կարևոր
826 դիտում, 2 ժամ առաջ - 2026-09-28 15:07
Հասարակություն

Վեհափառի ընտրությունը պետք է տեղի ունենա միայն Եկեղեցու իրավասու մարմինների կողմից․ հայտարարություն

Վեհափառի ընտրությունը պետք է տեղի ունենա միայն Եկեղեցու իրավասու մարմինների կողմից․ հայտարարություն

Արմաշ եպիսկոպոս Նալբանդյանը (Դամասկոս, Սիրիա), Սերովբե եպիսկոպոս Իսախանյանnը (Քյոլն, Գերմանիա) ու Օշական եպիսկոպոս Գյուլգյուլյանը (Սբ․ Էջմիածին, Հայաստան) հայտարարությամբ են հանդես եկել։

««Եւ կճանաչեք ճշմարտությունը, եւ ճշմարտությունը կազատի ձեզ» (Հով. Ը 32)։

Մենք՝ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու երեք եպիսկոպոսներս, ծանոթացանք վերջին օրերին հրապարակված՝ «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու փաստացի պետի եւ մի շարք բարձրաստիճան հոգեւորականների գործունեության արդյունքում եկեղեցում առաջացած ճգնաժամի եւ լուծման ուղիների մասին» վերնագրված զեկույցին, որը պատրաստվել է «ՀՀ վարչապետի աշխատակազմի Հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոն ՊՈԱԿ-ի» կողմից։ Զեկույցի քննարկումից հետո անհրաժեշտ նկատեցինք հանդես գալ հետեւյալ միասնական հայտարարությամբ։

Մենք՝ որպես Հայ Եկեղեցու բարձրաստիճան հոգեւորականներ, որոնք կիսում են Եկեղեցու առաջնորդության եւ ղեկավարման պատասխանատվությունը, այն կարծիքին ենք, որ հրապարակված զեկույցին չի կարելի մոտենալ ո՛չ քաղաքական կրքերի կամ նախապատվությունների տեսանկյունից, ո՛չ էլ կուրորեն պաշտպանելու կամ էլ ամբողջությամբ մերժելու տրամաբանությամբ։ Մեզ անհրաժեշտ է առավել դժվար, բայց նաեւ առավել քրիստոնեական ճանապարհ՝ ճշմարտության, արդարության, ինքնաքննության, ապաշխարության եւ պատասխանատվության վրա հիմնված ճանապարհը։

Զեկույցում բարձրացված են բազմաթիվ հարցեր, հնչեցված են մի շարք մեղադրանքներ, որոնց գոնե մի մասը հնարավոր չէ անտեսել։ Բայց նույնքան կարեւոր է որդեգրել մեկ այլ սկզբունք եւս՝ մեղադրանքը դեռեւս ապացուցված փաստ չէ։ Զեկույցի բազմաթիվ պնդումներ հիմնված են հրապարակային հայտարարությունների, մամուլի հրապարակումների եւ տարբեր անձանց վկայությունների ու ասեկոսեների վրա։ Դրանք թերեւս կարող են հիմք հանդիսանալ ինչ-ինչ քննարկումների համար, սակայն, հատկապես ծանր կամ քրեական բնույթի մեղադրանքների դեպքում, դրանք չեն կարող փոխարինել իրավական պատշաճ քննությանը եւ դատարանի որոշմանը։ Եթե առկա են հնարավոր հանցագործության, բռնության, ֆինանսական չարաշահման կամ այլ քրեական իրավախախտման փաստեր, դրանք պետք է քննվեն միայն իրավասու մարմինների կողմից։ Ո՛չ քաղաքական իշխանությունը, ո՛չ Եկեղեցու ղեկավարությունը, ո՛չ հասարակական կարծիքը եւ ո՛չ էլ լրատվամիջոցները պետք չէ իրենց վրա վերցնեն դատարանի դերը։ Սպասելի է, որ իրավասու դատարանները անաչառորեն քննեն յուրաքանչյուր նմանատիպ մեղադրանք՝ պահպանելով բնականաբար յուրաքանչյուր մեղադրվող անձի կամ հոգեւորականի անմեղության կանխավարկածը։

