|
Փոխարժեքներ
18 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.46 |
| EUR | ⚊ | € 434.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.5869 |
| GBP | ⚊ | £ 502.89 |
| GEL | ⚊ | ₾ 138.74 |
Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոն հոդված է հրապարակել՝ վերնագրելով այն «2023 թվականի հայերի ցեղասպանությունը»։
Հավատս չէր գալիս։ Հայերը վերապրեցին մի նոր ցեղասպանություն։ 2023 թվականին Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղից՝ իր պատմական հայրենիքից հեռացրեց ամողջ հայ բնակչությանը և, ինչպես 1915 թվականին, բանտարկեց առաջնորդներին։ 2023 թվականի սեպտեմբերի 22-ին ՄԱԿ-ի Ցեղասպանության կանխարգելման հարցերով հատուկ խորհրդականը նախազգուշացնում էր Լեռնային Ղարաբաղում «ցեղասպանության վտանգի» մասին՝ փորձելով գործի դնել 153 պետությունների պարտավորությունը՝ կանխելու գալիք վտանգը։
Այս հարցը մի քանի շաբաթ ուշադրության արժանացավ արևմտյան լրատվամիջոցներում․ այն անվանվեց էթնիկ զտում, սակայն Համասի հարձակումներից և Իսրայելի ռազմական պատասխանից հետո այն անհետացավ վերնագրերից։
Հաջորդ մայիսին հնարավորություն կլինի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքները կրկին վերադարձնել միջազգային օրակարգ։
2026 թվականի մայիսի 4-ին Եվրոպայի ավելի քան քառասուն ազգային առաջնորդներ՝ ներառյալ ԵՄ անդամ չհանդիսացող երկրները, ինչպես Միացյալ Թագավորությունը, Նորվեգիան և Շվեյցարիան, կհավաքվեն Երևանում՝ մասնակցելու Եվրոպական քաղաքական համայնքի (EPC) 8-րդ գագաթնաժողովին։ Գագաթնաժողովի նպատակն է «համակարգել համատեղ ռազմավարական մարտահրավերներին ուղղված արձագանքները»։
Հաջորդ օրը կկայանա առաջին Հայաստան–ԵՄ գագաթնաժողովը, որին կմասնակցեն ԵՄ կառույցների ղեկավարներ՝ նպատակ ունենալով խորացնելու Հայաստանի ինտեգրումը Եվրոպայի հետ։
Լեռնային Ղարաբաղի թեման ներառված չէ հանդիպումների օրակարգում։ Սակայն այն անխուսափելիորեն կլինի։ Եվրոպական առաջնորդները կառերեսվեն այն իրականությանը, որ 120,000 մարդ բռնի կերպով հեռացվել է իր պատմական հայրենիքից և այժմ ապրում է Երևանում կամ նրա շուրջը։ Նրանց աշխատակազմերը առաջիկա շաբաթներին կպատրաստեն իրենց դիրքորոշումները։ Սա այն ժամանակն է, երբ պետք է ներգրավել նրանց՝ բացատրելու խնդիրը, պահանջելու գործողություններ և դիմելու նրանց՝ հստակ աջակցության խնդրանքով:
Նման նախադեպ գոյություն ունի. 2024 թվականի նոյեմբերին նախագահ Ալիևը կազմակերպեց COP 29-ը՝ նպատակ ունենալով Բաքվում հյուրընկալել համաշխարհային առաջնորդներին և ամրապնդել իր աշխարհաքաղաքական դիրքը։ Հազարավոր հայեր սոցիալական մեդիայի արշավ սկսեցին՝ պահանջելով ա) հարգել Ադրբեջանի կողմից սպառնալիքի տակ դրված Հայաստանի տարածքային ամբողջականությունը, բ) ազատ արձակել Բաքվում բանտարկված հայ պատանդներին և գ) հարգել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքները։ Նրանք մասամբ հաջողեցին՝ առաջին երկու հարցերը ներառվեցին արևմտյան օրակարգում, և Ալիևը բացման արարողությունը սկսեց՝ բողոքելով «արևմտյան առաջնորդների» բացակայությունից, որոնք, ըստ նրա, ներկա չէին «շատ լավ կազմակերպված արշավի» ազդեցությամբ։
