամբ ու փաստացի Հովհաննիսյանի կնքահայրությամբ ձևավորված «Բարև, Երևան» նախընտրական դաշինքը: Այս հանգամանքը վկայում է, որ մարզային այցելությունների վերսկսումը շատ ավելի տեղի է ունենում երևանյան, քան նախագահական` անցած ընտրությունների հենքի վրա, այսինքն` ունի շատ ավելի քարոզչական, PR էֆեկտ, քան հանրային մոբիլիզացման:

 

Պատահական չէ, թերևս, որ «Բարև, Երևան» դաշինքը, որպես այդպիսին, կոնկրետ ավագանու ընտրությունների կտրվածքով առանձին նախընտրական քարոզչություն փաստացի չի իրականացնում: Այլ կերպ ասած` «Ժառանգությունը» ձգտում է նախագահական ընտրություններից հետո ստեղծված իրավիճակը և դրանով պայմանավորված հանրային դժգոհություններն ու չափավոր ըմբոստությունը վերածել քաղաքական կապիտալի և այն ներդնել հենց երևանյան ընտրություններում: Այս իմաստով «Ժառանգության» քարոզչությունը կարելի է ունիկալ ու նույնիսկ իր ձևի մեջ աննախադեպ համարել: Այն պատկերավոր կարելի է ամփոփել հետևյալ ձևակերպմամբ կամ կոնցեպիցայով. «Մասնակցել երևանյան ընտրություններին` առանց Երևանի մասին խոսելու»:

 

Հովհաննիսյանը և նրա թիմը, թերևս, հրաշալի հասկանում են, որ այս ընտրություններում ՀՅԴ-ի, ՀԱԿԿ-ի, ԲՀԿ-ի մասնակցության, այսինքն` մրցակցության ուժեղացման պարագայում իրենց միակ հաղթաթուղթը մնում է նախագահական ընտրություններում ստացած վստահության ռեսուրսը պահելը: Իսկ դա հնարավոր է անել բացառապես հետընտրական տրամադրությունները «խաղարկելու» միջոցով: Դրանում «Ժառանգությանը» մեղադրել հնարավոր չէ և տեղին էլ չէ: Այդ ռեսուրսն իրավամբ ձեռք է բերել Հովհաննիսյանը, հետևաբար նաև նրանն է այն տնօրինելու, օգտագործելու իրավունքն ու հնարավորությունը, մանավանդ, որ իբրև քարոզչական մեթոդ, այն փայլուն կերպով կարող է աշխատել: Այստեղ խնդիրը բոլորովին այլ բան է` այդ ռեսուրսով առավելագույնը ինչի՞ է ձգտում «Ժառանգությունը»` խափանել երևանյան ընտրությունները իշխանության վերջնական վերարտադրության միջոց դարձնելու ՀՀԿ-ի ձգտումը և հաղթանա՞կը, թե՞ ընդամենը Երևանի ավագանիում պատկառելի ներկայություն ունենալն ու պատվավոր երկրորդ կամ երրորդ տեղը գրավելը: Եթե ողջ կռիվը երկրորդի համար է, ապա ակնհայտ է, որ ընտրված մեթոդն ուղղված է քաղաքական բոլոր ուժերի հետ մրցակցությանը, որը բացառում է ցանկացած տիպի համագործակցություն ընդդիմադիր բևեռում: Եթե, այնուամենայնիվ, նպատակը Երևանում ՀՀԿ-ական իշխանության տապալումն է, ապա ընդհանրապես որևէ տրամաբանության չի ենթարկվում առանց կոնկրետ ասելիքի վերստին մարզային այցեցություններ նախաձեռնելը կամ, ավելի ճիշտ, պահի տակ կայացվող որոշումներով առաջնորդվելը, անծրագիր գործունեության շարունակումը:

 

Ապրիլի 9-ի դեպքերից հետո ՀՅԴ ԳՄ անդամ Արմեն Ռուստամյանը պարզաբանեց, որ այդ օրն իրենք Րաֆֆի Հովհաննիսյանի հետ չէին, որովհետև չգիտեին` ինչ է նա պլանավորել և ինչ հունով է տանելու պրոցեսը, ուստի չէին կարող պատասխանատվություն վերցնել լրիվ անծանոթ, անորոշ բաների համար: ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը նույն հարցին ՀԱԿ-ի կտրվածքով անդրադառնալիս առավել քան դիպուկ և հասկանալի ենթատեքստով հայտարարեց. «Միանայի, որ ինչ անեի: Վովա Գասպարյանի հետ աղոթելն իմ մանկական երազանքներից չի եղել»:

 

Եթե «Ժառանգություն»-ում փորձեին դուրս գալ այս մեկնաբանությունների մեջ չարախնդություն որոնողի կեցվածքից, ապա պետք է արդեն իսկ ֆիքսած լինեին, որ քննադատությունը վերաբերում է երկու կոնկրետ գործոնի. նախ` Հովհաննիսյանի նախընտրած պայքարի մեթոդաբանության մեջ քաղաքականության տարրի փաստացի բացակայությանը, ինչը պրոցեսը վերածում է բարոյա-կրոնական ու էթիկական ինչ-որ վիրտուալ երևույթի, և երկորդ` գործողությունների մեջ տրամաբանական առանցքի ու հաջորդականության բացակայությունը, որոնք չեն կարող բավարար վստահություն ներշնչել: Դրա նախադրյալը կարող էր ստեղծել Հովհաննիսյանի` միասնական ճակատ ձևավորելու առաջարկը: Ամենապարզ տրամաբանությունը հուշում է, որ դա ենթադրում է այդ ճակատի կոնկրետ սխեմայի, կենսագործման մեխանիզմների սեփական տարբերակի կամ գոնե պատկերացումների առաջադրում, ընդ որում` հիմնված առաջին հերթին ներկայումս քաղաքական օրակարգի միակ ակուտալ պրոցեսի` Երևանի ընտրություններում ընդդիմության գործողությունների պլանավորման և միասնական նպատակների սահմանման վրա: Այլ հարթակ, որտեղ հնարավոր է այս պահին պատկերացնել գործող որևէ քաղաքական «ճակատ», ուղղակի գոյություն չունի: Բայց դա ոչ թե ենթադրում էր մարզային անհասկանալի այցելություններ, այլ ակտիվ քաղաքական բանակցություններ, բանավեճեր, ինչը հասկանալի կդարձներ, որ ընդդիմադիր ուժերն անկեղծորեն ցանկանում են համատեղել ուժերը ՀՀԿ-ին Երևանից «զրկելու» համար: Այս իմաստով մեծ բան կախված էր Հովհաննիսյանից, որովհետև ներկայումս հանրության մոբիլիզացման, հետևաբար` քաղաքական որոշումների կայացման վրա ազդեցության ամենամեծ պոտենցիալը, թեկուզ իներցիայի ուժով, հենց նա ունի: Առայժմ ոչնչից չի երևում, որ Հովհաննիսյանը ցանկանում է հենվել իր այդ պոտենցիալի վրա:

 

Սակայն նրա այս անհասցե մարտավարությունը չի կարող արդարացնել նաև մյուս ուժերի կողմից այդ «ճակատը» կամ ընդհանուր պլատֆորմը ստեղծելու հարցում ցուցաբերած սպասողականությունը, որն այլ բանի, քան կատարված փաստից հետո միմյանց մեջ հերթական անգամ քավության նոխազներ փնտրելը, չի հանգեցնելու:

 

Գևորգ ԱՂԱԲԱԲՅԱՆ