Միասին կարող ենք
կարևոր
664 դիտում, 1 ժամ առաջ - 2026-05-18 11:50
Քաղաքական

Պետք է ընտրել այն քաղաքական ուժին, որի անցած ճանապարհը կարող է անվտանգ ապագայի երաշխիք լինել. Ռուբինա Պետրոսյան

Պետք է ընտրել այն քաղաքական ուժին, որի անցած ճանապարհը կարող է անվտանգ ապագայի երաշխիք լինել. Ռուբինա Պետրոսյան

«Հայաստան» դաշինքի անդամ, փաստաբան Ռուբինա Պետրոսյանը գրում է․

«Այս օրերին հանրապետությունը ողողված է նախընտրական քարոզչությամբ։ Քաղաքական ուժերն ամեն կերպ փորձում են շահել ընտրողի վստահությունը, և շատերի համար ընտրությունը կարող է դժվար թվալ։ Սակայն իրականում կողմնորոշվելն այնքան էլ բարդ չէ, եթե սթափ գնահատենք այն իրավիճակը, որում հայտնվել է Հայաստանը։

Այսօր մեր երկիրը կանգնած է խորքային ճգնաժամի առաջ՝ անվտանգային, քաղաքական, տնտեսական և բարոյահոգեբանական։ Այդ ճգնաժամը կարող է ավելի խորանալ, եթե կրկնենք 2021 թվականի խորհրդարանական ընտրությունների սխալը և ևս հինգ տարով երկրի կառավարումը վստահենք նույն ուժին։

Մենք ապրում ենք վճռորոշ ժամանակաշրջան։ Մեր առաջ կանգնած է հստակ ընտրություն՝ կամ ցուցաբերել պետական հասունություն և հաղթահարել բազմաշերտ ճգնաժամը, կամ սեփական անտարբերությամբ ու սխալ որոշումներով այն ավելի խորացնել՝ պետությունը տանելով նոր կորուստների և անկման։

Որպեսզի վստահ լինենք, որ իսկապես կատարել ենք ճիշտ ընտրություն, պիտի ընտրենք այն քաղաքական ուժին,

1) որի անցած ճանապարհը կարող է ԱՆՎՏԱՆԳ ԱՊԱԳԱՅԻ երաշխիք լինել.

2) որի ներկայությունը երկրի ղեկին կլինի թշնամուն զսպող առաջին կարևոր ազդակը, և թշնամին չի համարձակվի ինչ-որ պատրվակով կամ առանց պատրվակի կրկին ներխուժելու մեր երկրի սահմաններից ներս՝ մեզ պատճառելով տարածքային և մարդկային կորուստներ.

3) որն ունի տնտեսական և սոցիալական բարեփոխումներ իրականացնելու, հետևաբար մեր բոլորիս կյանքի որակը բարձրացնելու դրական փորձ: Իսկ այդպիսի փորձը երաշխիք է, որ նրա նորոգված կրկնությունը կարող է երկիրը դուրս բերել այսօրվա աղետալի վիճակից.

4) որը կառաջնորդվի ոչ թե՝ բաժանիր, որ տիրես սկզբունքով, այլ ներքին համերաշխության մթնոլորտ ձևավորելու մղումով, որովհետև ներքին թշնամանքն ավելի վտանգավոր և կործանարար է, քան նույնիսկ արտաքին ուժեղ թշնամին: Մեր պատմությունը վկայում է՝ երբ միաբան ենք եղել, եղել ենք անպարտելի: Դրա վառ օրինակը Արցախյան առաջին ազատամարտն է: Եվ, ընդհակառակն, երբ ոմանք, այդ պահի իրենց անձնական շահը գերադասելով, սերմանել են անմիաբանություն, պարտությունը, որպես կանոն, դարձել է անխուսափելի: Իսկ սրա վառ օրինակը 44-օրյա պատերազմն է՝ իր հետագա շարունակությամբ:

Երկիրը ներկայիս ճգնաժամից դուրս բերելու համար անհրաժեշտ են կառավարման փորձ, քաղաքական պատասխանատվություն և պետական մտածողություն ունեցող ուժեր, որոնք իրենց գործունեությամբ ապացուցել են հետևողականություն և հստակ դիրքորոշում»։