Կարծես մայիսյան հանդիպումների թաքնված նպատակներից մեկը Հայաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը պաշտպանելն է։ 2022 թվականից ի վեր Ալիևը բազմիցս կոչ է արել «վերադառնալ Արևմտյան Ադրբեջան»՝ սպառնալով Հայաստանի որոշ հատվածների ռազմական օկուպացիայով։ Սակայն 2025 թվականի օգոստոսի 8-ին Հայաստանը և Ադրբեջանը Վաշինգտոնում ստորագրեցին համաձայնագիր՝ ճանաչելով Խորհրդային Միության ժամանակ սահմանված սահմանները և պարտավորվելով զերծ մնալ ուժի կիրառումից և միմյանց ներքին գործերին միջամտելուց։
Եվրոպական ներկայությունը Երևանում նպատակ ունի աջակցել այս համաձայնագրին և վերջ դնելու Ադրբեջանի սպառնալիքներին ու Հայաստանի դեմ հնարավոր գործողություններին։
Համաձայնագիրը չի ներառում Լեռնային Ղարաբաղից հայերի, այդ թվում՝ նրա նախկին առաջնորդների ազատ արձակումը, որոնք դատապարտվել են ռազմական դատարաններում, ինչը մարդու իրավունքների հիմնարար խախտում է։ Սակայն հայկական իշխանությունները հաստատեցին, որ կալանավորված անձանց հարցը շարունակում է մնալ իրենց օրակարգում։ Նախագահ Թրամփը խոստացավ աշխատել դրա ուղղությամբ, իսկ փոխնախագահ Վենսը պահանջեց նրանց ազատ արձակումը 2026 թվականի փետրվարին Հայաստան և Ադրբեջան կատարած իր այցի ընթացքում։
Այս պահին Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքները, ներառյալ նրանց՝ սեփական տներ վերադառնալու իրավունքը, պաշտոնապես ներառված չեն համաձայնագրում։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ինքն էլ ընդունել է, որ «առանց Ղարաբաղի հարցը փակելու խաղաղությունն անհնար է»։
Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքները բացառապես հայկական խնդիր չեն։ Ցեղասպանության ժխտումը վերաբերում է նաև ոչ հայերին, այդ թվում՝ ինձ։ Այն ազդում է քաղաքակրթության հիմքերի վրա։ Սա ևս մեկ մարտահրավեր է միջազգային իրավական համակարգին՝ ազդելով մարդկության խաղաղ ապրելու հնարավորության վրա։
1948 թվականին Ռաֆայել Լեմկինը դրդեց ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային ընդունել Ցեղասպանության մասին կոնվենցիան՝ սահմանելով պետությունների պարտականությունը առ այն, որ նրանք պետք է միջամտեն, երբ որևէ պետություն ցեղասպանություն է գործում սեփական ժողովրդի դեմ։ Կոնվենցիան ներկայացվեց որպես «Կյանքի և մշակույթի համընդհանուր խարտիա»։ Ութսուն տարի անց կյանքն ու մշակույթը գտնվում են անպաշտպան իրավիճակում՝ լինելով հարձակման տակ:
Ինչո՞ւ պետք է Եվրոպան լսի և գործի
Եվրոպական միությունը հիմնվել է «մարդու արժանապատվության, ազատության, ժողովրդավարության, հավասարության, իրավունքի գերակայության և մարդու իրավունքների հարգանքի արժեքների վրա» (ԵՄ կանոնադրության 2-րդ հոդված), և այս արժեքները կազմում են ԵՄ Հռչակագրի հիմնական, անքակտելի մասը։ Բացի այդ, բոլոր եվրոպական երկրները անդամ են Ցեղասպանության կոնվենցիայի, և, համաձայն դրա 1-ին հոդվածի, նրանք պարտավոր են «կանխել» ցեղասպանությունը։
Եվրոպացիների կողմից իրավական շրջանակի պահպանումը անհամապատասխան և անիրավաչափ է եղել. նրանք ժխտել են ցեղասպանությունը, անտեսել են Ադրբեջանի կողմից հայերի իրավունքների դեմ ուղղված գործողությունները և ցեղասպանությունը կանխելու իրենց պարտավորությունները։ Համապատասխանեցումը բարելավելու և վերոնշյալ դրույթը վերականգնելուհամար մենք պետք է ներկայացնենք խնդիրը և հիշատակենք նախորդ որոշումները։
2023 թվականի սեպտեմբերի 21-ին եվրոպացիները ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հատուկ նիստ հրավիրեցին՝ ի պատասխան Ադրբեջանի՝ Լեռնային Ղարաբաղի վրա օդային հարվածի։ Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարը բացեց քննարկումը և հստակ հայտարարեց.
