Միասին կարող ենք
կարևոր
892 դիտում, 8 ժամ առաջ - 2026-04-23 22:45
Քաղաքական

Ցեղասպանությունից մեկ դար անց նպատակը նույնն է՝ վերացնել հայկական հետքը․ ուրեմն՝ պայքա՛ր, մեր պայքարի ջահը երբեք չի հանգչի․ Իշխան Սաղաթելյան

Այսօր՝ Հայոց Ցեղասպանությունից 111 տարի անց, մենք կանգնած ենք հայկական պետության մայրաքաղաքում՝ հայության անժամանցելի իրավունքները պաշտպանելու, մեր հիշողությանը տեր կանգնելու, Ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելու, այլևս երբեք նոր ցեղասպանություն և հայրենազրկում թույլ չտալու  համար։ Այս մասին այսօր Ջահերով երթից առաջ ասաց ՀՅԴ ՀԳՄ ներկայացուցիչ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։

«111 տարի առաջ մեզ ցանկանում էին բնաջնջել հենց մեր ինքնության համար։ Ուզում էին, որ մենք մոռանանք մեր խորհրդանիշները, չխոսենք հայերեն, չերգենք մեր երգերը, չունենայինք մեր եկեղեցիներն ու դպրոցները և ուրանանք մեր պատմությունը։

Հայոց Ցեղասպանությունը մեր հազարամյա պատմության մեջ մեր տեսակի դեմ իրականացված ամենասարսափելի և ամենազազրելի հարձակումն էր, որ վերապրեց մեր ժողովուրդը, բայց իր մեջ ուժ գտավ վերականգնվելու, պահեց իր ինքնությունն ու պետականություն կառուցեց։

Հայկ Նահապետից մինչև Ավարայր, Սարդարապատից մինչև Արցախյան ազատամարտ՝ մեր պայքարի գլխավոր նպատակը եղել է պահել մեր ինքնությունը՝ մնալ հայ։ Բայց այսօր՝ ավելի քան մեկ դար անց, մեր վրա հարձակվում են ոչ թե յաթաղանով, այլ ուրացման պարտադրանքով։ Նպատակը նույնն է՝ ջնջել հայկական հետքը, վերացնել մեր տեսակը։

  • Մեզ ստիպում են չոգեշնչվել Արարատով՝
  • Մեզ ստիպում են մոռանալ Արցախը ևայնտեղ կատարված ոճիրը։
  • Մեզ ստիպում են հրաժարվել մեր պետության ծննդյան վկայականից՝ Անկախության հռչակագրից։

Եվ սա կատարվում է այն ժամանակ, երբ Արցախում  ոչնչացվում են մեր եկեղեցիները, երբ մեր եղբայրները տառապում են Բաքվի բանտերում, երբ փաստացի շարունակվում է ցեղասպանական քաղաքականությունը ։ Եվ այս ամեն ինչը արվում է դիմացի շենքում նստած  հանցագործի՝ Փաշինյանի մասնակցությամբ և  մեղսակցությամբ:

Մեզ համատեղ ուժերով սպառնում են, որ հրաժարվենքլ մեր իրավունքներից։ Բայց մենք գիտենք պատմության դասը. նա, ով ընտրում է Ադրբեջանի և Թուրքիայի ենթակայությունը՝ ստանում է ցեղասպանություն։

Նա ով հրաժարվում է անցյալից, կորցնում է ապագան։

Նա, ով ընտրում է խոնարհվելը, վերջում ստանում է և՛ նվաստացում, և՛ նոր պատերազմ։

Նա, ով զիջում է հայրենիքի մի մասը՝ հույսով, որ կփրկի մնացյալը, թշնամուն է տալիս մեզ բնաջնջելու հնարավորություն։

Նա, ով լռում է սեփական սրբավայրերի ավերման մասին, լռությամբ դառնում է  գործիք ՝ մեր ինքնության դեմ պայքարում։

Նա, ով փորձում է սիրաշահել թշնամուն՝ ուրանալով նահատակների արյունը, կորցնում է դաշնակիցների հարգանքը և մնում մեն-մենակ ոճրագործի դեմ։

Նա, ով հավատում է, թե ինքնության հաշվին կարելի է անվտանգություն գնել, ստանում է նոր գաղթի ճանապարհ։

Իսկ որն է այս ամենին մեր պատասխանը։ Մեր պատասխանը հստակ է՝

Չենք հրաժարվելու մեր պատմությունից
Չենք ուրանալու մեր անցյալը

Թույլ չենք տալու շարունակվի այս ուրացման քաղաքականությունը:

Արարատը մեզ համար վտանգ չէ, այլ ոգեշնչման աղբյուր

Ազգային հզոր բանակ ունենալը պատերազմի հրավեր չէ, այլ խաղաղության միակ իրական երաշխիք։

