Միասին կարող ենք
կարևոր
586 դիտում, 1 ժամ առաջ - 2026-04-28 14:32
Հասարակություն

Կիսաքանդ, բայց զորավոր

Կիսաքանդ, բայց զորավոր

Զորավոր կառույցներ Հայաստանում շատ կան՝ բերդեր, վանքեր, տաճարներ, որոնք դարերի ընթացքում դարձել են ուժի, հավատի և անկոտրում ոգու գաղափարական պատկերումներ։ Սակայն Զորավանի Սուրբ Թեոդորոս եկեղեցին, որին հաճախ հենց Զորավոր են կոչում, իր անունն «արդարացնում» է այլ կերպ։

Նրա զորությունը ոչ թե ամբողջականության, այլ՝ յուրօրինակության և ինքնատիպության մեջ է։ Կիսավեր, բայց դեռ խոսուն այս կառույցը ոչ միայն ճարտարապետական բացառիկ օրինակ է, այլև մի հուշարձան, որը մինչ օրս ամբողջությամբ չի «բացվել»՝ ոչ գիտական, ոչ էլ հասարակական ընկալման մակարդակում։

Եղվարդից ընդամենը մի քանի կիլոմետր հեռավորության վրա, Զորավան գյուղից մոտ մեկուկես կիլոմետր դեպի արևմուտք, լռության մեջ կանգնած եկեղեցին՝ ձուլված բնությանը, հայկական վաղմիջնադարյան ճարտարապետության ինքատիպ արտացոլումն է։

Սուրբ Թեոդորոսը կառուցվել է 7-րդ դարում՝ իշխան, սպարապետ Գրիգոր Մամիկոնյանի կողմից։ Ըստ կաթողիկոս, պատմիչ Հովհաննես Ե Դրասխանակերտցու՝ Հայոց իշխան Գրիգոր Ա Մամիկոնյանը, Արուճի Ս. Գրիգոր եկեղեցին կառուցելուց հետո, 666–685 թվականներին, «Եղիվարդ մեծ դաստակերտի արևելյան կողմում կառուցում է պայծառազարդ եկեղեցի և կուսակրոնների համար՝ կացարաններ»։

Եկեղեցին պատկանում է բազմախորան կենտրոնագմբեթ կառույցների հազվադեպ տիպին՝ ութախորան, երկաստիճան, բոլորաձև հորինվածքով։ Ստորին հատվածը 18-նիստանի է, վերևում՝ 12-նիստանի թմբուկով գմբեթ, որը ժամանակին պսակված է եղել վեղարով։ Այն կառուցված է դարչնագույն սրբատաշ տուֆից։ Հարդարանքում նկատելի են VII դարին բնորոշ տարրեր՝ նռան քանդակներ, երկրաչափական մոտիվներ, զարդաքանդակ քիվեր։ Ներսում պահպանվել են որմնանկարչության թույլ հետքեր։

1975 թվականի պեղումների ընթացքում բացվել է նաև եկեղեցուն կից քառախորան փոքր մատուռ, որը, ըստ մասնագետների, հավանաբար եղել է Գրիգոր Մամիկոնյանի դամբարանը։ Տարածքում կա նաև XIII դարի կիսավեր մատուռ։

Վերականգնող ճարտարապետ Աշոտ Մանասյանը Զորավորի մասին խոսելիս ամենակարևոր շեշտադրումը դնում է ոչ թե միայն վերականգնման, այլ ուսումնասիրության անհրաժեշտության վրա։

-Այդ ամբողջ տարածքը լուրջ հնագիտական պեղումների կարիք ունի։ Եթե դա արվի, շատ ավելի հետաքրքիր շերտեր կարող են բացվել, - նշում է նա։

Նրա խոսքով՝ այսօր խոսել ամբողջական վերականգնման մասին՝ առանց խորքային ուսումնասիրության, մասնագիտական առումով, մեղմ ասած, թերի մոտեցում կլինի։

-Սկզբում պետք է հասկանալ՝ ինչ ունենք, ինչ է պահպանվել, ինչ է կորել։ Դրանից հետո միայն կարելի է խոսել վերականգնման մասին, - ընդգծում է Մանասյանը։

