|
Փոխարժեքներ
10 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.58 |
| EUR | ⚊ | € 422.88 |
| RUB | ⚊ | ₽ 4.2331 |
| GBP | ⚊ | £ 492.14 |
| GEL | ⚊ | ₾ 139.3 |
«Փաստ» օրաթերթը գրում է.
«Փաստ» թերթին են դիմել Հայաստանի կոմպոզիտորների միության մի քանի անդամներ՝ տեղեկացնելով, որ ՀԿՄ Դիլիջանի ստեղծագործական տունը երկարաժամկետ վարձակալության է տրվելու արտասահմանյան ինչ-որ ընկերության։ Նպատակն այն է, որ հնարավոր լինի և՛ ստեղծագործական տունը աշխատեցնել, և՛ վերանորոգում իրականացնել, և՛ միությունը գումար ունենա, և՛, ընդհանրապես, որ ստեղծագործական տունը չքանդվի, չավերվի: Սակայն կոմպոզիտորներն անհանգստացած են, թե նախ՝ արդյո՞ք ստեղծագործական տունը չի կորցնի իր առաջնային նշանակությունը, և երկրորդ՝ իրենք լիարժեքորեն կարողանա՞ն շարունակել օգտվել իրենց ունեցած արտոնություններից։
Մենք դեռևս հուլիսի 31-ին գրավոր հարցմամբ դիմել էինք Հայաստանի կոմպոզիտորների միությանը՝ խնդրելով պարզաբանել այս և մի քանի այլ հարցեր, սակայն այդպես էլ պատասխան չէինք ստացել: Մենք դիմեցինք միության նախագահ Արամ Սաթյանին, որը մեզ հետ զրույցում հաստատեց, որ հարցումը ստացել են, սակայն չեն պատասխանելու, քանի որ պատասխանելու բան չկա: Նա միայն նշեց, որ այն, ինչի մասին հարցրել ենք, ինչ-որ սենսացիոն գաղտնիք չէ, հարցը քննարկվել է միության վարչությունում, պարզապես հարցին պատասխանելու բան չկա, որովհետև թեպետ կա գաղափար, նաև որոշակի գործընթաց, սակայն այս պահին որևէ առարկայական, շոշափելի արդյունք չկա, իսկ եթե լինի, պատշաճ կարգով կտեղեկացնեն: Միևնույն ժամանակ պարոն Սաթյանը հավելեց, որ ինչ ընթացք էլ լինի, ցանկացած պարագայում միության անդամները չեն կորցնելու իրենց ունեցած արտոնությունները: Այլ հարցերի պարոն Սաթյանը չպատասխանեց՝ կրկնելով, որ անիմաստ է խոսել մի բանի մասին, ինչը դեռևս գոյություն չունի: