Միասին կարող ենք
կարևոր
349 դիտում, 2 ժամ առաջ - 2026-04-28 15:20
Աշխարհ

Թուրքիան չի թույլատրել Իսրայելի նախագահի ինքնաթիռն անցնի իր օդային տարածքով

Թուրքիան չի թույլատրել Իսրայելի նախագահի ինքնաթիռն անցնի իր օդային տարածքով

Թուրքիան թույլտվություն չի տրամադրել Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգի՝ դեպի Աստանա ուղևորվող ինքնաթիռին անցնելու իր օդային տարածքով, հայտնում է քաղաքացիական ավիացիայի HavasosyalMedya լրատվական պորտալը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:

Թուրքիայի երկինքը փակ է զենք տեղափոխող բոլոր ինքնաթիռների և Իսրայելի պաշտոնական պատվիրակությունների համար, սակայն բաց է երրորդ երկրների կանոնավոր քաղաքացիական չվերթների համար. իսրայելական ավիաընկերությունները կարող են օգտագործել Թուրքիայի երկինքը տարանցիկ թռիչքների համար, ավելի վաղ ՌԻԱ Նովոստի-ին հայտնել էր Անկարայում դիվանագիտական աղբյուրը:

«Անկարայի մերժման պատճառով երթուղին փոխվել է, և օդանավն անցել է Եվրոպայի և Ռուսաստանի տարածքով»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Ըստ հրատարակության տվյալների՝ ստանդարտ երթուղու դեպքում ինքնաթիռը կարող էր անցնել Թուրքիայի, Հայաստանի և Ադրբեջանի տարածքով, ինչը զգալիորեն կրճատում է ճանապարհի ժամանակը: Երթուղու փոփոխության արդյունքում Թել Ավիվից Ղազախստանի մայրաքաղաք թռիչքը տևել է մոտ ութ ժամ:

Թուրքիան խզել է դիվանագիտական հարաբերությունները Իսրայելի հետ Գազայում ռազմական գործողության մեկնարկից հետո: Երկրների միջև հարաբերություններն իրականացվում են միայն հատուկ ծառայությունների գծով՝ ըստ անհրաժեշտության: