|
Փոխարժեքներ
18 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.44 |
| EUR | ⚊ | € 417.05 |
| RUB | ⚊ | ₽ 4.3123 |
| GBP | ⚊ | £ 485.52 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
Բրիֆինգներից մեկի ժամանակ Նիկոլ Փաշինյանը խոստովանել է, որ հիշողության հետ կապված խնդիր ունի և հաճախ մոռանում է, թե որտեղ ինչ է ասել, ուստի «Իշխանություն» լրատվականը որոշել է թարմացնել նրա հիշողությունը։ 2018-ի հուլիսի 26-ին Սանկտ-Պետերբուրգի հայ համայնքի գործարարների հետ կայացած հանդիպման ժամանակ Մուրադ Մուրադյանը Նիկոլ Փաշինյանին պատմում է, թե քսան տարի առաջ իր բիզնես գործընկեր Աշոտ Արսենյանը ինչպես է տիրացել նրա ունեցվածքին եւ մահափորձ կատարել իր դեմ։
Նիկոլ Փաշինյանը Մուրա Մուրադյանին խոստանում է՝ պատժել մեղավորներին։
Այս պատմության մասին հարցազրույց կա նաեւ Ն․ Փաշինյանին պատկանող «Հայկական ժամանակ» օրաթերթում։ Գործարարը թերթին տված հարցազրույցում պատմել է, որ «Ջերմուկ Գրուպի» հիմնադիր Աշոտ Արսենյանը յուրացրել է իրենց համատեղ բիզնեսի ունեցվածքը, գաղտնի վաճառել է իր ներդրած շշալցման հոսքագիծը, սնանկացրել և 124 միլիոն դրամ արժեք ունեցող գործարանը 2 միլիոն դրամով վաճառել է իրենց դեմ ցուցմունք տված անձի հորը։ Նա նաև պնդել է, որ Արսենյանը բռնազավթել է իրեն պատկանող գինու գործարանը։
Բացի այդ, Մուրադյանը հայտնել է, որ Արսենյանը կեղծ մեղադրանքներ է ներկայացրել իր և գործընկեր Կորյուն Հակոբյանի դեմ, ինչի հետևանքով Հակոբյանը դատապարտվել է 8 տարվա ազատազրկման, իսկ ինքը ստիպված է եղել հեռանալ Հայաստանից։ Մուրադյանը նաև հայտարարել է, որ Արսենյանը կաշառել է քննիչներին, դատախազին և դատավորին։
Մեր միամիտ հայրենակիցը կարծում էր, թե իշխանափոխություն է եղել, եւ Նիկոլ Փաշինյանը եկել է թալանի դեմն առնելու, կոռուպցիոներներին եւ իրական հանցագործներին պատժելու, սակայն տեղի ունեցավ հակառակը։ Աշոտ Արսենյանի որդին՝ Վահագն Արսենյանը, Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք բարձր պաշտոն ստացավ․ նա Վայոց ձորի մարզպետն է։ Կասկածելի եղանակներով իշխանական բարձր պաշտոնյաներ շուկայականից անհամեմատ ցածր գներով ձեռք են բերել թանկարժեք բնակարաններ Արսենյան ընտանիքին պատկանող «Բյուրեղ» թաղամասում։ Պարզ ասած՝ նախկին իշխանություններին թալանի մեջ մեղադրող ՔՊ-ականները գործարքի մեջ են մտնում Սերժ Սարգսյանի նվիրյալ, ՀՀԿ-ական նախկին պատգամավորը Աշոտ Արսենյանի հետ։
Հետաքրքիր է նաեւ Վահագն Արսենյանի՝ զինծառայությունից ազատվելու հիմքով հարուցված քրեական վարույթի ճակատագիրը։ Գործը նախաձեռնվել էր Նիկոլ Փաշինյանի՝ վարչապետ դառնալուց մեկ տարի անց՝ քրեական օրենսգրքի 327 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով՝ փաստաթուղթ կեղծելու կամ խաբեության այլ ճանապարհով զինվորական ծառայությունից խուսափելու փաստի առթիվ: Այս գործը եւս մնացել է դարակներում։ Ահա, թե ինչու ժողովուրդը չի հավատում, որ Նիկոլ Փաշինյանն իրական պայքար է մղում թալանչիների եւ հանցագործների դեմ։
Աղբյուրը՝ «Իշխանություն» լրատվական
Տեսանյութն՝ այստեղ։