|
Փոխարժեքներ
21 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.44 |
| EUR | ⚊ | € 417.05 |
| RUB | ⚊ | ₽ 4.3123 |
| GBP | ⚊ | £ 485.52 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
Օտարների կողմից ուղղորդվող հետևողական քարոզչության միջոցով ազգային խնդիրները աստիճանաբար ետին պլան մղվեցին՝ զիջելով իրենց տեղը ապրուստի ու կենցաղի խնդիրներին։ Այս մասին ՀՀ անկախության 35-ամյակի կապակցությամբ իր ուղերձում ասել է Alpha Media House-ի հիմնադիր, քաղաքական գիտությունների դոկտոր Վիկտոր Սողոմոնյանը։
«Արցախյան պատերազմում տարած մեր հաղթանակը ու Երկրորդ հայկական պետության կազմավորումը այդպես էլ լիարժեք չգնահատվեց ու ի վերջո հասարակության զգալի մասի համար ստորադասվեց կոռուպցիայի դեմ պայքարին։ Երբեմն իրական, երբեմն չակերտավոր, առասպելական թալանը վերադարձնելու, մեզ թշնամի համարող հարևանների հետ շահավետ առևտուր անելու խնդիրներ, հայաստանցիներ-ղարաբաղցիներ հակադրումը, որն, ի դեպ, մեծապես արհեստականորեն ներդրված էր ու ևս օտարածին քարոզչության արդյունք էր, ազգային պառակտման առումով կործանարար դարձավ»,- շեշտել է նա։
Սողոմոնյանի խոսքով՝ բոլոր նրանք, ովքեր ինչ-որ կապ ունեին հասարակական կարծիքի ձևավորման հետ, թերացան ու չկարողացան հավուր պատշաճի պատմել հասարակությանը և հատկապես նոր սերնդին՝ արցախյան հաղթանակի կարևորության ու Հայաստանի համար դրա կենսական նշանակության մասին։
«Այսպիսի պայմաններում՝ սոցիալական բացարձակ արդարության ուտոպիայի դրոշի տակ, Հայաստանում պետական իշխանության եկավ պոպուլիզմը։ Մենք, իհարկե, բացառիկ չէինք այս առումով․ աշխարհում պոպուլիզմի հաղթարշավ էր, ու բազմաթիվ պետություններ մեզ հետ միասին անցան կամ դեռ անցնում են այդ փորձությունը, բայց մեր նորաստեղծ պետության համար այն բերեց չափազանց ծանր հետևանքներ։Եղավ այն, ինչ եղավ»,- ասել է նա։