Սակայն հենց այստեղ է առաջանում հիմնական խոչընդոտը։ Չկան կամ չեն տրամադրվում բավարար ֆինանսական միջոցներ՝ ոչ լայնածավալ հնագիտական հետազոտությունների, ոչ էլ դրանց հաջորդող վերականգնման աշխատանքների համար։ ԿԳՄՍ նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետ Հարություն Վանյանը նշում է՝ խնդիրը համակարգային է։

-Հուշարձանների թիվը շատ մեծ է։ Ավելի քան 700 հուշարձան վթարային վիճակում է, իսկ մենք տարեկան կարողանում ենք մոտ 20-ի վրա աշխատանք իրականացնել։ Ամենամյա տարեկան պլանով հաստատվում են վերականգնվող և ամրակայվող հուշարձանները՝ ըստ առաջնահերթության, - ասում է նա։

Մինչ մասնագետները խոսում են չբացված շերտերի մասին, տարածքում արդեն մի քանի անգամ իրականացվում են ոչ մասնագիտական «պեղումներ»։ 2021–2022 թվականներին հուշարձանի տարածքում արձանագրվել են գանձագողության դեպքեր․ անհայտ անձինք փորել են մինչև 50–60 սմ խորությամբ փոսեր դամբարանի և հարակից գերեզմանոցի հատվածում։ Հուշարձանների պահպանության ՊՈԱԿ-ից հայտնում են, որ դեպքերը փոխանցվել են իրավապահ մարմիներին, սակայն որևէ արդյունք այդպես էլ չի արձանագրվել։ 

Հարություն Վանյանը նշում է, որ պահպանության համակարգը ևս աշխատում է սահմանափակ ռեսուրսներով․ “Յուրաքանչյուր մարզում ունենք պահապաններ, որոնք ըստ գրաֆիկի այցելում են հուշարձաններ, լուսանկարում վիճակը և խախտումների դեպքում զեկուցում”։ Սակայն, ինչպես ընդգծում է Վանյանը, դա լիարժեք վերահսկողություն ապահովել չի կարող․ “Պահապանների թիվը հուշարձանների թվին չի համապատասխանում։ Անհնար է բոլորի համար շուրջօրյա հսկողություն սահմանել”։

Վերականգնող-ճարտարապետ Աշոտ Մանասյանը պատմում է, որ եկեղեցու վերականգնման փորձ արվել է դեռ 1980-ականներին։ Կազմվել է նախագիծ, քարերը համարակալվել են, որոշ աշխատանքներ իրականացվել են։ Սակայն գործընթացը կանգ է առել։

-Ֆինանսավորման դադարեցումը, երկրաշարժը, հետո՝ արցախյան շարժումը… և աշխատանքները կիսատ մնացին,- հիշում է ճարտարապետը։

Այսօր այդ նախագիծը կա, բայց այն ևս պահանջում է վերանայում՝ հաշվի առնելով անցած տասնամյակների ընթացքում տեղի ունեցած փոփոխությունները։

Զորավանի բնակիչների համար եկեղեցին պարզապես հուշարձան չէ։ Տեղացիները պատմում են, որ պահպանվել է նաև մի ավանդություն․ կապույտ հազով հիվանդ երեխաներին անցկացնում էին եկեղեցու պատուհանով, և նրանք ապաքինվում էին։ Համայնքի ղեկավար Բաղդասար Թովմասյանի խոսքով՝ Սուրբ Թեոդորոս եկեղեցին կարևոր է ամբողջ տարածաշրջանի համար։ «Մարդիկ շատ կուզեն, որ վերականգնվի եկեղեցին, բայց համայնքային բյուջեն չի հերիքում, իսկ բարերարներ էլ չունենք»,- ասում է համայնքապետը։

Անձրևաջրերն ու փոշին իրենց հետ կամաց-կամաց քշում-տանում են Զորավոր եկեղեցու շոշափելի և ոչ շոշափելի շերտերը։ Եվ որքան ժամանակը ձգվում է, այնքան մեծ է վտանգը, որ կկորչեն այն բացառիկ դետալները, որոնք այսօր հնարավոր չէ վերականգնել։

Եվ հենց այս կիսատ վիճակն է, որ այն դարձնում է ավելի ուժեղ՝ միաժամանակ հիշեցնելով թե՛ մեր ժառանգության արժեքի, թե՛ դրա հանդեպ ուշացող վերաբերմունքի մասին։

 

Հեղինակ՝ Սոնա Սարգսյան