«Զոհասեղանին Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության՝ այնտեղ ապրել շարունակելու հնարավորությունն է, որտեղ կհարգվեն իրենց իրավունքները, պատմությունը և մշակույթը։ Նման երաշխիք չի կարող գոյություն ունենալ, երբ ամենաուժեղը միտումնավոր ճնշում է գործադրում ամենաթույլերի վրա»։
Նշելով հանդիպման կարևորությունը Եվրոպայի համար՝ Մալթայի, Ալբանիայի և Գերմանիայի արտգործնախարարները, ինչպես նաև ԵՄ արտգործնախարարի բարձր ներկայացուցիչը, արտահայտեցին նման մտահոգություններ և բանակցություններ պահանջեցին Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների միջև։
Եվրոպական խորհրդարանը, նույնպես, այս հարցը պահել է օրակարգում։ 2025 թվականի հոկտեմբերի 30-ին Եվրանեսթի խորհրդարանական վեհաժողովի քաղաքական կոմիտեն բանաձև ընդունեց, որում հստակորեն հիշատակվում է «Ադրբեջանում հայ բանտարկյալների և նախկին Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզից տեղահանված հայերի չլուծված խնդիրները լուծելու անհրաժեշտության մասին»։
Վերջերս՝ 2026 թվականի մարտի 9-ին, Եվրոպական խորհրդարանի երեսունվեց անդամներ, որոնք ներկայացնում էին չորս տարբեր քաղաքական խմբեր, նամակ են հղել ԵՄ արտաքին գործերի գերագույն ներկայացուցիչ Կայա Կալլասին՝ մտահոգություն հայտնելով «Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների շարունակական ժխտման, այդ թվում՝ վերադարձի իրավունքի որևէ հավաստի շրջանակի բացակայության և տեղահանված անձանց համար տնտեսական փոխհատուցման կամ փոխհատուցման մեխանիզմների բացակայության» վերաբերյալ։
Նրանք կոչ արեցին «ԵՄ-Ադրբեջան գործընկերության և համագործակցության համաձայնագրում պարունակվող մարդու իրավունքների մասին կետի կիրառման համապարփակ վերանայում՝ հաշվի առնելով Ադրբեջանի կողմից հիմնարար իրավունքների մշտական և լուրջ խախտումները»։ Նրանք նաև պահանջեցին պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի և ռեժիմի անդամների նկատմամբ, որոնք պետք է ներառեն ԵՄ-ի՝ Մարդու իրավունքների ոլորտում պատժամիջոցների գլոբալ ռեժիմը (որը գործարկվել է 2020 թվականին)՝ հայերի դեմ կատարված ցեղասպանական գործողությունների համար։
Բաքվում Լեռնային Ղարաբաղի հայերի անօրինական դատապարտումը և վերադարձի իրավունքի հարցում շոշափելի առաջընթացի բացակայությունը երկու տարբեր խնդիրներ չեն: Դրանք ավելի լայն օրինաչափության մաս են կազմում՝ ամբողջացնելով Լեռնային Ղարաբաղի ցեղասպանության ժխտման և տեղի հայ բնակչությանը պատմությունից ջնջելու փորձը։ Հայաստանին սպառնացող գոյաբանական սպառնալիքը չի ավարտվել, չեն ավարտվել նաև էթնիկ զտումները։
Անցյալ հունվարին, ըստ հրապարակային աղբյուրների, Լեռնային Ղարաբաղում մնացած վերջին 10 հայերը հեռացել են։ Ի հավելումն այս ամենին, Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի քրիստոնյա հայկական մշակութային և կրոնական ժառանգությունը ոչնչացնելու հետևողական քաղաքականություն է վարում։
Պատանդներին ազատ արձակելու և Հայաստանը պաշտպանելու ու Լեռնային Ղարաբաղի ժողովրդին հարգելու նպատակով սոցիալական ցանցերում նոր արշավ է մեկնարկելու՝
# EuropeanPoliticalCommunity
#FreeArmenianHostages
#EUrespectEUCharter
Վերահրապարակելով կամ մեկնաբանելով՝ մենք կարող ենք մասնակցել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների պաշտպանությանը։
Մենք կարող ենք մասնակցել 2023 թվականի հայոց ցեղասպանության ժխտման դադարեցմանը։
Հայերին պաշտպանելը նշանակում է պաշտպանել քաղաքակրթությունը: