կարևոր
3517 դիտում, 1 տարի առաջ - 2022-11-21 12:11
Քաղաքական

Բաքուն Մոսկվային ընկալում է իբրև իր շտապողականության արգելք. Շահան Գանտահարյան

Բաքուն Մոսկվային ընկալում է իբրև իր շտապողականության արգելք. Շահան Գանտահարյան

Radar Armenia-ի զրուցակիցը «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր, միջազգայնագետ, վերլուծաբան Շահան Գանտահարյանն է։

-Իլհամ Ալիևը հայտարարել է, թե պատրաստ են խոսել Ղարաբաղում ապրող հայերի հետ, բայց ոչ՝ Մոսկվայի կողմից ուղարկված Վարդանյանի պես մարդկանց հետ։ Այս հայտարարության հասցեատերը Արցա՞խն է, թե՞ Մոսկվան։ Ի՞նչ է փորձում հասկացնել Ալիևը։

-Ադրբեջանի նախագահի նախկին հայտարարությունը պետք է հիշել առ այն, որ Բաքուն ինքը կորոշի, թե երբ և ոնց կխոսի «Ադրբեջանի մաս կազմող Ղարաբաղի» ժողովրդի հետ։ Բնականաբար, դա ենթադրում է, որ Ալիևը հրաժարվելու է Ստեփանակերտի ներկայացուցիչների հետ բանակցել։ Բայց այստեղ ճիշտ մատնանշեցիք՝ կա ուղերձ նաև Մոսկվային։ Բաքվին անհանգստացնում են Մոսկվայի մոտեցումները՝ խաղաղապահ առաքելության ժամկետի հետաձգման, կարգավիճակի ճշտման համար բանակցությունների շարունակման առումներով։

-Ալիևին ինչո՞ւ է անհանգստացնում Արցախում Ռուբեն Վարդանյանի ներկայությունը՝ հաշվի առնելով այս հայտարարությունը։

-Բաքուն փորձում է գործընթացը տանել «Ղարաբաղի հարցն անցյալ է» տրամաբանությամբ։ Անհանգիստ է Մոսկվայի միջնորդությամբ և շտապում է, քանի դեռ աշխարհաքաղաքական կամ տարածաշրջանային իրավիճակի չի փոխվել, լուծել խնդիրը իր մոտեցմամբ։ Բաքուն Մոսկվային ընկալում է իբրև իր շտապողականության արգելք։ Ռուբեն Վարդանյանին Մոսկվայի ներկայացուցիչ համարելով՝ Բաքուն իր այս անհանգստությունն է բացահայտում։

– ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ հայտարարել է, որ Հայաստանն առաջարկում է Ադրբեջանի հետ ստորագրել շրջանակային պայմանագիր՝ չխորանալով դետալների մեջ։ Ձեր կարծիքով՝ ո՞ր տարբերական է ավելի նպաստավոր Հայաստանի ու Արցախի համար։

-Կարծում եմ՝ հայկական կողմի ռազմավարական նպատակը ներկա պահին պիտի լինի գործընթացի ձգումը։ Եվ դրա համար կան միջազգային նախադրյալներ։ Իրանը վճռակամ է իր սահմանամերձ գոտու կարգավիճակը չփոխելու հարցում։ Մոսկվան ուզում է իր խաղաղապահ առաքելության ժամկետը երկարաձգել, իսկ Վաշինգտոնը պարզ դարձրեց, որ հայ-ադրբեջանական տարաձայնությունները թազմաթիվ են, ինչը ենթադրում է ժամանակ։ Անգամ որպես օրինակ ցույց տվեց ԱՄՆ միջնորդությամբ կայացած Իսրայել-Լիբանան ծովային սահմանագծման համաձայնությունը։ Գործընթացից տեղեկացվածները լավ գիտեն, թե դա ժամանակի և ելևեջների իմաստով ինչ է նշանակում։ Ուրեմն կան աշխարհաքաղաքական նախադրյալներ, որ թուրք-ադրբեջանական շտապողականությունը չի աշխատելու։