|
Փոխարժեքներ
07 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.17 |
| EUR | ⚊ | € 422.12 |
| RUB | ⚊ | ₽ 4.4525 |
| GBP | ⚊ | £ 492.1 |
| GEL | ⚊ | ₾ 139.73 |
Yerkir.am-ը Պետական եկամուտների կոմիտեից գրավոր հարցմամբ ճշտել էր, թե վերջին մեկ տարվա կտրվածքով բջջային հեռախոսների, այդ թվում՝ խելացի հեռախոսների (սմարթֆոնների) ապօրինի վաճառքի և մաքսանենգության քանի՞ դեպք են գրանցել իրավապահ մարմինները, և այդ գործերով դատարաններում քանի՞ վարույթ է նախաձեռնվել: ՊԵԿ-ի իրավաբանական վարչության տրամադրած տվյալների հիմա վրա արված հրապարակումից հետո ՊԵԿ լրատվական վարչությունը լրացրել է տրամադրված տեղեկատվությունը, որն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․
«Միայն 2026 թվականի առաջին հինգ ամիսների ընթացքում ոլորտում իրականացվել է 85 հսկողական և օպերատիվ-հետախուզական միջոցառում, որոնց արդյունքում՝
• 4 դեպքով նախաձեռնվել են քրեական վարույթներ՝ պետությանը շուրջ 165 մլն դրամ վնաս պատճառելու հատկանիշներով,
• 22 տնտեսավարողներ ճշտել են հարկային պարտավորությունները, ինչի արդյունքում առաջացել է շուրջ 407 մլն դրամ լրացուցիչ հարկ,
• 2 դեպքով արձանագրվել են ապօրինի ձեռնարկատիրական գործունեության փաստեր, որոնց արդյունքում առաջադրվել է 76 մլն դրամ տուգանք,
• 6 տնտեսավարողների մոտ հայտնաբերվել է ապրանքային պակասորդ, ինչի արդյունքում առաջադրվել է 21 մլն դրամ տուգանք,
• 23 տնտեսավարողների մոտ հայտնաբերվել են հսկիչ-դրամարկղային մեքենաների կտրոնների տրամադրման կարգի խախտումներ, ինչի արդյունքում առաջադրվել է 13 մլն դրամ տուգանք,
• բացահայտվել են նաև առանց համապատասխան փաստաթղթերի ապրանքների իրացման և աշխատողների՝ սահմանված կարգով չգրանցման դեպքեր, որոնց արդյունքում կիրառված տուգանքների ընդհանուր չափը կազմել է 2,2 մլն դրամ։
Բացի այդ, 2025 թվականի ընթացքում հայտնաբերվել է շուրջ 1500 հատ, իսկ 2026 թվականի առաջին հինգ ամիսների ընթացքում՝ շուրջ 300 հատ ապօրինի ներմուծված բջջային հեռախոս։
Միաժամանակ հարկ է նշել, որ բջջային հեռախոսների ստվերային շրջանառությունը չի սահմանափակվում միայն այն դեպքերով, որոնք հնարավոր է բացահայտել անմիջապես պետական սահմանին իրականացվող մաքսային հսկողության արդյունքում։ Մասնավորապես, գործնականում տարածված են դեպքեր, երբ հեռախոսները ձեռք են բերվում այլ երկրներում (օրինակ՝ ԱՄԷ-ում), այնուհետև մեկ կամ երկու սարքի չափով բաշխվում են տարբեր ուղևորների միջև և տեղափոխվում Հայաստանի Հանրապետություն։ Հետագայում այդ սարքերը հավաքվում և իրացվում են առևտրի կետերի միջոցով։
Նման սխեմաների մասին հրապարակումներ և քննարկումներ են եղել նաև բաց աղբյուրներում։ Ընդ որում, ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման նպատակով մեկ կամ երկու բջջային հեռախոսի ներմուծումն ինքնին չի համարվում իրավախախտում, ուստի նման դեպքերը սահմանային հսկողության շրջանակում միշտ չէ, որ հնարավոր է նույնականացնել։ Հետևաբար, բացառապես սահմանին արձանագրված խախտումների քանակը կամ հայտնաբերված հեռախոսների թիվը չեն կարող ամբողջությամբ արտացոլել ոլորտում առկա ստվերային շրջանառության իրական ծավալները։ Հենց այս հանգամանքն է պատճառը, որ նախատեսվում է ներդնել IMEI կոդերի գրանցման և վերահսկողության միասնական համակարգ, որը հնարավորություն կտա ապահովել հեռախոսների օրինական շրջանառության առավել արդյունավետ վերահսկողությունը և նվազեցնել ստվերային գործունեության ռիսկերը»։