|
Փոխարժեքներ
18 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.04 |
| EUR | ⚊ | € 427.96 |
| RUB | ⚊ | ₽ 5.0736 |
| GBP | ⚊ | £ 491.3 |
| GEL | ⚊ | ₾ 137.59 |
«Այս իշխանության տարածած կեղծ և մոլորեցնող թեզերից մեկն այն է, որ ժողովրդավարությունը անվտանգության և խաղաղության երաշխավորն է: Նույնիսկ մի ժամանակ փորձում էին հասարակությանը դնել երկընտրանքի առջև, թե ո՞րն է գերակա կամ նախընտրելի` ժողովրդավարությո՞ւնը, թե՞ անվտանգությունը: Դեռ մի կողմ թողնենք այն հանգամանքը, որ իրենք ո’չ ժողովրդավար են, և ո’չ էլ կարողունակ ապահովելու քաղաքացու և երկրի անվտանգությունը` իրենք իսկ լինելով սպառնալիք ինչպես ժողովրդավարությանն, այնպես էլ քաղաքացու և պետության անվտանգությանը:
Թեպետ, ինչպես ասվում է, ժողովրդավարությունը ցայսօր գտնված կառավարման լավագույն մոդելն է, այսուհանդերձ, ընդհանուր առմամբ, այն պետք է գործուն կերպով առանցքված լինի որոշակի արժեհամակարգով` արդարությամբ, ճշմարտությամբ, իրավունքով, պատասխանատվությամբ և մարդու պատվով և արժանապատվությամբ: Այլապես այն կվերածվի կեղծիքի և չարիքի` ինքնահարմար և ինքնահնար, ինչպես պիղատոսյան «ժողովրդավարությունն» էր, որի հետևանքով Արդարը ստորադասվեց անարդարին:
Հետևաբար, ժողովրդավարությունը սոսկ միջոց է և ոչ վերջնանպատակ և առավել ևս չի կարող լինել խաղաղության երաշխավոր ո’չ ներքին կյանքում, և ո’չ էլ արտաքին մարտահրավերների դիմաց: Ավելին, ժամանակակից աշխարհում ամենազազրելի հանցագործություններն իրականացվում են ժողովրդավարության պաստառի ներքո` և’ «ժողովրդավարների» կողմից, և’ «ժողովրդավարության» պահանջներին զոհ դարձող քաղաքացիների և երկրների նկատմամբ:
Այսպիսի քայքայված և աղճատված ժողովրդավարությունը ինչպե՞ս կարող է երաշխավոր լինել խաղաղության, երբ ժողովրդավարությունն ինքը կարիք ունի պաշտպանության և երաշխավորության:
Հետևաբար, նման ժողովրդավարությունը ինքնին սպառնալիք է ներհանրային խաղաղության և հաշտության նկատմամբ, ինչպես և` անկարող որևէ կերպով երաշխիք լինել արտաքին սպառնալիքի դիմաց:
Ամփոփելով, կրկին ցանկանում եմ նշել, որ ժողովրդավարությունը չի կարող ամբողջանալ առանց բարոյագիտական հիմքի և գիտակցության` միտված արդարության հաստատմանը, համընդհանուր բարիքի ստեղծմանը և մարդու արժանապատվության գնահատմանը, առանց որոնց խաղաղությունը կմնա պատրանք. «Տերը արդարություն է սիրում, Ճշմարտությանն է նայում երեսը Նրա» (Սաղմ. 10:7):
Ի վերջո ակնհայտ է, որ ժողովրդավարության «գեղեցիկ» պաստառի ներքո աշխարհում բախումներն ու պատերազմները տեղի են ունենում տնտեսական և նյութական շահի գերակայություն և գերիշխանություն ունենալու նպատակով` սպասարկելով սպառողականությանը, բազմերանգ ներկայացող «աշխարհիկությանը», մեղքի ժխտողականությանը (externalization), բարոյականության հարաբերականությանը (relativizm) փորձելով մարդուն վերածել սոսկ տնտեսական միավորի թվանշանի արժեքով:
Շարունակելի…»։
Բագրատ արք. Գալստանյան