կարևոր
361 դիտում, 1 ժամ առաջ - 2026-08-08 16:28
Քաղաքական

«Դրօշակ»-ի Առաջնորդող. Պատասխանատվության առաքելությունը

«Դրօշակ»-ի Առաջնորդող. Պատասխանատվության առաքելությունը

Ընտրությունները, իրենց բուն նպատակին զուգահեռ, լուծում են դրանից բխող մեկ կարևոր խնդիր ևս՝ խաղաղ ու ներդաշնակ մթնոլորտ են հաստատում երկրում, ըստ հասունացած հասարակական պահանջի՝ վերափոխելով քաղաքական դաշտը։ 2026 թվականի հունիսին Հայաստանում տեղի ունեցած ընտրություններն ոչ միայն չլուծեցին առկա հիմնահարցերը, այլև ավելի ընդգծեցին դրանք՝ խորացնելով հասարակական դժգոհությունն ու հիասթափությունը։ Պատճառն ակնհայտ է՝ ընտրության հրամցված արդյունքը չէր համապատասխանում հասարակության մեծամասնության ակնկալիքներին։ Չսպասելով ընտրությունների օրինականության վիճարկման հարցով Սահմանադրական դատարանի վերջնական վճռին՝ երկրի գործող վաչապետը հրապարակայնացրեց խորհրդարանում և իշխանական այլ օղակներում նշանակումների և վերանշանակումների հարցեր, կանխապես հանրությանն ուղերձ հղելով, որ ավելորդ են դատարանի վճռի հետ կապված նրա սպասումները։

Հիշելով, մասնավորապես, հունիսի 7-ի ընտրությունների գիշերը, արդյունքների հաշվարկի հենց սկզբում, նույն վարչապետի հայտարարությունն իր գլխավորած ուժի հաղթանակի մասին, համոզվում ենք, որ գործ ունենք քաղաքական գործընթացները կանխելու գործելակերպի հետ, որն ուղերձ է, առաջին հերթին, տվյալ գործընթացներն իրականացնող պետական մարմիններին և, ապա, հանրությանն ու քաղաքական ուժերին։ Իր սև գործն անելուց հետո Նիկոլ Փաշինյանը մեկնեց արձակուրդ, իսկ իրականում փախուստ տվեց անմիջականորեն առճակատվելուց այն հիմնահարցերի հետ, որոնք ընտրություններից անմիջապես հետո բոլոր կողմերից ծառացան նրա առջև, ինչպես և այն ռեպրեսիաներից որոնք երկրում ծավալվելու էին իր իսկ հրահանգով։ Այդ խնդիրները նրա համար սկսվում էին հարաբերություններից սեփական թիմի հետ, որի մի մասին նա, ուզեր թե չուզեր, պետք է հիասթափեցներ, քանի որ խորհրդարանական տեղերն ու մյուս բարձրագույն պաշտոններն անսահմանափակ չեն, իսկ մյուս կողմից, ծառացել էին ներթիմային ու կադրային այլ խնդիրներ, որոնք ցանկանում էր լուծել ՔՊ առաջնորդը։

Առաջին հայացքից արտաքին ու ներքին բազում հիմնահարցերի կողքին ներթիմային խնդիրները թվում են երկրորդական՝ այս դեպքում, սակայն, անակնկալ մի պահի սրանք կարող են դառնալ ամենաճակատագրականը Նիկոլի իշխանության համար։ Նա մշտապես զգոն է, որ հանկարծ դասալքություններ ու ճեղքվածքներ չառաջանան սեփական «տանը», ինչն այդ թղթե կառույցը ցիրուցան կանի ժամերի ընթացքում։ Եվ այս դեպքում, նախորդ բազում անգամների նման, ի՞նչ է անում նա իր անսկզբունք, անհայրենիք, ագահ ու իշխանատենչ թիմակիցների սանձերը ձեռքում պահելու համար. առնում է նրանց՝ այս անգամ 5 միլիարդ դրամի պարգևավճար բաժանելով, այն պահին, երբ հին իշխանությունն ավարտել է իր գործունեությունը, իսկ նորը դեռ չի սկսել։ Ինչ վերաբերում է պետական ողջ համակարգն ընդգրկող այդ թիմին, ապա փողի դիմաց վճարողի բոլոր քմահաճույքները կատարողների հարցում, ում շեֆը մեկ վայրկյանում և մեկ SMS-ով կարող է թռցնել աթոռից, որևէ դրական դրսևորում ակնկալելու հիմքեր չկան։ Պետք է ցավով արձանագրենք, որ սրանք իրենց բախտախնդիր առաքելությամբ ամենաամոթալի էջն են գրում հայոց պատմության մեջ։

