|
Փոխարժեքներ
12 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.44 |
| EUR | ⚊ | € 436.25 |
| RUB | ⚊ | ₽ 4.7633 |
| GBP | ⚊ | £ 505.51 |
| GEL | ⚊ | ₾ 138.23 |
ՍԴ-ն հրապարակեց ՀԷՑ-ը խլելու վերաբերյալ իշխանությունների ընդունած օրենքի սահմանադրականության հարցով որոշման եզրափակիչ մասը։ ՍԴ-ն մամուլի հաղորդագրություն է տարածել՝ նշելով․
«10.03.2026թ. Սահմանադրական դատարանն ավարտեց «ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԹՎԻ ԱՌՆՎԱԶՆ ՄԵԿ ՀԻՆԳԵՐՈՐԴԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ «ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ 17-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ «Գ» ԿԵՏԻ, 27-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2.1-ԻՆ ՄԱՍԻ, 52.1-ԻՆ ՀՈԴՎԱԾԻ 1-3-ՐԴ ՄԱՍԵՐԻ ԵՎ «ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՄԱՐՄՆԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ 36-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 9-ՐԴ ՄԱՍԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» գործով քննությունը, և Դատարանը հեռացավ խորհրդակցությունների սենյակ՝ որոշում կայացնելու համար: Այսօր հրապարակվեց Սահմանադրական դատարանի որոշումը, որի եզրափակիչ մասում նշվում է.
Սահմանադրական դատարանը Ո Ր Ո Շ Ե Ց .
1. «Էներգետիկայի մասին» օրենքի 17-րդ հոդվածի «գ» կետը համապատասխանում է Սահմանադրությանը:
2. «Էներգետիկայի մասին» օրենքի 27-րդ հոդվածի 2.1-ին մասը համապատասխանում է Սահմանադրությանը:
3. «Էներգետիկայի մասին» օրենքի 52.1-ին հոդվածի 1-ին, 2 և 3-րդ մասերը համապատասխանում են Սահմանադրությանը։
4․ «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» օրենքի 36-րդ հոդվածի 9-րդ մասը համապատասխանում է Սահմանադրությանը:
5. Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։
Մյուս մասերով գործի վարույթը կարճվել է:
Սահմանադրական դատարանի որոշումն ամբողջությամբ կհրապարակվի օրենքով սահմանված կարգով՝ եռօրյա ժամկետում»։
Հիշեցնենք, որ «Տաշիր» գրուպի սեփականատեր, բարերար Սամվել Կարախետյանի՝ ի պաշտպանություն ՀԱՍԵ արված հայտարարություններին հաջորդել են իշխանությունների կողմից ՀԷՑ-ը խլելու օպերացիան՝ զուգորդված նաև գործադիրի ղեկավարի հայտարարություններով։ Ընդ որում, գործարարի պաշտպանությունը եկեղեցուն իրավապահները «գնահատել» են որպես «իշխանության յուրացման կոչ» և կալանավորել նրան։
ՔՊ-ն ընդամենը երկու շաբաթվա ընթացքում մշակեց օրենսդրական փոփոխությունների նախագիծ, որը հնարավորություն է տալիս գործադիրին վերցնել ՀԷՑ-ի կառավարումը: ՔՊ-ի ներկայացրած օրենսդրական փաթեթը հենց ՔՊ-ի կողմից էլ ընդունվեց ԱԺ արտահերթ նիստում՝ 24 ժամվա ընթացքում: Մասնագիտական համայնքը մտահոգված է՝ գույքերի պետականացման իրավական և իրավաչափ որևէ գործիքակազմ չկա և չի էլ կարող լինել, իսկ եթե Նիկոլ Փաշինյանի կողմից է հայտարարվում այդ գործընթացի մասին, ապա դա ոչ այլ ինչ է, քան՝ «բիզնես խլելու» գործընթաց և սահմանադրական կարգի տապալում, ինչն անընդունելի է իրավական պետությունում։ Ավելին, մասնագիտական հանրությունը վստահ է, որ այս գործընթացը, որն ի սկզբանե քաղաքական է, տապալված է՝ միջազգային ատյաններում և որ վաղ, թե ուշ՝ այս գործընթացի հետևանքով հերթական վճիռն է լինելու՝ ընդդեմ ՀՀ-ի, իսկ ֆինանսական բեռը տարածվելու է ՀՀ հարկատուների վրա, այսինքն՝ այս իշխանությունների ապօրինությունների բեռը տարածվելու է քաղաքացիների վրա։