կարևոր
1021 դիտում, 1 ժամ առաջ - 2025-12-06 16:52
Հասարակություն

Փաստաբանն ահազանգում է Վարդան Ղուկասյանի ընտանիքի կին անդամներին ահաբեկելու մասին

Փաստաբանն ահազանգում է Վարդան Ղուկասյանի ընտանիքի կին անդամներին ահաբեկելու մասին

Փաստաբան Զարուհի Փոստանջյանը հաղորդում  է հրապարակել անձնական և ընտանեկան կյանքի վերաբերյալ տեղեկատվություն պարունակող իրերի հափշտակության և քաղաքական դրդապատճառներով Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի ընտանիքի կին անդամներին ահաբեկելու մասին։

«Այսօր՝ 2025 թվականի դեկտեմբերի 6-ին, ժամը մոտ 12:00-ին, ՀՀ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Մերի Մուսինյանի որոշման հիման վրա մի խումբ անձինք ներխուժել են Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի բնակարան՝ 094-99-07-99 բջջային հեռախոսահամարը, այդ համարին համապատասխանող բջջային հեռախոսը, ինչպես նաև թվային տվյալներ պարունակող էլեկտրոնային կրիչներ հայտնաբերելու նպատակով խուզարկություն կատարելու համար։

Դատական ակտում նշված է, որ խուզարկության հիմք է հանդիսացել ՀՀ Քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության ավագ քննիչ Վ. Սաֆարյանի միջնորդությունը: Թիվ 68179025 քրեական վարույթով, վարույթն իրականացնող մարմնին թույլատրվել է 2025 թվականի դեկտեմբերի 5-ից մինչև դեկտեմբերի 11-ը ներառյալ ժամանակահատվածում մեկ անգամ խուզարկություն կատարել Սպարտակ Ղուկասյանի բնակության վայր հանդիսացող տանը՝ փնտրելու բջջային հեռախոս և էլեկտրոնային կրիչներ։

Խուզարկություն իրականացնողները Վարդան Ղուկասյանի ընտանիքի անդամներից պահանջել են իրենց անձնական բջջային հեռախոսները դնել սեղանին՝ դրանք գրանցելու, որոնվող բջջային հեռախոսահամարի և հեռախոսի հետ համեմատական ստուգում կատարելու, ապա վերադարձնելու նպատակով։ Ներկայացված պահանջը կատարվել է։ Սակայն խուզարկություն իրականացնողներին վստահված գույքը՝ բջջային հեռախոսները, չի վերադարձվել, այլ հափշտակվել է։

Խուզարկություն իրականացնողները խուզարկել են ամբողջ տունը (այդ թվում՝ ուսումնասիրել և տեսանկարահանվել են այնպիսի իրեր, որոնք դատական ակտով սահմանված որոնման շրջանակում չէին), սակայն չեն հայտնաբերել դատական ակտում նշված իրերը։ Այնուհանդերձ, նրանք առգրավել են Վարդան Ղուկասյանի ընտանիքի անդամներին պատկանող բջջային հեռախոսները։

Խուզարկություն իրականացնողները, շրջանցելով դատական ակտի պահանջը, խուզարկություն իրականացնելու անվան տակ նախ մուտք են գործել այն բնակարան, որտեղ Սպարտակ Ղուկասյանը չի բնակվում (նա գտնվում է «Արմավիր» ՔԿՀ-ում), և հափշտակել են Վարդան Ղուկասյանի ընտանիքի կին անդամներին պատկանող բջջային հեռախոսները՝ այդպիսով յուրացնելով անձնական և ընտանեկան կյանքի վերաբերյալ տեղեկատվություն պարունակող, ինչպես նաև բնակարանի անվտանգության ապահովման, գործունեության և ուսման համար անհրաժեշտ իրեր։

Վարդան Ղուկասյանի տիկինը՝ Նոնա Ղուկասյանը, հափշտակություն կատարողներին տեղեկացրել է, որ իր բջջային հեռախոսը կապված է տան անվտանգության համակարգի հետ, ուստի դրա առգրավումը լուրջ խնդիր է առաջացնում տան անվտանգության համար և իրեն կենսականորեն անհրաժեշտ է: Մյուս ընտանիքի անդամները ևս փորձել են բացատրել, որ իրենց բջջային հեռախոսները պարունակում են կարևոր և անհրաժեշտ տեղեկություն իրենց գործունեության և ուսման համար։

Խուզարկություն իրականացնողները ոչ միայն անտեսել են իրերի սեփականատերերի հայտարարությունները, այլև սպառնացել են կրկին վերադառնալ՝ նոր խուզարկություն կատարելու համար։

Ուստի, հիմք ընդունելով վերոգրյալը, պահանջում եմ ընթացք տալ վերոնշյալ հանցանքների մասին հաղորդմանը, որոնք պարունակում են ՀՀ քրեական օրենսգրքի առնվազն երեք հոդվածներով նախատեսված արարքներ՝

• 203-րդ հոդված – Խտրականություն,

• 204-րդ հոդված – Անձնական կամ ընտանեկան կյանքի գաղտնիությունը խախտելը,

• 256-րդ հոդված – Վստահված գույքը հափշտակելը»,-գրել է Զ. Փոստանջյանը։