Նիկոլ Փաշինյանին կամակատար կենտրոնական ընտրական հանձնաժողովը և Սահմանադրական դատարանը հաստատեցին ընտրությունների անօրինական արդյունքները, բայց արդյո՞ք դա ապահովեց Նիկոլ Փաշինյանի կայուն և անամպ իշխանավարման գալիք տարիները։ Ակնհայտ է, որ իշխանազավթման այս ճիգի ընթացքում Փաշինյանը կորցրեց իր քաղաքական լեգիտիմությունը, բարոյական վարկը, և օրինականության հիմքը։ Սահմանադրական դատարանի վճիռը չչորացած՝ գազազած Փաշինյանը անձնական օգտագործման ուժային կառույցներին ուղղորդեց ձերբակալելու Գագիկ Ծառուկյանին, կասեցնելու գործունեությունը և խլելու հայտնի գործարարին պատկանող ձեռնարկությունները։ Թվում էր, թե Գագիկ Ծառուկյանի գլխավորած ուժից նրա օրինականորեն ձեռք բերած մանդատները խլելով՝ Նիկոլ Փաշինյանը դաժանորեն պատժեց վերջինիս իր դուդուկի տակ պար չգալու համար, բայց Փաշինյանը հասկանում է, որ իր այս աղաղակող անօրինականությամբ բարոյական ու քաղաքական ավելի մեծ հարված ստացավ, քան գործարարը։ Գուցե բացի սահմաններ չճանաչող հիշաչարությունը, այս քայլով Նիկոլ Փաշինյանը փորձում էր արժեզրկել Գագիկ Ծառուկյանի քաղաքական դրամագլուխը՝ ներսի ու դրսի աչքին նրան ներկայացնելով որպես քրեաօլիգարխիկ կլանի առաջնորդ։

Այնուամենայնիվ, առաջին հայացքից զարմանալի, իսկ տրամաբանության տեսանկյունից լիովին բացատրելի է, որ օլիգարխներին ու թալանչիներին պատժելու կարգախոսն ութ տարի թափահարող երկրի ղեկավարի այս քայլը հանրության մեծամասնության աչքին ավելի ու ավելի վարկաբեկեց նրան, փոխարենը մեծացնելով համակրանքը գործարարի նկատմամբ։ Այս առումով Փաշինյանն իր ցուցադրական շոուների վերածված անօրինական քրեական հետապնդումներով այլևս ոչ թե ընկալվում է որպես արդարության մարտիկ, այլ իշխանության պատժիչ մեքենան սեփական աթոռի պահպանությանը ծառայեցնող դիկտատոր։ Փաշինյանն Արևմուտքին և թուրքադրբեջանական դաշինքին մեծ խոստումներ է տվել՝ իր իշխանության պահպանման համար վերջիններիս գործնական հովանավորությունը ստանալու դիմաց։

Հանուն այդ նպատակի նա բացահայտորեն հակադրվեց Ռուսաստանին, որի հովանավորությունն իր քաղաքական կայունության հիմնական երաշխիքներից մեկն էր անցնող տարիներին։ Այդ երաշխիքներից մեկն էլ այն տնտեսական օգուտներն էին, որոնք կարծես առատության եղջյուրից թափվեցին այս իշխանության գիրկը, երբ Արևմուտքի պատժամիջոցների տակ հայտնված Ռուսաստանի հետ բազմակի անգամ մեծացավ Հայաստանի առևտրաշրջանառությունը։ Դրա փոխարեն այսօր Ռուսաստանը տնտեսական չհայտարարված պատժամիջոցների է ենթարկում Հայաստանին, որոնք կործանարար կարող են դառնալ հայ արտադրողների համար և կտրուկ անկումների առջև կանգնեցնել Հայաստանի տնտեսական-սոցիալական կյանքը։

