կարևոր
607 դիտում, 1 ժամ առաջ - 2026-09-18 20:54
Քաղաքական

Կալանքը՝ քաղաքական գործիք․ ինչու է կալանավորված Հայաստանի երկրորդ նախագահը․ «Dialectica»

Կալանքը՝ քաղաքական գործիք․ ինչու է կալանավորված Հայաստանի երկրորդ նախագահը․ «Dialectica»

 «Dialectica» կայքը գրում է.

«Հունիսի 7-ին կայացած ընտրություններից հետո Հայաստանում նոր թափ ստացան ընդդիմադիր գործիչների նկատմամբ բռնաճնշումները, որոնց կուլմինացիան ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանի կալանավորումն էր։

Երկրորդ նախագահի, ինչպես նաև ընդդիմադիր մյուս գործիչների նկատմամբ բռնաճնշումները հերթական անգամ փաստում են, որ Փաշինյանի իշխանությունն այլևս լեգիտիմ չէ, և ինքը՝ Փաշինյանը, դա ամենից լավ գիտի։ Ընտրություններում հաղթած և լեգիտիմություն ստացած առաջնորդները, որպես կանոն, նախընտրում են թոթափել նախընտրական շրջանում ձևավորված լարվածությունը և հանրային համերաշխություն հաստատել, ինչպես դա տեղի ունեցավ 2021-ին, երբ նույն Փաշինյանը վերընտրվելուց հետո շնորհավորեց ԱԺ անցած ընդդիմադիր ուժերին, ավելին՝ ժամանակ առ ժամանակ նրանց առաջարկում էր հանդիպել և տարբեր հարցերի շուրջ համագործակցել։

Կասկածից վեր է, որ Քոչարյանն այսօր ենթարկվում է քաղաքական հետապնդման, ինչը իշխանության ներկայացուցիչներն ու նրանց խոսափողները չեն էլ փորձում թաքցնել, ինչը Եվրոպական երկրներում աննախադեպ է, քանի որ այն միշտ քողարկված է լինում։ Հիշենք՝ Քոչարյանը ձերբակալվեց ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանի սկանդալային հայտարարություններից մեկ օր անց, ինչը, մեծ հաշվով, իրավապահներին ուղղված ուղիղ ցուցում էր, իսկ ՔՊ պատգամավորներից մեկն էլ օրերս իր հարցազրույցներից մեկում հայտարարել էր, որ եթե երկրորդ նախագահն ազատ արձակվի կամ նրա նկատմամբ կիրառված խափանման միջոցը՝ կալանավորումը, փոխվի, ապա իրենք վարկանիշային լուրջ կորուստ են ունենալու։

Ընդհանրապես ինչպես կարող է կալանքը և քաղաքական վարկանիշը դիտարկվեն մեկ հարթության մեջ ժողովրդավարական երկրում։ Նշվածը հերթական ապացույցն է, որ կալանքը հենց քաղաքական նպատակ է հետապնդում, այլ ոչ իրավական։

Այնուամենայնիվ, հանրության այն լայն շերտերին, որոնք առանձնապես չեն հետևում ներքաղաքական անցուդարձին, հետաքրքրում է, թե ինչու երկրորդ նախագահը կրկին հայտնվեց իշխանությունների թիրախում, երբ այս ընտրությունների արդյունքներով «Հայաստան» դաշինքն այլևս ԱԺ-ում ներկայացված ամենամեծ ընդդիմադիր ուժը չէ, իսկ Ռոբերտ Քոչարյանը Փաշինյանի գլխավոր մրցակիցը չէ։

Կարծիքներ են հնչում, որ պատճառը Նիկոլ Փաշինյանի անձնական վրեժխնդրությունն է, ինչպես դա տեղի էր ունեցել 2018 թվականին՝ նրա առաջին կալանավորման ժամանակ, Բաքվին սիրաշահելու գործողություն, քանի որ Արցախի երկրորդ, երրորդ և չորրորդ նախագահները Բաքվի բանտում են, իսկ Արցախի առաջին նախագահն այլևս Երևանում, և այսպես շարունակ։

Հիշատակված և հանրային դիսկուրսում առկա մյուս տեսակետները, իհարկե, հեռու չեն իրականությունից, և չենք կարող բացառել, որ դրանք ևս առկա են Քոչարյանին կալանավորելու շարժառիթների հիմքում, սակայն հակված չենք կարծելու, որ գլխավոր շարժառիթը դրանցից մեկն է։

Քոչարյանին կալանավորելու գլխավոր պատճառը առավել լավ հասկանալու համար պետք է մի քանի ամսով հետ պտտենք մեր հիշողությունը և վերադառնանք նախընտրական քարոզարշավի ակտիվ փուլ։ Չնայած այդ ժամանակ իշխանությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, փորձում էր ընդդիմադիր երեք խոշոր ուժերին նույնացնել և շարքային քաղաքացիների շրջանում արմատավորել այն տեսակետը, թե հիշյալ ուժերը բոլոր հարցերում միանման մոտեցումներ ունեին, այնուամենայնիվ, այս ուժերի միջև առկա էին գաղափարական լուրջ տարաձայնություններ, մասնավորապես՝ Արցախի հարցում, ԹՐԻՓՓ-ի հարցում և այլն։

Ակնհայտ էր նաև, որ քաղաքական հստակ հնարք էր ընդդիմադիր ուժերի նույնացումը և դրա հետ զուգահեռ պատերազմի վախի տարածումը ՔՊ պարտության դեպքում։

Եթե ընդդիմադիր մյուս ուժերը դատապարտում էին Արցախում տեղի ունեցած էթնիկ զտումը, իրենց նախընտրական ծրագրերում ներառում արցախցիների վերադարձի իրավունքի վերաբերյալ դրույթներ, բայց մեծ հաշվով հարցը փաստացի փակված էին համարում, ապա Ռոբերտ Քոչարյանի առաջնորդած ուժը՝ «Հայաստան» դաշինքը, կարևորում էր ոչ միայն արցախցիների վերադարձի իրավունքի իրացումը, այլև առաջնորդի մակարդակով և բաց տեքստով խոսում էր այն մասին, որ Արցախի հարցում դեռևս բանակցելու անհրաժեշտություն և հնարավորություն առկա է։

Կարճ ասած՝ Ռոբերտ Քոչարյանը միակ ընդդիմադիր առաջնորդն է, ով Արցախի հարցը փակված չի համարում։ Սա չներվեց ո՛չ Նիկոլ Փաշինյանի, ո՛չ էլ նրան աջակցող արտաքին բազմաթիվ դերակատարների կողմից, և այժմ երկրորդ նախագահը դրա համար վճարում է իր ազատությամբ։

Միաժամանակ ակնհայտ է նաև, որ կալանքը պատժի միջոցի վերածելով բազմաթիվ հանրային հնչեղություն ունեցող գործերով՝ քաղաքացիական համերաշխության և համազգային համախմբման հարցում իշխանությունը ընդգծում է իր ժխտողականությունը։ Մյուս կողմից ակնհայտ է, որ Հայաստանի առջև առկա մարտահրավերների պայմաններում իրականության մեջ առկա է հակառակի անհրաժեշտությունը, անկախ հասարակական կարծիքների տարբերություններից, քանի որ պատժիչ քաղաքականությունը միշտ հանգեցնում է բևեռացման»։