Եկեղեցականներս հաճախ հայտարարում ենք, որ Եկեղեցին, լինելով սրբազան հաստատություն, սուրբ է եւ անսխալական։ Սա ճիշտ մոտեցում է, եթե մենք նրան մոտենում ենք ուղղափառ աստվածաբանական կամ եկեղեցաբանական տեսանկյունից։ Բայց պետք է նաեւ չմոռանանք, որ Եկեղեցին, որպես այս աշխարհի վրա գործող հաստատություն, բաղկացած է մարդկանցից եւ իր երկրային կառույցներում կարող է ունենալ թերություններ, սխալներ եւ նույնիսկ ծանր խախտումներ։ Եկեղեցու սրբությունը մեզ չի ազատում ինքնաքննության անհրաժեշտությունից։ Ընդհակառակը՝ այն մեզ ավելի մեծ պատասխանատվության է կոչում։

Ընդունելով հանդերձ վերոշարադրյալը, ուզում ենք հստակորեն ընդգծել, որ պետությունը կամ պետական իշխանությունն էլ պետք է զգուշանա վտանգավոր սահմանագիծը խախտելուց։ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին պետության վարչական ենթակառույցը չէ։ Եկեղեցու ներքին կանոնական կյանքը, հոգեւոր իշխանության կառուցվածքը եւ կանոնական մարմինների գործունեությունը պետք է մնան Եկեղեցու ինքնավարության եւ նրա սեփական կանոնական իրավասության շրջանակներում։

Թեեւ զեկույցը որպես ելակետային սկզբունք հայտարարում է, որ բարենորոգումը պետք է իրականացնի Եկեղեցին՝ իր հոգեւորականների եւ հավատավոր ժողովրդի միջոցով, իսկ պետությունը պետք է գործի բացառապես իր սահմանադրական ու օրենսդրական իրավասության շրջանակում եւ չմիջամտի Եկեղեցու ներքին վարդապետական եւ կանոնական ինքնուրույնությանը։ Սակայն նույն զեկույցը հակասում է ինքնիրեն՝ առաջարկելով Ամենայն Հայոց Կաթողիկոսի հեռացում կամ հանգստի կոչում, ապա՝ կաթողիկոսական տեղապահի ընտրություն եւ նոր կաթողիկոսի ընտրության նախապատրաստում։

Մենք անվերապահորեն ընդունում ենք, որ պետությունն իրավասու է եւ պարտավոր՝ քննության առնել օրենքի հնարավոր խախտումները։ Միեւնույն ժամանակ ընդգծում ենք, որ պետությունը պետք չէ դառնա Եկեղեցու կանոնական իշխանության կրողը կամ որոշի, թե ով պետք է լինի Ամենայն Հայոց Կաթողիկոս։ Կաթողիկոսի ընտրությունը կամ նրա հնարավոր հանգստի կոչումը, եթե դրա կանոնական հիմքեր գոյություն ունեն, պետք է տեղի ունենա միայն Եկեղեցու իրավասու մարմինների կողմից՝ Եկեղեցու կանոնական կարգի համաձայն ու համահունչ։

Ըստ այդմ՝ շատ կարեւոր է հնարավորինս սեղմ ժամկետներում ապահովել Եկեղեցու կանոնական մարմինների բնականոն գործունեության վերականգնումը։ Որպես առաջին գործնական քայլ մեր առաջարկն է՝ մոտ ապագայում, ամենաուշը մինչեւ 2027 թվականի կեսը, Մայր Աթոռում գումարել Եպիսկոպոսաց Ժողով։ Մեր արդար սպասումն է, որ Հայաստանի իշխանություններն ապահովեն սփյուռքյան թեմերում պաշտոնավարող եպիսկոպոսների անխափան մուտքը Հայաստան եւ Հայաստանից վերադարձն իրենց պաշտոնավարման երկրներ։

Մենք այսօր կանգնած ենք հոգեւոր եւ ազգային մեծ պատասխանատվության առջեւ։ Ըստ այդմ՝ հոգեւորականներիս եւ հավատացյալներիս, անհրաժեշտ է մի բան, որն այսօր գուցե ամենից շատ է պակասում՝ ճշմարտությունը սիրելու եւ ճշմարտության առաջ խոնարհվելու պատրաստակամություն։ Մենք լիահույս ենք, որ այս ճանապարհով միայն հնարավոր կլինի լիցքաթափել ներկա գերպրկված իրավիճակը եւ գտնել դրանից դուրս գալու իրավական ու կանոնական ուղիներ։

«Եւ կճանաչեք ճշմարտությունը, եւ ճշմարտությունը կազատի ձեզ» (Հով. Ը 32)»,- ասվում է հայտարարությունում։