Նախընտրական փուլում Փաշինյանը խաբեց ժողովրդին, թե հրաշալի հարաբերություններ ունի ռուսական իշխանությունների հետ և շատ հեշտությամբ կլուծի ի հայտ եկած բոլոր խնդիրները։ Այսօր ոչ միայն կեղծիքի այս հերթական փուչիկը պայթեց, այլև բացահայտվում է այն սուտը, թե Արևմուտքը շուկաները դռները բացած սպասում է հայ արտադրողներին։ Մյուս կողմից, Արևմուտքը պահանջում է արագացնել Ռուսաստանի հետ եղած տնտեսական, էներգետիկ, հաղորդակցական և ռազմական կապերի խզումը, ի դեպ՝ քաղաքական, տնտեսական և ֆինանսկան «փոխհատուցման» առումով չարդարացնելով Հայաստանի իշխանությունների ակնկալիքները։ Մեկ այլ կողմից, Ադրբեջանն ու Թուրքիան, որոնք նույնպես երգում էին այնքան ցանկալի Խաղաղության հանկերգը Նիկոլի վերարտադրությանը օգնելու համար, այժմ օր օրի մեծացնում են ճնշումը՝ պահանջելով գործնական քայլեր խոստացված զիջումների հարցում։ Իր իսկ սարքած աջափսանդալի մեջ եփվող, քաղաքականորեն թուլացած և բարոյապես սպառված Նիկոլը պետք է փորձի լուծում տալ այդ բոլոր հարցերին, մինչդեռ յուրաքանչյուր լուծում ինքնին հակասում և հակադրվում է մեկ այլ պահանջի։

Իր վաղվա զիջումների դիմաց ներքին ընդվզումները կանխելու համար Փաշինյանն այսօր փորձում է գլխատել ընդդիմությանը, ջլատել հավանական ընդվզման ներուժը, սերմանել համատարած վախ և հանրությանը մղել խուլ կրավորականության։ Այս ուղղությամբ այսօրվա նրա քայլերը հիշեցնում են անկանոն ջղաձգումներ։ Լայն ճակատով իրավական անարխիայի շրջագծի մեջ առնելով ողջ ընդդիմադիր դաշտը, վերջինիս համակիրներին և աջակիցներին՝ Փաշինյանը կարծես փորձում է սրանով հասկացնել ողջ հանրությանը, որ այս հետապնդումները սպասվում են բոլոր նրանց, ովքեր կփորձեն դժգոհություն արտահայտել չսպառված արտադրանքի, կորցրած վարկերի, աշխատատեղերի, շուկաների, աճող գների ինչպեսև կենսապայմանների սողացող անկման համար։ Ոտքի վրա հանպատրաստի թխվող քրեական գործերը հօդս են ցնդում՝ բախվելով իրավական, փաստական իրողությունների հետ, բայց Նիկոլն անկյուն քշված գազանի պես պատրաստ է հարձակվել յուրաքանչյուրի վրա՝ այլևս թեկուզ ձևականորեն չպահպանելով օրինականությունը և հրապարակայնացնելով իշխանության բոլոր թևերը անխնա շահագործողի իր բռնապետական վարքագիծը։

Այնպիսի տպավորություն է, կարծես Սահմանադրական դատարանի խայտառակ որոշումից հետո և նոր խորհրդարանի գործունեությունից առաջ Փա¬շինյանն ինքն է ձեռնարկել իրեն վարկաբեկելու և ըմբոստացող զանգվածներին ոտքի հանելու նախնական քայլերը։ Այո, իրականում այլևս նիկոլական պայքարի թիրախը ոչ այնքան ընդդիմությունն է, որքան իր կողմից ընդդիմադիր ճակատ մղված ժողովուրդը։ Եվ եթե անգամ ազգային ուժերը թույլ տան իրենց ժամանակավորապես մի կողմ քաշվելու, Փաշինյանի ռեպրեսիվ ինքնապաշտպանությունը շարունակվելու է։ Անշուշտ, ստեղծված ճգնաժամային ժամանակահատվածում իրական ազգանվեր ուժերն իրավունք չունեն ձեռնծալ մնալու և չիրականացնելու ժողովրդի ճակատագրի համար պատասխանատվությունից բխող գործունեություն։ Հուսանք, որ այդ գործընթացը կազմակերպված ընթացք կառնի նոր գումարման խորհրդարանի գործունեության հետ և ներդաշնակ ժողովրդական հասունացող ըմբոստացմանը։

Դրօշակ» թիվ 7 2026թ.