Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 12 տարի առաջ - 2013-04-04 17:50
Իրավական

Ես պարտավոր չեմ իմ անմեղությունն ապացուցել. Վազգեն Խաչիկյան

Ես պարտավոր չեմ իմ անմեղությունն ապացուցել. Վազգեն Խաչիկյան

Սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանի և մյուսների գործով այսօրվա նիստին  մեղադրող դատախազ Հովհաննես Ենոքյանը գլխավոր մեղադրյալ Խաչիկյանին պարզաբանեց  ՀՀ քր.օրի 314-րդ հոդվածով նրան առաջադրված մեղադրանքի էությունը: Հիշեցնենք, որ նախորդ դատական նիստին Խաչիկյանը խնդրել էր հստակեցնել իրեն առաջադրված մեղադրանքը:

 

Մեղադրողը նշեց, որ, ըստ մեղադրանքի, Վ.Խաչիկյանը, չարաշահելով իր պաշտոնեական դիրքը, ստեղծել է  կայուն խումբ և, անձամբ ղեկավարելով այն, կատարել առանձնապես խոշոր չափերի հափշտակություններ: Հանցավոր մտադրությունն իրականացրելու նպատակով Խաչիկյանը նախապես դերաբաշխում է կատարել ծառայության տարբեր ստորաբաժանումների պաշտոնատար անձանց միջև:

 

Այս պարզաբանումը, սակայն, ամբաստանյալի համար նույնպես անհասկանալի էր: Խաչիկյանը հայտնեց, որ ինքը մտադիր չէ դատավարության հետագա ընթացքը խաթարել, ուստի հարկ չի համարում դրան կրկին անդրադառնալ: Իրեն առաջադրված մեղադրանքի հստակեցմանը մեղադրյալը խոստացավ անդրադառնալ ապացույցների հետազոտության փուլում:

 

Ինչպես նախաքննության ընթացքում, այս անգամ ևս ամբաստանյալը հայտնեց, որ իրեն մեղսագրված հանցանքը չի ընդունում: «Թեև ես պարտավոր չեմ իմ անմեղությունն ապացուցել, սակայն դատաքննության ընթացքում, օգտվելով ինձ տրված հնարավորությունից, պատճաշ կերպով պատրաստվում եմ պաշտպանել իմ անձի անմեղությունը»,- հայտարարեց մեղադրյալը:

 

Ի դեպ, գործով մեկ այլ ամբաստանյալ` ծառայության կենսաթոշակային ապահովության և առանձին ծրագրերի վարչության պետ Աշոտ Աբրահամյանը դիմել էր դատարանին` խնդրելով թույլատրել, որպեսզի բուժզննում անցնի այլ հիվանդանոցում: Այսօրվա նիստին Աբրահամյանի պաշտպանը հայտնեց, որ «Վարդաշեն» ՔԿՀ-ում նախնական կալանքի տակ գտնվող  իր պաշտպանյալը մարտի 27-ին իրեն վատ է զգացել, մասնավորապես`  ճնշումն է բարձրացել, և նա ուշագնաց է եղել: Պաշտպանը նշեց, որ ամբաստանյալի բուժումն այլ հաստատությունում իրականացնելու համար արդեն դիմել են «Վարդաշեն» ՔԿՀ, սակայն մինչ այժմ պատասխան չեն ստացել:

 

Այս կապակցությամբ դատավոր Մխիթար Պապոյանը հայտնեց, որ դատարանը նման իրավասությամբ օժտված չէ և պետք է սպասել ՔԿՀ-ի պատասխանին: