կարևոր
454 դիտում, 1 ժամ առաջ - 2026-08-05 13:33
Հասարակություն

«Եթե իմ գլխով էդքան բան անցած չլիներ, կասեի՝ էս ինչ լավ միջավայր է, մարդիկ բարեվարքությունից են խոսում․ մեր գործընկեր Արթուր Սագսյանն ինչո՞ւ այստեղ չէ»․ Մամիկոն Ասլանյան

«Եթե իմ գլխով էդքան բան անցած չլիներ, կասեի՝ էս ինչ լավ միջավայր է, մարդիկ բարեվարքությունից են խոսում․ մեր գործընկեր Արթուր Սագսյանն ինչո՞ւ այստեղ չէ»․ Մամիկոն Ասլանյան

ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամ Մամիկոն Ասլանյանը կարծում է, որ խորհրդարանում իշխանության կողմից բարեվարքության առաջարկը վերաբերում է հենց ՔՊ-ին, քանի որ ինքն ու իր գործընկերները նոր են եկել Ազգային Ժողով, բոլորն էլ դաստիարակաված ու կրթված ընտանիքներից են։

«Մենք ոչ մի կռիվ, վեճ դեռ չենք արել։ Կիրթ, դաստիարակված ընտանիքներում մեծացած մարդիկ ենք։ Հըլը ես էնքան եմ տուժված, որ դժվար թե գամ միանգամի կռիվ-դավի անեմ։ Հասկացա, որ էդ բարեվարքությունը պիտի որ ձեզ վերաբերվի»,-հայտարարեց Վանաձորի նախկին քաղաքապետը, որն ընտրվելուց հետո հայտնվեց անազատության մեջ։

Նա ասաց՝ վերջին տարիներին մի քիչ քաղաքական հոտառություն է ձեռք բերել, կարծում էր, որ ԱԺ ամբիոնը պետք է լինի քաղաքական մտքերի փոխանակման, գեներացիայի համար, բայց ութ տարվա իշխող ուժի կողմից քաղաքական միտք ու օրակարգ չի տեսել։

«Կա՞ միտք, չկա։ Կա՞ օրակարգ, չկա՞։ Ո՞րն է, դուք գաք այստեղ մեզ մեղադրեք ընտրակաշառք բաժանելու, մյուսներին մեղադրեք 30-35 տարի թալանելու… ե՞ս էլ եմ մեջը, ես մանկապարտեզ չունեմ, ցավդ տանեմ, աչքիս մենակ ես ու դու չունենք»,-ասաց Ասլանյանը՝ դիմելով իրեն ընդհատած ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանին։

Նա ընդգծեց, տարածաշրջանը եռացող վիճակում է, բայց ԱԺ նախագահը որևէ անդրադարձ չարեց արտաքին քաղաքական հարցերին, գյուղատնտեսության ոլորտում առաջացած խնդիրներին։

«Հիմա գյուղատնտեսական պիկի սեզոնն է, կներեք, փոխարեն մենք էս չծախվող ծաղիկը բուկետով վերցնենք ռուսների մոտ գնանք, իրանցիներին կոնյակ տանենք, մենք իրար նկատմամբ այստեղ չգիտեմ ինչ ենք անում»,-ասաց նա։

Շարունակելով բարեվարքության մասին թեման՝ Ասլանյանն ասաց, ԱԺ դահլիճում այդ կանոններն ավելի շատ խախտել է Նիկոլ Փաշինյանը, լավ կլինի՝ Ռուբինյանն այդ առաջրակն անի հենց նրան։

«Մեր նպատակը ձեզ իշխանությունից հեռացնելն է, հիմա մենք կաշխատենք ձեզ հեռացնել բարեկրթության մթնոլորտում»,-ասաց Ասլանյանը։