կարևոր
397 դիտում, 1 ժամ առաջ - 2025-12-06 22:09
Քաղաքական

ՀՅԴ-ն, 135-ամյա պատմությունը վկա, չի կարող և իրավունք չունի պայքարի դրոշը վայր դնելու․ Հակոբ Բագրատունի

ՀՅԴ Բյուրոյի անդամ, Լիբանանի խորհրդարանի պատգամավոր Հակոբ Բագրատունու խոսքը՝ ՀՅԴ 135-ամյակին նվիրված միջոցառմանը

«Գերաշնորհ Սրբազան Հայր, հարգելի հյուրեր, արժանապատիվ համակիրներ, հայրենակիցներ, ընկերուհիներ, ընկերներ, մեր բոլորի տոնը շնորհավոր,

Հայ Հեղափոխական Դաշնակցության 135-ամյակը համախմբել է մեզ այսօր՝ մեր պատմության  վերջին ժամանակահատվածի դառնագույն ու դաժան պայմաններում, հսկայական խռովքի մեջ են մեր ժողովրդի այն զավակները, որոնք հայի սիրտ են կրում, ապրած են ու մասնակիցը դարձած հաղթանակների կերտման, իսկ այսօր ականատես են Արցախի հանձումից հետո Հայաստանի մեջ Ադրբեջանի և թուրքիայի կամքին ենթակա զիջումներին, սփյուռքը պառակտող քայլերին, հայրենասիրության ծաղրանքին և արժեքային համակարգի ազգային ըմբռնողության խորտակման։

Ընթացքը դադար չունի և հավերժ շարունակվում է՝ թիրախավորելով Հայ Առաքելական Սուրբ  Եկեղեցին՝ նրա սպասավորների նկատմամբ դավադրական քայլերով, ժողովրդահաճո հերյուրանքներով, որի նպատակն է փշրել հայ ժողովրդի ու հայրենիքի գոյատևումն ապահոված ողնաշարն ամբողջապես, հարվածել Հայ Եկեղեցին, ճանաչել Արցախն իբրև ադրբեջանական տարածք, մոռացության տալ Բաքվում գերեվարված հերոսներին, հարցականի վերածել Հայոց ցեղասպանությունն ու դրա  հետևանքները, թուրք-ադրբեջանական տանդեմին ազատ միջանցք շնորհել Հայաստանի մեջ, փոխել ազգային խորհրդանիշերը, Հայոց պատմությունը վերածել  լոկ Հայաստանի պատմության, ջլատել հայրենիքի կապվածության, հայրենասիրության արմատները․․․
 

Ահա, թե ուր ենք հասել բոլորս հավաքաբար։ Վտանգված է հայրենիքը, վտանգված է պետությունը, վտանգված է Հայ Առաքելական Եկեղեցին՝ իր նվիրապետական աթոռներով, Էջմիածին, թե Անթիլիաս, Երուսաղեմ, թե Կոստանդնուպոլիս։
 

 Վտանգված է ողջ հայությունը, ազգովին, Հայաստանի մեջ թե Թուրքիա և արտերկիր, այլևս անհանդուրժելի ձևով հատված են կարմիր գծերը․․․

Մենք կողմնակից ենք արժանապատիվ խաղաղության, ոչ թե՝ պարտադրված սին խոստումներով անհեռանկար խաղաղության, նորանոր զիջումների․․․  Մենք ազգովի կանգնած ենք ջրբաժանի դիմաց, ոչ լինելության պայքարն է այսօր, կամ հանձնվել ու կամովին գիտակցաբար գնալ կործանման, կամ դրոշը բարձր պահել ու պայքարել։
 

Հայ հեղափոխական դաշնակցության 135-ամյա պատմությունը վկա, որ իբրև գաղափարական, քաղաքական ու կազմակերպչական մարտունակ ուժ, իր հայրենիքի, ժողովրդի ու հայ մարդու բովանդակ շահերի պաշտպանության և ծառայության նվիրված կուսակցություն չի կարող և իրավունքը չունի պայքարի դրոշը վայր դնելու»,-ասաց Հակոբ Բագրատունին՝ հավելելով․ «Պայքարը համընդհանուր է, ով որ քաջ է, ի՞նչ կսպասե։ Կեցցե Հայ Հեղափոխական Դաշնակցությունը, կեցցե հայրենիքի պաշտպանության համար նահատակ ծնող հայ ժողովուրդը,  կեցցե հայն ու Հայաստանը, յուրաքանչյուր հայ ու տուն հավերժական ամբողջական Հայաստանը»։