կարևոր
466 դիտում, 2 ժամ առաջ - 2025-12-06 20:01
Հասարակություն

Պատիվ ունեմ փոխանցելու Վեհափառ Հայրապետի օրհնությունը ՀՅԴ 135-ամյակի առթիվ․ Նաթան Սրբազան

Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի խոսքը՝ նվիրված ՀՅԴ 135-ամյակին

 «Սիրելի հայրենակիցներ,  սիրելի քույրեր և եղբայրեր,

այս պահին պատիվը ունեմ փոխանցելու ազգիս Վեհափառ Հայրապետի՝  Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ  Ծայրագոյն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական օրհնությունները և ջերմագին ողջույնները Հայ Հեղափոխական Դաշնակցության 135-ամյակի նվիրված այս հանդիսության բոլոր ներկաներիդ  և, ընդհանրապես, աշխարհասփյուռ բոլոր նրանց, ովքեր ուրախությամբ, հպարտությամբ և իրական եղբայրական սիրով նշում են այս հոբելյանը և ուրախանում մեր ազգի հետ միասին»։

Նաթան Սրբազանն ընդգծեց, որ ՀՅԴ առաքելությունը, որ սկսվել է 19-րդ դարի վերջին, այնուհետև անցել է ամբողջ դժվարին 20-րդ դարը, այսօր, 21-րդ դարի առաջին քառորդին էլ այդ առաքելության կարիքն ունենք։

«Ես, անձնապես, երբևէ առիթը չեմ բաց թողնում խոսելու Հայ Հեղափոխական Դաշնակցության կյանքի, կենսագրության, նրա արածների մասին,  հիշատակելու հատկապես կարևոր մի առաքելության՝ մեր մատաղ սերունդներին դաստիարակելու ազգային ոգով, ազգային ինքնությունը պահպանելու և հայրենիքը պաշտպանելու մասին։

Որպես հոգևորական,  իմ հոգևոր առաքելության ընթացքում շատ եմ շփվել երիտասարդաց միությունների հետ, որոնց առաջնորդում և ուղղորդում է Հայ Հեղափոխական Դաշնակցությունը։ Անուրանալի է նաև այս կուսակցության կարևոր դերը Հայոց Ցեղասպանության ճանաչման գործում տարբեր երկրների, տարբեր ազգերի կողմից, և այսօր էլ կան պայքարի առաջնագծեր, որոնք պետք է տանեն նորանոր հաղթանակների։

Թող Տիրոջ լույսը մշտապես լուսավորի մեր ժողովրդի կյանքի ճանապարհը և Տիրոջ Օրհնությամբ ապրենք խաղաղ, բարոր, և որպես հայ պահպանելով, պաշտպանելով մեր սեփական պատմությունը, մեր ինքնությունը, մեր ով լինելը և աշխարհը մշտապես իմանա, որ հայը եղել է, կա ու կլինի

 Ամեն»։