Միասին կարող ենք
կարևոր
1456 դիտում, 1 օր առաջ - 2026-04-04 21:00
Քաղաքական

«ՀՀԿ-ն իրական ընդդիմությանը համատեղ պայքարի հետևյալ առաջարկություններն է ներկայացնում»․ Սերժ Սարգսյան

««Հանրապետական» կուսակցությունը իրական ընդդիմությանը ներկայացնում է հետևյալ առաջարկները՝ որպես մոտակա ժամանակահատվածում համատեղ պայքարի գործնական քայլեր։ Ինչպես գիտեք, մայիսի 4-ին և 5-ին Երևանում կայանալու են երկու խոշոր միջոցառումներ՝ նախ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը, ապա Եվրամիություն–Հայաստան առաջին գագաթնաժողովը։ Վերջին տարիները ցույց են տվել, որ եվրոպական բարձրաստիճան ղեկավարները չեն ցանկանում տեսնել այն իրականությունը, որը գոյություն ունի Հայաստանում՝ գերադասելով իրենց սփոփել մեր երկրում ժողովրդավարության մասին քաղցրահունչ, բայց իրականությունից կիլոմետրերով հեռու հեքիաթներով։ Բռնազավթված Արցախ, էթնիկ զտման ենթարկված արցախահայության խնդիրներ, Արցախում հոշոտվող հոգևոր և մշակութային ժառանգություն, Բաքվի բանտերում պատանդառված հայեր, քաղաքական բանտարկյալներ Երևանում, անօրինական հարձակումներ ու ճնշումներ Հայ Առաքելական եկեղեցու վրա, խոսքի ազատության աննախադեպ սահմանափակումներ, իշխանազավթ քաղաքական ուժի կողմից հրահանգավորվող ոստիկանական ու դատական համակարգեր իրենց հակաօրինական գործողություններով։ Ահա այն ամենը, ինչ եվրոպացիները գերադասում են չնկատել»,- ՀՀԿ 18-րդ համագումարի ժամանակ ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։ 

Նրա խոսքով՝ որպես փորձառու և պատասխանատու կուսակցություն՝ առաջարկում են մյուս ընդդիմադիր ուժերին, որոնք ըստ էության զբաղված կլինեն բացառապես իրենց քարոզարշավներով, ՀՀԿ-ին վերապահել այդ միջոցառումների օրերին համատեղ ձեռնարկումներ մշակելու և իրականացնելու նախաձեռնությունը։

«Մի քանի տասնյակ բարձրաստիճան պատվիրակությունների՝ օրենքի և եվրոպական քաղաքական մշակույթի շրջանակներում պետք է ներկայացնել ամբողջ իրականությունը Հայաստանի ժողովրդավարության մասին։ Այն, ինչ այս ռեժիմը պլանավորել է որպես նախընտրական խնջույք, պետք է և կարող է դառնալ ընտրություններից առաջ մեր երկրի դառը իրականությունը ներկայացնելու առիթ։ Հանրապետականը կարող է այս ամենը համակարգել մյուս ընդդիմադիր ուժերի հետ համագործակցությամբ, եթե, իհարկե, նրանց կհետաքրքրի նման առաջարկը և եթե նրանք ժամանակ կգտնեն միանալու ու միասին զբաղվելու համազգային այս խնդիրներով»,-ասաց նա։