Միասին կարող ենք
կարևոր
739 դիտում, 2 ժամ առաջ - 2026-04-07 10:16
Հասարակություն

Խաղաղության մասին խոսող իշխանությունը՝ զորահանդեսի է պատրաստվում. «Ժողովուրդ»

Խաղաղության մասին խոսող իշխանությունը՝ զորահանդեսի է պատրաստվում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ իշխանությունները նախատեսում են մայիսի 28-ին՝ Հայաստանի Առաջին Հանրապետության օրվա առթիվ, Հանրապետության հրապարակում անցկացնել լայնամասշտաբ զորահանդես։ Ըստ նույն աղբյուրի՝ նախատեսվում է ցուցադրել վերջին տարիներին ձեռք բերված ամբողջ զինտեխնիկան՝ փորձելով ստեղծել մի տպավորություն, թե իբր վերջին տասնամյակներում նման ծավալի սպառազինում չի իրականացվել։

Եթե այս տեղեկությունը հաստատվի, ապա ստացվում է չափազանց ուշագրավ և խոր հակասություններով լի պատկեր։ Խաղաղության օրակարգի մասին ամեն օր խոսող, իրեն «խաղաղության կուսակցություն» ներկայացնող իշխանությունը, փաստորեն, պատրաստվում է հենց մայրաքաղաքի կենտրոնում զինտեխնիկայի ցուցադրությամբ քաղաքական ուղերձ հղել հանրությանը։ Ընդ որում՝ ոչ միայն արտաքին լսարանին, այլ առաջին հերթին՝ ներքին սպառման համար՝ ցույց տալու, թե իր օրոք բանակաշինության և սպառազինման աննախադեպ փուլ է եղել։

Այս փորձը, ըստ էության, նաև քաղաքական համեմատության փորձ է։ ՔՊ-ն ակնհայտորեն ձգտում է իրեն նույն հարթության մեջ դնել այն շրջանի հետ, երբ պաշտպանության, բանակի, պետականության և հաղթանակի գաղափարները մարմնավորվում էին Վազգեն Սարգսյանի ժամանակների պետական մտածողության մեջ։ Սակայն այստեղ կա մի հիմնարար խնդիր․ նման համեմատությունը չի կարող համոզիչ լինել, երբ այն արվում է ոչ թե նույն արժեքային համակարգի, այլ դրա գրեթե հակառակ քաղաքական վարքագծի պայմաններում։

Սա անում է մի իշխանություն, որը տարիներ շարունակ հետևողականորեն դուրս է մղել ազգային հիշողության, հերոսության և դիմադրության խորհրդանիշները հանրային կրթական ու գաղափարական տարածքներից։ Մի իշխանություն, որի օրոք դպրոցներից և բուհերից հանվում են փառքի անկյունները։ Մի իշխանություն, որի վարքագծում գնալով ավելի նկատելի է դառնում 1915 թվականի ցեղասպանության հիշողությունը նսեմացնելու, այն երկրորդականացնելու կամ մոռացության տալու վտանգավոր միտումը։ Մի իշխանություն, որը սեփական ընդդիմախոսներին մեղադրում է «ագրեսիվ խոսույթի», պատերազմ հրահրելու, խաղաղությունը խաթարելու մեջ, բայց հիմա, փաստորեն, պատրաստվում է հենց ինքն օգտագործել բանակն ու զինտեխնիկան որպես քաղաքական ցուցադրության գործիք։

Հակասությունն առավել ակնառու է դառնում այն պատճառով, որ նույն իշխանությունը հանրությանը տարիներ շարունակ բաժանել է շատ պարզունակ բանաձևով՝ իրենք խաղաղության կողմնակիցներն են, իսկ իրենց քննադատողները՝ պատերազմի։ Այդ քարոզչական գիծը մշտապես օգտագործվել է ներքաղաքական պայքարում՝ ընդդիմախոսներին վարկաբեկելու, նրանց խոսքն արժեզրկելու և ցանկացած կոշտ քննադատություն «պատերազմատենչության» դաշտ հրելու համար։ Հիմա, սակայն, նույն իշխանությունը փորձում է զինված ուժերի, զենքի և ռազմական ցուցադրության միջոցով կապիտալիզացնել իր քաղաքական դիրքերը։

Եթե ՔՊ-ն իսկապես պատրաստվում է մայիսի 28-ը վերածել զինտեխնիկայի ցուցադրական շքերթի, ապա պետք է արձանագրել՝ սա ոչ միայն խորհրդանշական միջոցառում է, այլև ինքնախոստովանական քայլ։ Սա նշանակում է, որ իշխանությունն ինքն էլ է հասկանում՝ խաղաղության մասին անվերջ խոսելով չի կարող այլևս հանրությանը համոզել իր արդյունավետության մեջ և ստիպված է դիմել այն պատկերներին ու սիմվոլներին, որոնցից մինչև հիմա խուսափել է կամ որոնք փորձել է արժեզրկել։

Այս պատմության ամենախորքային շերտն այն է, որ այստեղ գործ ունենք ոչ թե գաղափարական ամբողջականության, այլ քաղաքական հարմարության հետ։ Երբ պետք է մեղադրել ընդդիմախոսներին՝ գործի է դրվում խաղաղության խոսույթը։ Երբ պետք է ուժ, պետություն, բանակ, վերահսկողություն ու ազդեցություն ցուցադրել՝ հրապարակ է բերվում զինտեխնիկան։ Այսինքն՝ իշխանությունը փորձում է միաժամանակ խոսել խաղաղությունից և օգտվել պատերազմի ու բանակի սիմվոլիկ կապիտալից։

Բայց այդ փորձը դժվար է ընկալել անկեղծ, երբ այն գալիս է նույն ձեռքից, որը տարիներ շարունակ մղել է հիշողության, ազգային դիմադրության ու արժանապատվության նահանջի քաղաքականություն։ Եվ որքան էլ փորձ արվի մայիսի 28-ի հնարավոր զորահանդեսը ներկայացնել որպես պետական հպարտության ակտ, այն միևնույնն է կմնա նաև որպես քաղաքական հակասության խոշոր ցուցադրություն․ խաղաղության մասին խոսող իշխանությունը, ի վերջո, իր քաղաքական դիրքը փրկելու համար կրկին ստիպված է դիմել ուժի պատկերին»։