|
Փոխարժեքներ
08 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.5 |
| EUR | ⚊ | € 444.45 |
| RUB | ⚊ | ₽ 4.9681 |
| GBP | ⚊ | £ 508.81 |
| GEL | ⚊ | ₾ 141.26 |
Հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է ոստիկանության օպերլիազորի կողմից թմրամիջոց իրացնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Նախաքննության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը:
Նախաքննությամբ պարզվել է, որ ոստիկանության լեյտենանտ Ստեփան Տոնոյանը աշխատել է ոստիկանության Երեւան քաղաքի վարչության քրեական հետախուզության 1-ի բաժանմունքում` որպես օպերլիազոր: Ըստ նախաքննության տվյալների` Ստեփան Տոնոյանը 2010թ. նոյեմբերին Ն. Իգիթյանին հյուրասիրելու եղանակով իրացրել է զգալի չափերի մարիխուանա տեսակի թմրամիջոց:
2011թ. հունվար-փետրվար ամիսներին օպերլիազորը «Ծղոտներ» ռեստորանային համալիրում մեթիլենդիօքսիմետամֆետամին տեսակի թմրամիջոց է իրացրել Ն. Իգիթյանին եւ Ն. Մարգարյանին, իսկ 2011թ. մարտի 11-ին նույն ռեստորանային համալիրում զգալի չափերի մարիխուանա տեսակի թմրամիջոց հյուրասիրելու եղանակով իրացրել է Ռ. Խաչատրյանին:
Բացի այդ` նախաքննությամբ ձեռք են բերվել տվյալներ, որ օպերլիազոր Ստեփան Տոնոյանի եղբայրը` Սերգեյ Տոնոյանը, ով աշխատել է ՀՀ ԿԱ կադաստրի պետական կոմիտեի Ավանի տարածքային ստորաբաժանման բաժնում` որպես բաժնի պետ, 2010թ. օգոստոսից մինչեւ 2011թ. մայիսն ընկած ժամանակահատվածում աճեցրել է կանաբիս տեսակի բույս, որը վերամշակելով պատրաստել է առանձնապես խոշոր չափերի մարիխուանա տեսակի թմրամիջոց:
Վերջինս անձամբ եւ իր ընկերուհու միջոցով պատրաստված թմրամիջոցը վաճառել է տարբեր անձանց:
Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների հիման վրա ոստիկանության լեյտենանտ, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության քրեական հետախուզության 1-ին բաժանմունքի օպերլիազոր Ստեփան Տոնոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ Սերգեյ Տոնոյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով:
Քրեական գործն ուղարկվել է Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան` ըստ էության քննելու համար: