կարևոր
862 դիտում, 2 ժամ առաջ - 2026-08-17 19:53
Տարածաշրջան

Վրաստանի պատմության մեջ ամենաերկարատև բողոքի ակցիան․ «Le Monde»

Վրաստանի պատմության մեջ ամենաերկարատև բողոքի ակցիան․ «Le Monde»

Վրաստանի պատմության մեջ ամենաերկարատև բողոքի ակցիայի․ երկրում ընթացող անընդմեջ ցույցերի մասին գրել է ֆրանսիական հեղինակավոր «Le Monde» պարբերականը։

Հոդվածի գնահատմամբ` բողոքի շարժումը դարձել է դիմադրության խորհրդանիշ, իսկ ցուցարարների հիմնական ուղերձն է. «Մենք պաշտպանում ենք մեր եվրոպական ապագան»։

«Le Monde»-ի փոխանցմամբ՝ 2024 թվականի նոյեմբերին իշխանությունների Եվրամիությանն ինտեգրվելու գործընթացի սառեցումից հետո, ճնշումներին ու ցրումներին հակառակ, ամեն օր փողոց են դուրս գալիս հարյուրավոր մարդիկ, և վրացիների համար բողոքի ակցիաներին մասնակցելը միասնության կոչ է դարձել։

Պարբերականն ընդգծել է, որ շարժումը չունի միասնական առաջնորդ և շարունակվում է՝ չնայած ձերբակալություններին, տուգանքներին ու այլ տեսակի ճնշումներին։ «Le Monde»-ը հղում է արել նաև «Amnesty International»-ի հունիսյան զեկույցին, համաձայն որի՝ շարժման մեկնարկից ի վեր հազարավոր մարդիկ կամայականորեն ձերբակալվել կամ տուգանվել են, հարյուրավոր քաղաքացիներ ենթարկվել են խոշտանգումների և վատ վերաբերմունքի, իսկ ավելի քան 150-ը, կազմակերպության գնահատմամբ, ազատազրկվել են անարդար և քաղաքականապես մոտիվացված գործընթացների հետևանքով։

Հոդվածում շեշտված է նաև հասարակության եվրոպական ընտրությունը․ «Le Monde»-ի վկայակոչած հարցումների համաձայն՝ Վրաստանի բնակչության շուրջ 75%-ն աջակցում է եվրոպական ինտեգրմանը, և Եվրոպական միությունից հեռանալն ու Ռուսաստանին մոտենալը բազմաթիվ քաղաքացիներ համարում են դավաճանություն։

Ի դեպ, պարբերականը ուշադրություն է հրավիրել նաև ցուցարարների հոգնածության ու հիասթափության վրա։ «Le Monde»-ի գնահատմամբ՝ իշխանությունն ավելի է խստացնում վերահսկողությունը, հազարավոր վրացիներ արդեն լքել են երկիրը, իսկ իշխանության ընդդիմադիրների մի մասը հարցականի տակ է դնում բողոքի ակցիաների արդյունավետությունը։

Աղբյուրը՝ Aliq.ge։