Եկեղեցու դեմ պայքարել՝ նշանակում է քանդել մեր ներքին ամրոցը։ Պաշտպանել եկեղեցին՝ նշանակում է պաշտպանել մեր ինքնությունը։

Արժանապատիվ կեցվածքը միջազգային հարաբերություններում ոչ թե արկածախնդրություն է, այլ հարգանքի միակ լեզուն։

 Աշխարհը չի օգնում նրանց, ովքեր պատրաստ են հանձնվել. պետությունները դաշնակից են փնտրում նրանց մեջ, ովքեր պատրաստ են կանգնել ու պայքարել սեփական իրավունքի համար։

 Արցախ վերադարձի իրավունքը պաշտպանելը նշանակում է պահել Հայաստանի դարպասները։ Ով ասում է, թե Արցախը մոռանալով կփրկենք Հայաստանը, նա բացում է թշնամու ախորժակը՝ Սյունիքի, Վայոց Ձորի, Տավուշի ու Երևանի համար։

Սիրելի՛ հայրենակիցներ, 

Մենք Ցեղասպանության միջազգային  ճանաչումը պահանջում ենք ոչ միայն անցյալի , այլ նաև այսօրվա և ապագայի համար։ Եթե աշխարհը չի ճանաչում երեկվա ոճիրը, դա լեգիտիմություն է նոր ոճիրների համար: Ցեղասպանության ուրացումը կանաչ լույս է նոր ցեղասպանության համար: Հետևաբար  սատարել  Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչմանը, նշանակում է սատարել և պաշտպանել  մեր անվտանգությունը,  ոչ թե վտանգել այն:

111 տարի առաջ մեզ ցեղասպանած երկիրն այսօր էլ շարունակում է Հայաստանի շրջափակումը։ Փակ պահելով մեր սահմանը Թուրքիան պահանջում է ուրանալ Հայոց Ցեղասպանությունը, այն դարձնել քննարկման առարկա, վաճառել մեր նախնիների արյունը ու այս ամենը գթասրտության անորոշ մի խոստման դիմաց։

Մենք հստակ արձանագրում ենք՝ Թուրքիան ինքն է փակել հայ-թուրքական սահմանը ու այն պետք է բացի առանց որևէ նախապայմանի։

Մեր պատմությունը քննարկման ու վաճառքի առարկա չէ, ու մեր նկատմամբ իրականացված ցեղասպանությունը չի կարող հիմա էլ բանակցային ճնշման գործիք դառնալ մեր դեմ։

Մեր սրբադասված նահատակները մեզ մեկ պատգամ են թողել՝ այլևս երբեք գաղթական չդառնալ սեփական հայրենիքում։

Ուրեմն ջահերով երթը մեր ժողովրդի պատասխանն է մեզ պարտադրվող ուրացմանը, նահանջին ու լռությանը:

Մենք հաշտ չենք այս իրավիճակի հետ.

Չենք պատրաստվում զիջել մեր բոլոր իրավունքները:

Չենք պատրաստվում նորից հանձնվել Թուրքիայի ու Ադրբեջանի գթասրտությանը, որովհետև տեսել ենք դրա հետևանքները:

Մենք ցեղասպանությունից հետո ոտքի կանգնած, պետություն կերտած ժողովուրդ ենք, ուրեմն կարող ենք շրջել և պարտավոր ենք շրջել  ամոթի ու խարանի այս էջը:

Մենք Սարդարապատ հաղթած ժողովուրդ ենք, ուրեմն կարող ենք հաղթահարել նաև այս դժվարությունները:

Սիրելի՛ հայրենակիցներ,

Մենք այս պայքարը մղում ենք բոլոր հայերի համար, անկախ քաղաքական նախասիրություններից, անկախ մեր նկատմամբ իրենց վերաբերմունքից, որովհետև գիտենք, որ ցեղասպանները չեն ճանաչում կուսակցական պատկանելիություն կամ քաղաքական նախասիրություն:

Ուրեմն հանուն մեր նահատակների, հանուն  մեր հերոսների, բայց նաև մեր զավակների և ապագա սերունդների՝ մենք պետք է ոտքի կանգնենք , միասնական ջանքերով մերժենք այս պառակտումը, ուրացումն ու դավաճանությունը և կառուցենք անվտանգ ու մրցունակ  Հայաստան, որը տեր կկանգնի իր ժողովրդի հավաքական իրավունքներին, իր ինքնիշխանությանն ու ինքնությանը:

Ուրեմն պայքար, աննահանջ պայքար

Մեր պայքարի ջահը չի՜  հանգչելու»։