|
Փոխարժեքներ
16 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 432.96 |
| RUB | ⚊ | ₽ 4.6571 |
| GBP | ⚊ | £ 500.79 |
| GEL | ⚊ | ₾ 138.19 |
Լիբանանում շատ ծանր և անորոշ վիճակ է, դեռևս ելքը չի երևում։ Հակառակ նրան, որ Բեյրութն առաջարկում է ուղիղ բանակցություններ, պատրաստակամություն հայտնում սկսել Հըզբոլլահի զինաթափման գործողություններ, Իսրայելը դեռևս համաձայնություն չի տալիս։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Լիբանանում գործող «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր, վերլուծաբան Շահան Գանտահարյանը։
Նրա փոխանցմամբ՝ Լիբանանի կառավարությունը պատրաստ է գնալ Հըզբոլլահի զինաթափման, բայց դա դեռ հողի վրա չկա։ Ընդհանրապես Իսրայելը ծրագիր ունի՝ անվտանգության գոտի ձևավորել ներխուժման միջոցով։ Դրա համար, խոսում են բանակցությունների հնարավորության մասին, միևնույն ժամանակ սաստկացնում են հարվածները:
«Երկու օր առաջ արդեն գիտեք, որ Բուրջ Համուդի Նավա թաղամասը երկու անգամ հրթիռակոծվեց։ Ճիշտ է՝ հայ չի տուժել, ոչ նյութական, ոչ մարդկային վնաս ունենք, բայց երբ արդեն ավելի մոտ է լինում հարվածը, հոգեբանական ճնշող ազդեցություն է լինում։ Թիրախավորված էր այդ տարածքում Հըզբոլլահի հետ կապված ինչ-որ անձնավորություն»,- ասաց նա։
Գանտահարյանի խոսքով՝ բախման հիմնական գոտիները հարավում են, ինչպես նաև Բեյրութի հարավային արվարձաններում։ Սակայն, երբ իրենք թիրախավորված են աշխատում, և եթե թիրախը հայտնվի որևէ այլ վայրում, չեն խնայում՝ հարվածում են։ «Սա անորոշության և հավելյալ մտահոգության տեղիք է տալիս»,- նշեց նա։
Նրա խոսքով՝ իրավիճակը տարբերվում է նախորդ պատերազմից իր տարողությամբ, որովհետև տարածաշրջանային է։ Լիբանանը հայտնվել է երկրորդ թեժ կետում՝ Իրանից հետո, և փախստականների հսկայական ալիք կա, որոնց տուն վերադառնալը առնվազն կարճաժամկետ հատվածում տեսանելի չէ։ Նրանց ծրագիրը անվտանգության գոտի ձևավորելն է, ինչը նշանակում է անմարդաբնակ տարածքներ թողնել և դրանք վերցնել վերահսկողության տակ։
Այս պատերազմից բխող ծանրագույն հետևանքները հատկապես սոցիալական, մարդասիրական և տնտեսական են լինելու։ Առանց այդ էլ երկիրը արդեն ճգնաժամի մեջ էր։ Հետևանքների ծանրությունը և սղաճը արդեն զգում են քաղաքացիները, և դա բավական ճնշող ու մտահոգիչ իրավիճակ է ստեղծել։
Գանտահարյանը նշեց նաև, որ տարբերությունը այն է, որ եթե Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած հզոր պայթյունից հետո կային արաբական երկրներ, որոնք աջակցություն էին տրամադրում Լիբանանին՝ սննդի, դեղորայքի և առաջին անհրաժեշտության ապրանքների տեսքով, ապա հիմա այդ երկրները ևս հայտնվել են պատերազմական իրավիճակի մեջ։ Պատերազմը տարածաշրջանային է, և այս պայմաններում մարդասիրական օգնություն ակնկալել նրանցից արդեն դժվար է։
Ինչ վերաբերում է հայ համայնքին, վերլուծաբանը նշում է, որ անվտանգային առումով այն հեռու է վտանգից, բայց կրում է երկրի սոցիալ-տնտեսական ողջ ծանրությունը։ Օդանավակայանը գործում է, թռիչքներ դեպի Երևան կան։ Մինչ պատերազմի սկսվելը մի քանի մշակութային խմբեր կային՝ Հայաստանից Լիբանան եկած, նրանց վերադարձը արագ ապահովվեց։ Սակայն, այնպես չէ, որ համայնքի բնակիչները ցանկանում են թողնել իրենց տները և մեկնել Հայաստան կամ այլ ուղղությամբ․ կա ծանր սպասողական վիճակ։
Նա կարևորեց երեք հայկական կուսակցությունների միջև խորհրդակցության անցկացումը, արտակարգ նիստ գումարվեց, քննարկվեց անվտանգային իրավիճակը և կոչ արվեց հայկական կազմակերպություններին հեռու մնալ լարվածություններից, որովհետև կա նաև ներլիբանանյան լարվածություն։ Ի տարբերություն նախորդ պատերազմի՝ այժմ կա նախագահ, վարչապետ և կառավարության որոշում՝ Հըզբոլլահի ռազմական գործունեությունը արգելելու մասին։
Սակայն, ըստ Գանտահարյանի, դա գետնի վրա շատ հնարավոր չէ, որովհետև Հըզբոլլահը հզոր ստորաբաժանում է։ Բայց սա միջազգային համայնքին ուղղված ուղերձ էր, որ պաշտոնական Բեյրութը հստակեցրել է իր դիրքորոշումը, որպեսզի Իսրայելը չհարվածի Լիբանանի այլ հատվածների։
Այս ամենի հետ միասին, ըստ նրա, կարևոր է, որ հայ համայնքը միասնական է և որևէ ձևով ներքին քաղաքական հարցերին չի խառնվում։ Լիբանանում շիա համայնքը մեծ է, և որքան էլ Հեզբոլլահը զինաթափելու որոշում լինի, քաղաքական առումով շիա համայնքը աջակցում է Հըզբոլլահին։Նա նշեց նաև, որ կոչ է արվել հայկական բարեսիրական կազմակերպություններին պատրաստ լինել հետագա սոցիալական աշխատանքներին, որովհետև արդեն հստակ տեսանելի է, որ պատերազմի ընթացքում և ավարտից հետո դրա հետևանքները հաղթահարելու կարիք է լինելու։
Հայաստանից այս պահին պետական մակարդակով որևէ աշխատանք չկա։ Պարզապես նոր դեսպանը խորհրդակցում է համայնքի կառույցների հետ, այսքանը»,- ասաց Գանտահարյանը։
Եզրափակելով՝ Գանտահարյանը նշեց, որ կարևոր է հասկանալ նաև, որ այս պատերազմը մեծ տնտեսական պատերազմ է։ Նրա խոսքով՝ այն սկսվել է Վենեսուելայից, շարունակվում է Իրանի շուրջ զարգացումներով։ Երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոսում է Գրենլանդիայի կամ Կուբայի մասին, պարզ է դառնում, որ աշխարհում ընթանում է պայքար օգտակար հանածոների և էներգետիկ ռեսուրսների նկատմամբ վերահսկողություն ձեռք բերելու համար։
Նրա խոսքով՝ եթե Վենեսուելայի պարագայում Մադուրոյին գերեվարելով փորձեցին արագ լուծել հարցը, ապա Իրանի պարագայում նույն սցենարը չաշխատեց։ Առաջնորդին սպանելով՝ չստացան Իրանի վարչակարգի փոփոխությունը։