|
Փոխարժեքներ
10 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.58 |
| EUR | ⚊ | € 422.88 |
| RUB | ⚊ | ₽ 4.2331 |
| GBP | ⚊ | £ 492.14 |
| GEL | ⚊ | ₾ 139.3 |
«Փաստ» օրաթերթը գրում է.
ՀԷՑ-ի խլման պրոցեսը նոր փուլ է տեղափոխվում: Երեկ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել ««Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության 100 տոկոս բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին» կառավարության որոշման նախագիծը:
Այն, որ նախագծի հեղինակները պետք է փորձեին պատճառաբանել խլման գործընթացը, բնական է. օրինակ՝ կան այսպիսի պատճառաբանություններ. «օտարման նպատակը պայմանավորված է պետության և հասարակության անվտանգության, սպառողների իրավունքների և օրինական շահերի պաշտպանության, բնակչության անխափան էլեկտրամատակարարման, սոցիալական և ռազմավարական օբյեկտների բնականոն գործունեության, ինչպես նաև էներգետիկ մատչելիության, կանխատեսելիության և հավասար հասանելիության ապահովման անհրաժեշտությամբ», «օտարման հիմք դիտարկվող հանրային շահը գերակայում է օտարվող սեփականության սեփականատիրոջ շահերին» և այլն, գումարած՝ տեխնիկական ինչ-որ պատճառաբանություններ: Սակայն հենց «հիմնավորումներն» ինքնին վկայում են գործընթացի չհիմնավորվածության մասին: Ինչպես երեկ մեզ հետ զրույցում նշում էին մի քանի տնտեսագետներ, «պարզապես չկան հիմնավորումներ»: Չնայած, այլ տարբերակ լինել չէր կարող, քանի որ բոլորի համար է ակնհայտ, որ ՀԷՑ-ի խլման այս պրոցեսը բացառապես քաղաքական է, ու նախագծի հեղինակները ստիպված են քաղաքական որոշման տակ ինչ-որ պատճառաբանություններ «դնել»: Արդյունքում թե՛ հիմնավորման մեջ, թե՛ հենց որոշմնան նախագծում կան ձևակերպումներ, որոնք, ինչպես նշեց տնտեսագետներից մեկը, մեղմ ասած, շարադրություն են հիշեցնում: Օրինակ՝ «սույն որոշման հավելվածում ներառված սեփականության օտարումը չհիմնավորված վնաս չի պատճառում սեփականատերերին» (լո՞ւրջ), «օտարման նպատակը ողջամտորեն իրագործելի է սահմանված վերջնաժամկետում», «ՀԷՑ-ի գործունեությունը սովորական մասնավոր գործունեություն չէ», «բաշխիչ ցանցերը ռազմավարական ենթակառուցվածք են, դրանց աշխատանքից կախված են ոչ միայն կենցաղային պայմանները, այլև արդյունաբերությունը, պետական կառույցները, տրանսպորտը և կապի համակարգերը» և այլն:
Մի խոսքով, «բառերի շքերթ», որտեղ, սակայն, չկան ո՛չ տնտեսական, ո՛չ իրավական հիմքեր: Քաղաքական որոշման կյանքի կոչման զուտ քաղաքական փաստաթուղթ: