|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Լիբանանում ՀՅԴ-ի և նորընտիր նախագահի հարաբերությունները սերտ են. Yerkir.am-ի հետ զրույցում ասաց Բեյրութում լույս տեսնող «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը՝ անդրադառնալով Լիբանանի նախագահ Միշել Աունի ընտրությանը:
«Դաշնակցության և Լիբանանի նորընտիր նախագահ՝ զորավար Աունի միջև հարաբերություններն ունեն անցյալի պատմություն: Երբ նա աքսորից վերադարձավ և ցանկացավ մասնակցել խորհրդարանական ընտրություններին, Դաշնակցության հետ ընտրական դաշինք կնքեց, հետո նաև գլխավորեց խորհրդարանական մեծագույն խմբակցություններից մեկը, որտեղ հրավիրված էին նաև Դաշնակցության առաջադրած պատգամավորները»,- նշեց մեր զրուցակիցը:
Նրա խոսքով՝ արտասահման աշխատանքային գործուղումների ժամանակ Աունը անպայման նկատի է առել տվյալ երկրում հայ համայնքի կենտրոնատեղիները՝ այցելելով հոգևոր և ազգային կենտրոններ ու հանդիպումներ ունենալով Հայ Յեղափոխական Դաշնակցության ներկայացուցիչների հետ:
Գանտահարյանը նշեց, որ հատկանշական է եղել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ Աունի քաղաքական ելույթը, որում նա խոսել է Թուրքիայի պատմության՝ Հայոց ցեղասպանության իրագործման մասին, ինչպես նաև մատնանշել ներկայումս տարածաշրջանում քրիստոնյա ազգաբնակչության դեմ իրականացվող քաղաքականության մեջ Անկարայի դերակատարությունը:
Գանտահարյանը վստահեցրեց նաև, որ Լիբանանի նորընտիր նախագահը քաջատեղյակ է հայկական հարցերին, և նրա ղեկավարած խմբակցությունը սերտ կապերի մեջ է ՀՅԴ Լիբանանի կառույցի հետ:
Ընտրություններից անմիջապես հետո համացանցում լայնորեն տարածում գտած` Միշել Աունի՝ ՀՅԴ զինանշանի տակ արված լուսանկարի մասին մեր զրուցակիցը հայտնեց, որ այն արվել է ՀՅԴ Լիբանանի կենտրանական գրասենյակում, երբ Աունն այցելել էր Կենտրոնական կոմիտե:
Հիշեցնենք, որ երկու տարի անց Լիբանանում խորհրդարանի կողմից նախագահ ընտրվեց բանակի նախկին հրամանատար, նախկին վարչապետ, խորհրդարանի մեծագույն խմբակցություններից մեկի ղեկավար Միշել Աունը: