|
Փոխարժեքներ
27 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.28 |
| EUR | ⚊ | € 395.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.3892 |
| GBP | ⚊ | £ 472.26 |
| GEL | ⚊ | ₾ 139.02 |
ՔՊ-ական 8 համայնքապետ դատական հայց են ներկայացրել «Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամ Իրինա Յոլյանի դեմ՝ պահանջելով հերքում և դրամական փոխհատուցում։ Այս մասին Սպուտնիկ Արմենիան տեղեկանում է «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից։ Համայնքապետներն ընդդիմադիր պատգամավորից պահանջում են 500 հազարից մինչև 3 միլիոն փոխհատուցում վճարել։
Պատճառը հոկտեմբերի 29-ին ԱԺ ամբիոնից Յոլյանի ելույթն է, որի ընթացքում նա հայտարարել էր, թե ՔՊ-ական համայնքապետներն ընկերություններ են հիմնել և պետական բյուջեն մսխում են անորակ ասֆալտապատման աշխատանքներով։ Նա ասել էր, թե մամուլում բազմաթիվ հրապարակումներից հետո Քննչական կոմիտեն և Հակակոռուպցիոն կոմիտեն համապատասխան գործողություններ չեն իրականացնում և սերիալներ ու մարտաֆիլմեր չեն նկարում, որովհետև պորտալարով կապված են իշխանությունների հետ։
Մամուլը գրել էր, թե դրանից հետո Փաշինյանը հանձնարարել է իշխանության ներկայացուցիչներին հորդորել համայնքապետներին դատական հայցեր ներկայացնել Յոլյանի դեմ՝ համայնքային ծրագրերում կոռուպցիայի վերաբերյալ նրա հայտարարություններից հետո։
Արդեն իսկ Յոլյանի դեմ հայցեր են ներկայացրել Թալին համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանը, Արտաշատ համայնքի ղեկավար Կառլեն Մկրտչյանը, Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանը (նրա հայցը դատարանը վերադարձրել է), Արմավիր համայնքի ղեկավար Վարշամ Սարգսյանը, Սպիտակ համայնքի ղեկավար Քաջայր Նիկողոսյանը, Գառնիի համայնքապետ Տիգրան Պողոսյանը, Սիսիանի համայնքապետ Հովսեփ Առաքելյանը, Վաղարշապատի համայնքապետ Արգիշտի Մեխակյանը։